‘WikiLeaks. Բանդիտական Հայաստան’

1127

2008 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Վաշինգտոն է ուղարկել հետեւյալ գաղտնի զեկուցագիրը: Փաստաթուղթը բացահայտել է «Վիկիլիքս»-ը:

 

Սեղմագիր
1.
 Վերջերս Հայաստանով մեկ տարածված, բայց իրար հետ կապ չունեցող բռնությունների շարքը  ընդդիմությանն առիթ տվեց մեղադրելու իշխանություններին` կատարվածը ներկայացնելով որպես  ավազակապետության արտահայտություն: Հոկտեմբերի 24-26-ի շաբաթավերջի ընթացքում մեկ անձ սպանվել է Երեւանում, չորսը` հյուսիսի Սպիտակ քաղաքում, իսկ հյուսիսային Ստեփանավան քաղաքի վերջերս վերընտրված քաղաքապետին գրեթե մահացու կերպով դանակահարել են իր հակառակորդի աջակիցները: Այս նույն հարձակումների ընթացքում մեկ տասնյակի չափ մարդ էլ վիրավորվել է, որոնցից մի քանիսը` ծանր: Հարձակումներից յուրաքանչյուրի դրդապատճառները մնում են անհայտ: Մինչ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում` տարբեր թերթեր ենթադրություններ են անում պատճառների վերաբերյալ: Սրանցից անկախ, Երեւանի վերջին հարձակումների ժամանակ անծանոթ մարդկանց հարձակման թիրախ են դարձել մի օտարերկրացի գործարար եւ Ուկրաինայի դեսպանը, հավանաբար մի դեպքում` բիզնեսի, իսկ մյուս դեպքում` դիվանագիտական գործունեության հետ կապված:

Հայաստանի արյունոտ հյուսիսը
2.
 Հոկտեմբեր 24-ին` ուրբաթ օրը, ուշ երեկոյան երկու` իրար հետ կապ չունեցող հարձակումներ տեղի ունեցան հյուսիսային քաղաքներ Սպիտակում (13 հազար 590 բնակիչ) եւ Ստեփանավանում (13 հազար 930 բնակիչ): Սպիտակում հինգ հոգու վրա կրակել էին քաղաքի կենտրոնում, որը կարծես թե երկու հանցախմբերի միջեւ բախում էր` չվճարված պարտքերի հարցով: Երկուսը տեղում մահացել էին, երկուսը մահացել էին հիվանդանոցի ճանապարհին, իսկ մեկը` ողջ էր մնացել: Նախնական հաղորդագրությունները նշում էին, որ շուրջ մեկ տասնյակ ուրիշներ էլ վիրավորվել էին այդ հարձակման ընթացքում: Սպիտակում հենց վերջերս` հոկտեմբերի 19-ին կայացել էին քաղաքապետի ընտրություններ, մի հանգամանք, որը որոշ տեղական մեկնաբանների հուշեց, թե հարձակումն ունի քաղաքական շարժառիթներ: Սակայն մարզային կենտրոն հանդիսացող հարեւան Վանաձոր քաղաքի մարդու իրավունքների ակտիվիստները հավաստիացրին դեսպանության պաշտոնյաներին, որ սպանությունները կապված են կազմակերպված հանցախմբերի միջեւ վեճերի հետ:

3. Սպիտակից մոտավորապես 30 մղոն հյուսիս գտնվող գյուղատնտեսական ուղղվածության Ստեփանավան քաղաքում արդեն երկու անգամ երեքական տարի ժամկետով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Ղարաքեշիշյանը հազիվ մահից փրկվեց այն բանից հետո, երբ նրա վրա դանակներով հարձակվեցին իր քաղաքական հակառակորդի հինգ-վեց աջակիցներ` հոկտեմբերի 19-ին կայացած եւ Սարգիս Ղարաքեշիշյանի հաղթանակով ավարտված քաղաքապետի նոր ընտրություններից հետո: (Ծանոթագրություն — Ղարաքեշիշյանը ծնունդով ստեփանավանցի է: Հիմա, եւս չորս տարով քաղաքապետ ընտրվելով, նա կարող է դառնալ Հայաստանի 1991 թվականի անկախությունից ի վեր ամենաերկար պաշտոնավարած քաղաքապետը):

4. Ղարաքեշիշյանի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերվա 10-ից 11-ի միջեւ` նրան պատկանող մի ռեստորանում, որը գտնվում է քաղաքի արվարձաններում: Այնտեղ նա միայնակ է եղել. նրա հետ այնտեղ են եղել միայն մի տարիքով անձնավորություն եւ ռեստորանի աշխատողները: Հարձակվողները նախապես զանգահարել էին համոզված լինելու համար, որ նա այնտեղ է եւ գալուց առաջ ակներեւաբար ալկոհոլ էին օգտագործել: Հակասական հաղորդումներ կան այն մասին, որ նրանք եկել էին բողոքելու, թե ինչու է քաղաքապետը աշխատանքից հանել իրենց ազգականին, բայց մի բան հստակ է, որ այդ բոլոր մարդիկ եղել են Սերյոժա Առաքելյանի զայրացած կողմնակիցները: Առաքելյանը Ստեփանավանի հացի գործարանի տնօրենն է, որը հինգ օր առաջ կայացած քաղաքապետի ընտրություններում պարտվել է Ղարաքեշիշյանին: (Ծանոթագրություն — Առաքելյանը ընտրություններին մասնակցում էր որպես անկախ թեկնածու: Նա հավաքել է 2 հազար 513 ձայն` ընդդեմ Ղարաքեշիշյանի հավաքած 5.156-ի):

Հարձակվողներից մեկը դանակ է հանել Ղարաքեշիշյանի վրա, կտրել դեմքը, վնասվածքներ հասցրել ուսի եւ պարանոցի շրջանում` ակներեւաբար փորձելով կտրել նրա կոկորդը: Ըստ տեղեկությունների, դրանից հետո քաղաքապետը հանել է ատրճանակն ու կրակել երեք հարձակվողների վրա:

5. Բոլոր երեք վիրավորները անմիջապես բժշկական օգնություն են ստացել Ստեփանավանի` գերմանացիների կառուցած Կարմիր խաչի հիվանդանոցում, իսկ վիրավոր քաղաքապետը հետո տեղափոխվել է նախ Վանաձորի, ապա` Երեւանի հիվանդանոց, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, մինչ այժմ բուժվում է: Զանգվածային անկարգությունների դեմ պայքարի  միջոցներով զինված ոստիկանական խմբերը տեղակայված են քաղաքից դեպի հիվանդանոց տանող ճանապարհին, ակնհայտորեն փորձելով կանխել հարձակման մասնակիցների փախուստի հնարավորությունը: Հիվանդանոցի անձնակազմը բերանը ջուր էր առել, երբ դեսպանության քաղաքական հարցերով պաշտոնյան փորձել էր պարզել, թե արդյոք գիշերվա ընթացքում որեւէ բան պարզվել էր, թե` ոչ: Նրա հին ծանոթներից մեկը, որը Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքում վարչական աշխատանք է կատարում եւ շաբաթ, կիրակի օրերին ծառայության մեջ էր, ավելի ուշ մեր պաշտոնյային հայտնել էր, որ քաղաքապետը չուներ զենք կրելու թույլտվություն` հակառակ այն հայտարարության, որ տարածեց Հայաստանի գլխավոր դատախազը դեպքի հաջորդ օրը: 

Երեւանում տեղի ունեցած վենդետան եւ բռնությունը դիսկոտեկում
6.
 Հոկտեմբերի 26-ին` օրը ցերեկով, Երեւանի կենտրոնական թաղամասերից մեկում երկու երիտասարդներ հրազենով կրակեցին ու սպանեցին մի մարդու եւ վիրավորեցին նրա ընկերակցին: Այն բանից հետո, երբ հանցանք կատարածներից մեկը կամավոր հանձնվեց, Հայաստանի գլխավոր դատախազը այս հարձակումը բնորոշեց որպես վրեժի հողի վրա կատարված սպանություն` ի պատասխան 2007 թվականի նոյեմբերին հարձակումն իրականացնողի ազգականի սպանության: Վերջինս Հայաստանի որսորդմիության նախագահն էր եւ բարձր դիրք ուներ կառավարամետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ: Հիշյալ ոճրի հեղինակը այդպես էլ չդատապարտվեց, բայց մամուլի հաղորդագրությունները պնդում են, թե իրավապահ մարմինները կասկածել են, որ վերջին հանցագործության հեղինակը կարող էր լինել հոկտեմբերի 26-ի հարձակման տուժողը:

7. Միաժամանակ, նույն այդ շաբաթավերջին, բռնության երեւույթներ եղան Երեւանի երկու տարբեր դիսկոտեկներում, որոնցից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով կա մեկ վիրավոր: Մի այլ գիշերային ակումբում զանգվածային տուրուդմփոց տեղի ունեցավ, որին` պնդում են, որ մասնակցել է նախագահ Սարգսյանի զարմիկներից մեկը: Մամուլի հաղորդումներում ասվում է, որ հենց Սարգսյանի զարմիկն ու նրա ընկերներն են սկսել տուրուդմփոցը, որի հետեւանքով, ըստ տեղեկությունների, ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ քաշքշոցի մասնակիցներից մեկն էլ կորցրել է աչքը:

Ըստ ընդդիմության` հանցագործությունների տարածումը ապացուցում է, որ գործ ունենք ավազակապետության հետ
8.
 Հոկտեմբերի 29-ին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը մի հայտարարություն հրապարակեց, որի մեջ դատապարտում է վերջին բռնությունները, նշելով` «հանցագործությունների վերջին ալիքը ցույց է տալիս, որ հանցագործ վարչակարգի հիմքում դրված ահաբեկչությունը աստիճանաբար դառնում է  հասարակական հարաբերությունների միջոց եւ ամենօրյա կյանքի անբաժանելի մաս»: Կոնգրեսը, նկատի ունենալով հոկտեմբերի 24-26 շաբաթավերջին Երեւանում եւ երկրի հյուսիսում տեղի ունեցած բռնությունները, ավելացնում է, որ «հասարակական կյանքի աճող կրիմինալիզացիան տեղի է ունենում ավազակապետության ակնհայտ թողտվության հետեւանքով»:

Կոնգրեսը հաստատագրում է, որ «երկրի իրավապահ մարմինները անկարող են զսպել հասարակության վտանգավոր կրիմինալիզացիան, քանի որ նրանք չունեն նման գործունեություն իրականացնելու որեւէ ցուցում, քանի որ իրավապահ մարմինների բոլոր ռեսուրսները, Սերժ Սարգսյանի ցուցումով, ուղղված են պայքարելու քաղաքական ընդդիմության դեմ»: Հայ ազգային կոնգրեսն ավելացնում է, որ «Հայաստանում իրավունքի գերակայության եւ արդարադատության վերականգնումը հնարավոր կլինի միայն օրինակարգ կառավարության պայմաններում, որը պատասխանատվություն է կրում հասարակության առջեւ»:

Կրկին հարձակման է ենթարկվում  հոլանդացի գործարարը
9.
 Մի այլ` նախորդների հետ առնչություն չունեցող դեպքում, Երեւանի փողոցներից մեկում հոկտեմբերի 10-ի երեկոյան տուն վերադառնալիս,  դաժան հարձակման ենթարկվեց «Հայփոստի» հոլանդացի տնօրեն Հանս Բունը, որի ընկերությունը («ՊոստԲանկ») անցյալ տարի հաղթել էր մրցույթում: Մրցույթի հաղթողը պիտի կառավարեր ու բարեփոխեր Հայաստանի վատ գործող փոստային համակարգը: Հարված ստանալով` գրեթե 12 ժամ անգիտակից վիճակում մնացել է փողոցում: Նրան հայտնաբերել է մի անցորդ ու տեղափոխել մոտակա հիվանդանոց: Այնուհետեւ Բունը շտապ կարգով տեղափոխվեց Հոլանդիա եւ այն ժամանակվանից ի վեր գտնվում է հիվանդանոցում: Դեսպանության նախկին մի աշխատողի Բունը ասել էր, որ այդ հարձակումը կարող էր մահափորձ լինել: Նա ստացել էր ուղեղի ցնցում, ներքին արյունազեղում, ծանր վնասվածքներ որովայնի շրջանում, եւ կոտրվել էր  ծնոտը: Հարձակվողները նաեւ գողացել էին նրա դրամապանակը, որի մեջ կային մոտ 400 եվրո եւ կրեդիտ քարտեր:

10. Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, որ Բունը ենթարկվում է հարձակման: Առաջինը հուլիսին էր, ու թեեւ այն ժամանակ ենթադրություններ արվեցին, որ հարձակումը կապ ունի նրա բիզնես գործունեության հետ, սակայն հետագայում մանրամասների բացահայտումը մտածել տվեց, որ դա պատահական դեպք էր: Բայց հիմա արդեն երկրորդ նման դեպքը շատ ավելի մեծացնում է հավանականությունը, որ հարձակումը թիրախային էր:  Բունը եւ նրա ընկերությունը դժվարությունների էին հանդիպել «Հայփոստը» կարգի բերելու  հարցում` պայքար մղելով հիմնարկի ներսում եղած գողությունների ու կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ փորձելով  ազատվել անարդյունավետ կադրերից: Երկրորդ հարձակումը, որն ավելի ծանր բնույթ ուներ, կարող էր լինել  վրեժխնդրություն կամ ահաբեկում:

Ուկրաինայի դեսպանի բնակարանը թալանվել է
11.
 Վերջերս Հայաստանում Ուկրաինայի դեսպանը մեր դեսպանի հետ զրույցում հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին` կիրակի օրը, դուռը կոտրելով մտել էին իր բնակարանը: Նա հավատացած է, որ այս հանցագործությունը կապված է այն բանի հետ, որ ինքը դիմադրում  է Հայաստանի կառավարության  կոպիտ փորձերին` ուղղված այն բանին, որ իրենց ստիպեն հրաժարվել Գոլոդոմորի հիշատակման  միջոցառումից (1932 թվականի սովը, որն ուկրաինացիները համարում են ցեղասպանություն), որը նա կազմակերպեց հոկտեմբերի 20-ին` երկուշաբթի օրը,  այն նույն օրը, երբ իր առաջին պետական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նախորդ շաբաթ օրը դեսպանը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն, եւ նրան շատ հստակ կերպով ասվել էր, որ միջոցառումը պետք է չեղյալ հայտարարվի: Նա մերժել էր: Հոկտեմբերի 19-ին, երբ դեսպանը տանը չի եղել, դուռը կոտրելով մտել էին նրա բնակարան, տակնուվրա արել նրա անձնական իրերը եւ շատ քիչ բան էին գողացել: Ավելի քան մեկուկես ժամ տեւեց` մինչեւ որ ոստիկանությունը բարեհաճեց արձագանքել: Նա պատմեց մեր դեսպանին, որ կարծում է` կատարված հանցագործությունը իրեն ահաբեկելու փորձ էր` նախքան հիշատակի միջոցառումը: Հիշյալ միջոցառմանը Հայաստանի կառավարության որեւէ պաշտոնյա չմասնակցեց, իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը` «Հ1»-ը, հիշատակի այդ միջոցառումը բնորոշեց «պիտանի` միայն կրկեսի համար »:

Մեկնաբանություն
12.
 Հայաստանը եւ Երեւան քաղաքը ավանդաբար եղել են լիովին ապահով վայր միջին քաղաքացու եւ այցելության եկող օտարերկրացու համար: Միաժամանակ անօրինականությունը բոլորովին նորություն չէ Հայաստանի համար, հատկապես եթե խոսքը վերաբերում է քաղաքական ու ֆինանսական ասպարեզներին, իրավապահ գործունեությանը: Վերջին ժամանակներս անհայտ պատճառներով սպանվել են հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնյաներ: Չափազանց հաճախակի վերջերս դեպքեր են գրանցվել նաեւ, երբ ազդեցիկ անձինք` օլիգարխներ, գեներալներ եւ նրանց զավակները, մերձավորներ եւ թիկնապահներ ներքաշվում են երբեմն շատ դաժան առճակատումների մեջ այն մարդկանց հետ, որոնք հայտնվում են իրենց ճանապարհին. դա կարող է լինել մայրուղու վրա կամ որեւէ գիշերային ակումբում, եւ որպես կանոն` անպատիժ են մնում: Այդ մարդիկ պատահական անցորդի հետ առճակատումներում շատ հաճախ իրենց պահել են այնպես` կարծես իրենք օրենքից վեր են գտնվում:

13. Երբ իրար հաջորդած այս տարբեր միջադեպերը հավաքում ենք մի տեղ` նրանց միավորողը դեպքերի նույն ժամանակահատվածում կատարվելն է եւ այն, որ դրանք բոլորն ուղեկցվել են բռնությամբ, բայց մյուս առումներով սրանց միջեւ կապ չկա: Օտարերկրյա գործարարի դեմ նպատակադրված հարձակումները կամ ենթադրաբար թիրախավորված ներխուժումը օտար դիվանագետի տուն (եթե այդ դեպքերը հենց այդ ձեւով բնորոշենք) բոլորովին նոր երեւույթներ են Հայաստանի համար: Հատկապես Հանս Բունի դեմ հարձակումները թվում են խիստ կասկածելի: Նկատի ունենալով, որ Հայաստանում օտարերկրացիների վրա շատ հազվադեպ են լինում հարձակումներ, այն հանգամանքը, որ ընդամենը չորս ամսվա ընթացքում նույն մարդը երկու անգամ ենթարկվել է հարձակման, նշանակում է, որ գործ ունենք կամ գործարարի ապշեցուցիչ կանխակալ կարծիքի, կամ էլ` կանխամտածված թիրախավորման հետ:

Մենք մի քիչ ավելի կասկածանքով  ենք վերաբերվում Ուկրաինայի դեսպանի ենթադրությանը, որ իր տան վրա կատարված ներխուժումը ուներ քաղաքական շարժառիթներ: Տնտեսական շարժառիթներով ներխուժումները օտարերկրացիների տներ այդքան էլ հազվադեպ չեն, մանավանդ որ այդ տները կարող են պակաս պաշտպանված լինել, քան, օրինակ, ԱՄՆ դեսպանության բնակելի մասը: Ինչ վերաբերում է այն բանին, որ հարձակումը կառավարության կողմից է հովանավորվել, ապա դա արդեն շատ հեռու է այն ամենից, ինչ որ մինչեւ հիմա մենք տեսել ենք Հայաստանում: Մենք նախատեսում ենք առաջիկա շաբաթների ընթացքում  շարունակել հետեւել նմանատիպ դեպքերին եւ հույս ունենք այդ ձեւով հասկանալ, թե արդյոք աճող անօրինականությունների եւ քաղաքական դրդապատճառներով բռնությունների նոր համակարգ է ձեւավորվել, թե այս ամենն ընդամենը իրար հետ կապ չունեցող իրադարձությունների զարմանալի զուգադիպություն էր:      

Մարի Յովանովիչ

ՀԺ -Հունվարի 18, 2012թ.

Նախորդ հոդվածը‘Փակ շուկայում շինարարական աշխատանքները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգը (տեսանյութ, ֆոտոշարք)’