‘Walk Free. Հայաստանը 57-րդն է «Ստրկության համաշխարհային ինդեքս» աղյուսակում’

847

Ավստրալիական Walk Free հիմնադրամը հրապարակել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» ամենամյա զեկույցը, որում Հայաստանն զբաղեցրել է 57-րդ տեղը: Ինչպես նշվում է զեկույցում, հետազոտությանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 162 երկիր:

Հրապարակման համաձայն, Հայաստանում ավելի քան 10 հազար մարդ ստրկական պայմաններում է ապրում: Հարևան Ադրբեջանը  51-րդ տեղում է, Վրաստանը՝ 50-րդ: Վրաստանում ստրկական պայմաններում է գտնվում ավելի քան 16 հազար մարդ, Ադրբեջանում` ավելի քան 33 հազար:

Ռուսաստանն զբաղեցրել է 49-րդ տեղը: Հետազոտության հեղինակների տվյալներով, Ռուսաստանում ստրկական պայմաններում է ապրում 490-540 հազար մարդ: Եթե երկրի բնակչության թվի համեմատ ստրուկների բաժինը համեմատաբար մեծ չէ, ապա ստրկության մեջ գտնվող մարդկանց բացարձակ թվով ՌԴ վեցերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, նշում են «Ստրկության համաշխարհային ինդեքս 2013» զեկույցի հեղինակները:  

Ստրկության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում են Մավրիտանիան, Հայիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոդ դ`Իվուարը, Գամբիան և Գաբոնը: Ստրկության ամենացածր մակարդակ է արձանագրվել Իսլանդիայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում, որոնք վարկանշային աղյուսակում կիսում են 160-րդ տեղը: Ստրկությունից առավել ազատ երկրների տասնյակում են նաև Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան:

Ավելացնենք, որ Walk Free Foundation-ի աշխարհի տարբեր երկրներում ստրկության մակարդակի վարկանիշային աղյուսակը ներկայացվել է առաջին անգամ: Դրա հեղինակների տվյալներով, ժամանակակից ստրկության չափանիշներին համապատասխանում է շուրջ 29,8 մլն մարդ: Համաշխարհային ստրկության մեջ առավելագույն ավանդ ներդրող երկրների թվում բացարձակ առաջատարը Հնդկաստանն է, որտեղ 13,3-14,7 մլն մարդ ստրուկ է: Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է` 2,8-3,1 մլն ստրուկ:

Ինչպես հայտնի է դարձել, Վարկանիշային աղյուսակը կազմողները ընդլայնել են ստրկության ավանդական սահմանումը` որպես անձի վիճակ, ում նկատմամբ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ որոշ կամ բոլոր լիազորությունները: «Ժամանակակից ստրուկ» հասկացությունը, հետազոտողների կարծիքով, ի թիվս այլ չափանիշների, ներառում է կախվածություն վարկատուներից, ինչպես նաև ամուսնության պարտադրում:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում ջուր չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘«Հիդրո կորպորացիան» վերսկսում է ՀԷԿ-ի շինարարությունը’