‘WikiLeaks. Այս խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին` կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը’

1078

Wikileaks-ը հրապարակել է 2008 թվականի ապրիլի 9-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը պետքարտուղարությանը զեկուցել է մարտիմեկյան իրադարձությունների ու արտակարգ դրության հայտարարման մասին: Ամերիկացի դիվանագետը մասնավորապես նշել է, որ մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ որեւէ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ դժվար է եղել: Ըստ նրա, պաշտոնապես հայտարարվում էր 8 զոհերի մասին, մինչդեռ զուգահեռաբար լուրեր էին պտտվում 20-ից 50 զոհերի մասին: Փենինգթոնը գրում է նաեւ, թե լայն տարածում էր գտել այն լուրը, ըստ որի` իշխանությունները սպանությունները նախապես են ծրագրել, որպեսզի հետագայում արտակարգ դրություն հայտարարելու, ընդդիմությանը հետապնդելու, ընդդիմության առաջնորդներին` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, վարկաբեկելու հիմքեր ստեղծեն: Միաժամանակ, ինչպես գրել է դիվանագետը, խոսակցություններ էին պտտվում ծպտյալ դիպուկահարների մասին, որոնք սպանում էին մարդկանց, որպեսզի իշխանությունները հետագա զոհերից խուսափելու պատրվակի տակ արտակարգ դրություն մտցնեն: Ջոզեֆ Փենինգթոնը նշում է, որ YouTube-ում այդ օրերին հայտնվել էր երկու տեսանյութ, որից մեկում անվտանգության ուժերը կրակում են ցուցարարների ուղղությամբ, իսկ մյուսում` վրաերթի ենթարկում նրանց: Փենինգթոնը նաեւ փաստում է, որ սպանվածների հարազատները խուսափում են շփումներից եւ որ իրեն հասած լուրերի համաձայն, դրա պատճառն այն է, որ նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրում կամ կաշառք են առաջարկում:

Միաժամանակ, Փենինգթոնը արձանագրում է, որ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած բախումներից մի քանի օր անց ԱՄՆ դեսպանությունը պաշտոնապես դիմել է հայաստանյան իշխանություններին` մանրամասն տեղեկություններ տրամադրելու խնդրանքով: Նրա պնդմամբ, համապատասխան դիվանագիտական նոտան դեսպանությունն ուղարկել էր մարտի 5-ին, սակայն պատասխանը ստացվել է միայն մարտի 24-ին եւ այն իրենից ներկայացնում էր Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվությունը` թվագրված մարտի 10-ով:

Որպես ամփոփում` Փենինգթոնը գրել է, որ սխալված չի լինի, եթե արձանագրի, որ մարտի 1-2-ի բախումների մասին լիարժեք ճշմարտությունը ոչ հայ հասարակությունը, եւ ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա: Ըստ նրա, չնայած, որ իրադարձությունների վերաբերյալ իշխանությունների եւ ընդդիմության վարկածները իրարամերժ են, բայցեւայնպես դրանց բնույթը լուրջ մտահոգության տեղիք է տալիս` առկա ճգնաժամին իշխանությունների արձագանքի վերաբերյալ: Նա մտահոգիչ է համարել նաեւ այն, թե ինչպես Հայաստանի իշխանություններն արձագանքեցին ճգնաժամին, ինչպես նաեւ այն, թե ինչպես են շարունակում ներկայացնել կամ չներկայացնել կոշտ եւ մահվան հանգեցրած գործողությունները, որ ձեռնարկվել էին: «Քանի դեռ իշխանությունները անկախ ու թափանցիկ պարզաբանում չեն տվել Հայաստանի քաղաքացիներին, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի երեկոյան ժամերին, այս իրադարձությունների խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին` կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը»,- եզրափակել է Փենինգթոնը:

2008-ի մարտի 7-ով թվագրված մեկ այլ փաստաթղթում Փենինգթոնը պետքարտուղարությանը իրազեկում է, որ դեսպանատան աշխատակիցները մարտի 3-ին մասնակցել են ԵԱՀԿ հետընտրական աշխատանքային խմբի հանդիպմանը, որը կազմակերպել էր ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչը: Հանդիպմանը ներկա են եղել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպանատների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փենինգթոնը արձանագրել է, որ հանդիպմանը ներկա չէին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները: Ամերիկացի դիվանագետը գրել է, որ հանդիպմանը մասնակցողների մեծ մասը դժգոհություն է հայտնել ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում փետրվարին կայացած ընտրությունները «ընդհանուր առմամբ` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող» գնահատելու փաստի առթիվ: Բոյանիչը տեսակետ է հայտնել, որ ԺՀՄԻԳ զեկույցը ավելի դիվանագիտորեն է ձեւակերպված եղել, քան պետք էր: Ներկաներից ոմանք տեսակետ են հայտնել, որ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «մասնակիորեն են համապատասխանել» ձեւակերպումը: Հանդիպմանը Բոյանիչը նաեւ փաստել է, որ տրված գնահատականը ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջեւ ձեռք բերված կոնսենսուսի արդյունք է: Այս համատեքստում Փենինգթոնը գրում է, թե ինֆորմացիա կա, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հակված է եղել ընտրությունները որակել իբրեւ «ժողովրդավարական չափանիշներին մասնակի համապատասխանող», սակայն խորհրդարանական (ԵԱՀԽ ԽՎ, ԵԽԽՎ) պատվիրակությունների ճնշման տակ ի վերջո որոշել է դրական գնահատական տալ հայաստանյան ընտրություններին: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ արտակարգ դրությունը կարող է վերաճել «վհուկների որսի», եւ նախագահ Քոչարյանն ու վարչապետ Սարգսյանը իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալելու հնարավորություն են ստանում:

ՀԺ —Օգոստոսի 31, 2011թ

Նախորդ հոդվածը‘Աղվան Պապիկյան. «Սպարտակում» գնալով ինձ ավելի վստահ եմ զգում’
Հաջորդ հոդվածը‘Wilikeaks. Քաղաքական ճգնաժամը ստիպում է լքել երկիրը’