‘WikiLeaks-ի իրազեկիչի գործը’

880

ԱՄՆ-ում հակասական արձագանքի է արժանացել WikiLeaks-ի իրազեկիչ, շարքային Բրեդլի Մենինգի վերաբերյալ կայացված դատավճիռը: Ոմանք հիասթափված են, որ Մենինգի վրայից հանվել է ամենածանր՝ «Միացյալ Նահանգների թշնամուն օժանդակելը» մեղադրանքը, և նա այդպիսով խուսափել է մահապատժից: Իսկ տեղեկատվության ազատության և հասանելիության կողմնակիցները, ընդհակառակը, վրդովված են, որ այն 19 կետերով, որոնցով զինվորականը մեղավոր է ճանաչվել, նրան սպառնում է 136 տարվա ազատազրկում: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ԱՄՆ իշխանություններին մեղադրել է ծայրահեղականության մեջ: «Առաջին անգամ ԱՄՆ-ում լրտեսության մեջ մեղավոր ճանաչեցին մի մարդու, որը տեղեկատվություն է տրամադրել հանրությանը,- ասել է Ասանժը:-Սա վտանգավոր նախադեպ է, սա նշանակում է, որ հանուն ազգային անվտանգության՝ ԱՄՆ-ը դիմում է էքստեմիզմի: Այդ անհեթեթ դատավճիռը պետք է փոխվի: Հանրությանը ճշմարտացի տեղեկատվության տրամադրումը չի կարող լրտեսություն համարվել»: «Ազատություն Բրեդլի Մենինգին»՝ այս կարգախոսով բողոքի ակցիա են կազմակերպել WikiLeaks-ի կողմնակիցները Մերիլենդի ռազմական դատարանի մոտ:

25-ամյա զինվոր Բրեդլի Մենինգը WikiLeaks-ին էր հանձնել հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ զեկույցներ Իրաքից և Աֆղանստանից, դիվանագիտական գրագրություն և Գուանտանամոյի բանտի կալանավորների պահման մանրամասներ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ափերի մոտ զբոսանավ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կանայք «ամրապնդում են» իրենց դիրքերը’