‘WikiLeaks-ը Մենինգի դատավճիռը հաղթանակ է համարում’

970

Օգոստոսի 21-ին WikiLeaks-ի ղեկավարությունը հանդես է եկել ամերիկյան նախկին ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգի դատավճռի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ, ով իրենց էր փոխանցել ԱՄՆ պաշտպանության նախարարության և պետքարտուղարության ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթղթեր, հաղորդում է Reuters-ը: Կայքի ղեկավարների խոսքերով՝ Մենինգին 35 տարվա ազատազրկման դատապարտելը պետք է ընդունել որպես հաղթանակ, քանի որ դատապարտյալը կարող է ինը տարի հետո վաղաժամկետ ազատվելու խնդրագիր ներկայացնել: Իսկ քանի որ Մենինգն արդեն երեքուկես տարի կալանքի մեջ է, ապա դա կարող է անել նաև ավելի շուտ:

Մենինգի դատավճիռը մեկնաբանել է  նաև  Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը: Նրա կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, թե ԱՄՆ-ն անպատասխանատու է դրսևորել իրեն, քանի որ Մենինգին դատապարտել է 35 տարվա ազատազրկման, մինչդեռ այն անձինք, ում հանցագործությունները նա բացահայտել է, այդպես էլ մնացել են անպատիժ: Իրավապաշտպանները նաև հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը, հենց այդ նկատառումներից ելնելով՝ պետք է ներում շնորհի Մենինգին և անհապաղ ազատ արձակի նրան, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրեյվիքի կողմնակիցները սպառնում են պայթեցնել Շվեդիայի թագավորին’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում լինչի դատաստան են իրականացրել ենթադրյալ մանկապիղծի հանդեպ’