‘WikiLeaks. Փետրվարի 26. Սերժի կրախը’

1273

Փետրվարի 26-ին ՍՍ-ի անպարտելիության իմիջը կոտրվեց 

«Վիքիլիքսի» գաղտնազերծած հերթական փաստաթուղթը, որի հեղինակը կրկին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն է, վերաբերվում է 2008թ. փետրվարի 26-ի դեպքերին:

Սեղմագիր
1. Փետրվարի 26-ի կեսօրին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մրցակցող հանրահավաքներ կազմակերպեցին Երեւանի կենտրոնում՝ ընդամենը մի քանի խաչմերուկ միմյանցից հեռու: Սարգսյանի հետընտրական առաջին հանրահավաքին ավտոբուսներով բերվել էին մոտ 60-70 հազար աջակիցներ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական յոթերորդ եւ մինչ այժմ ամենամեծ հանրահավաքին մասնակցեց 85-100 հազար մարդ: Հազարավոր ցուցարարներ ավելի ուշ լքեցին Սարգսյանի հանրահավաքը եւ միացան փողոցի վերեւի հատվածում գտնվող Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, որտեղ նրանց ընդունեցին «միացում, միացում» վանկարկումներով: Սարգսյանի՝ ավտոբուսներով բերված աջակիցներից ոմանք, ովքեր միացել էին Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, տեսանելիորեն ապշած էին Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուցաբերվող աջակցության հսկայական մասշտաբից, որը ազգային մեդիայով գռեհկաբար սխալ էր ներկայացվում: 

Սարգսյանն ավտոբուսներով  բերում է ավելի քան 60,000 մարդ
2.
 Այն պահին, երբ (ՀՀ-ում ԱՄՆ) դեսպանատան աշխատակիցները ժամանեցին վարչապետ Սերժ Սարգսյանի՝ Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքին, Սարգսյանի հարյուրավոր ենթադրյալ աջակիցներ շարժվում էին փողոցն ի վեր` դեպի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում արդեն յոթերորդ օրը շարունակվող հանրահավաք: Սարգսյանի հանրահավաքի աջակիցները հիմնականում միջին տարիքի կանայք եւ տղամարդիկ էին, եւ գրեթե չկային երիտասարդներ: Պաստառները հուշում էին, որ մարդիկ ժամանել էին Երեւանի գլխավոր համայնքներից՝ չնայած մարդկանց մի խմբի հետ դեսպանատան աշխատակիցները խոսելիս պարզեցին, որ նրանք եկել էին Վրաստանի Ջավախեթիից: Սովետական ժամանակաշրջանի զանգվածային հավաքները հիշեցնող տեսարանում երեւում էին պաստառներ, որոնք կրում էին այնպիսի լոզունգներ, ինչպիսիք են՝ «Ֆերմերներն աջակցում են Սերժին», «Բժիշկները պաշտպանում են Սերժին» եւ նույնիսկ՝ «Տուբերկուլյոզային պոլիկլինիկայի աշխատակիցներն աջակցում են Սերժին»:

3. Դեսպանատան աշխատակիցների կողմից հարցման ենթարկված մարդիկ տարբեր կերպ էին պատասխանում (ՍՍ-ի հանրահավաքին) մասնակցելու իրենց պատճառների մասին՝ կախված այն բանից, թե դեսպանատան աշխատակիցներն ինչպես էին ներկայանում (ԱՄՆ դեսպանատնից կամ պարզապես Ամերիկայից): Մարդիկ, ովքեր գիտեին, որ խոսում են դիվանագետների հետ, պատասխանում էին, որ իրենց կամքով են եկել հանրահավաքին, որպեսզի «պաշտպանեն Սարգսյանին տրված իրենց ձայնը» եւ որ իրենք են հոգացել Երեւան գալու ճանապարհածախսը: Կանանց մի խումբ դեսպանատան աշխատակիցներին ասաց, թե «ձեր գործը չէ», երբ նրանց հարցրին, թե ինչու են եկել հանրահավաքի, ապա բղավեցին թարգմանչուհու վրա՝ «դու՞ք ինչի եք եկել»: Իսկ մյուս կողմից, տղամարդկանց եւ կանանց մեծ մասը ամերիկացիների հետ խոսելիս ասացին, որ նրանց   ղեկավարներն էին ստիպել գալ հանրահավաքին՝ իրենց ավտոբուսներով բերելով այդ միջոցառմանը: (Ի դեպ, այցով Հայաստանում գտնվող EUR/ACE հումանիտար օգնության ծրագրի աշխատակիցը, որը հանրահավաքի օրը հանդիպումներ էր նախատեսում հյուսիսային Սեւան եւ Դիլիջան քաղաքներում, ժամանելուն պես պարզել էր, որ իր հանդիպումներից երկուսը չէին կայանալու, քանի որ իր հետ հանդիպողները պարտադրված էին մասնակցել հանրահավաքին):

60 հազարից 2 հազար՝ 8 րոպեի ընթացքում…
4.
 Դեսպանատան աշխատակիցները հաշվել են, թե ինչքան ժամանակում են Սարգսյանի ենթադրյալ աջակիցները լքել ծավալուն Հանրապետության հրապարակը՝ վարչապետի 30 րոպեանոց հաշտարարական ելույթից հետո: Ութ րոպեների ընթացքում 60-70 հազարանոց բազմության մոտ 95 տոկոսը արագորեն լքեցին անձրեւոտ հրապարակը եւ ուղղվեցին դեպի իրենց սպասող ավտոբուսները: Միայն 2 հազարը սպասեցին անձրեւի տակ, քանի որ վարչապետից հետո բեմ էին բարձրացել հայկական փոփ աստղերը: Կողմնակի անցորդներից մեկը ցնցված մոտեցավ դեսպանատան աշխատակիցներին, եւ երբ դեսպանատան աշխատակիցը հարցրեց, թե ինչու էր նա հեգնական ժպտում, նա կասկածամտորեն պատասխանեց՝ «տեսա՞ք՝ ինչքան արագ բոլորը լքեցին հրապարակը»:

… հազարները միանում են ԼՏՊ-ի հանրահավաքին
5.
 Դեսպանատան աշխատակիցներն այնուհետեւ ուղեւորվեցին վերեւ՝ դեպի Ազատության հրապարակ, որտեղ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներն արդեն յոթերորդն օրն անց էին կացնում իրենց շուրջօրյա հանրահավաքը: Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ցնծությամբ ողջունեցին հազարավոր նորեկներին՝ վանկարկելով «Եկեք, եկեք, միացեք, միացեք» (Ի դեպ, դեսպանատան աշխատակիցների գնահատմամբ, առնվազն 2 հազար մարդ իրենց հետ ժամանեց հրապարակ, սակայն դա արդեն Սարգսյանի հանրահավաքի ավարտից 20 րոպե անց էր): Սարգսյանի ենթադրյալ աջակիցներն անցան փողոցը, գրկախառնվեցին Տեր-Պետրոսյանի աջակիցների հետ, ապա հետ շրջվեցին՝ ոգեւորելու նոր միացող խմբերին: Դեսպանատան աշխատակիցները նկատեցին Սարգսյանի հանրահավաքի տարբեր մասնակիցների, ովքեր ակտիվորեն ներգրավված էին ոգեւորման այս գործում: Սարգսյանի աջակիցների ներհոսքը հանգեցրեց Ազատության հրապարակին կից առանցքային փողոցներից մեկի՝ Թումանյան փողոցի երթեւեկության դադարեցմանը ավելի քան մեկ ժամ տեւողությամբ: Հրապարակի ներսում Տեր-Պետրոսյանի աջակիցները ողջունում էին նոր եկածներին, մինչ բազմությունն արդեն կազմում էր 85-100 հազար մարդ: Սարգսյանի ենթադրյալ աջակիցներից ոմանք ակնհայտորեն ապշած էին հանրահավաքի հսկայական մեծությամբ, իսկ տասնյակ ուրիշները հանեցին իրենց հեռախոսներն ու լուսանկարչական ապարատները՝ այդ պահը նկարելու համար:

Սարգսյանի պաստառը դիմակայության պատճառ
6.
 Մինչ դեսպանատան աշխատակիցները դիտում էին, թե ինչպես են Սարգսյանի հանրահավաքը լքածները միանում Տեր-Պետրոսյանի աջակիցների հետ, բազմությունն սկսեց իր ուշադրությունը սեւեռել շքեղ ռեստորանի ճակատին փակցված՝ Սարգսյանի նկարով երեք հարկ բարձրությամբ պաստառի վրա: Մոտ տասը րոպե բարձրացրած բռնունցքներից եւ «եկեք Սերժից ազատվենք» գոչյուններից հետո ոստիկանների մոտ 20 հոգուց բաղկացած զորաբաժին մոտեցով ռեստորանին՝ նպատակ ունենալով հետ մղել ցուցարարներին: Սկզբում նրանց դիմավորեցին սուլոցներով, սակայն այնուհետեւ ծափահարեցին եւ վանկարկեցին՝ «ոստիկանությու՛ն, միացեք մեզ»: Ցուցարարները Թումանյան փողոցը զբաղեցրած պահեցին եւս 45 րոպե, մինչեւ հանրահավաքի վարողներից մեկը կոչ արեց երթ կազմակերպել, որին մասնակցեց մոտ 25 հազար մարդ: Այս պահին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները միացրեցին 1988-ի Հայաստանի ղարաբաղյան շարժման երաժշտությունը, որը ժամանակավոր լռություն սփռեց հավաքված զանգվածների շրջանում, մինչեւ հանրահավաքի վարողը բազմության հետ սկսեց վանկարկել շարժման նշանաբանը՝ «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան»:

ԼՏՊ հանրահավաքի մթնոլորտը
7.
 Սա մինչ այս պահը ԼՏՊ-ի ամենազորեղ հավաքն էր` մոբիլիզացված աջակիցների թվի առումով, որը գերազանցեց իր՝ նախընտրական փետրվարի 17-ի նույն Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը: Դեսպանատան աշխատակիցները նկատեցին հյուսիսային եւ հարավային մարզերից ներկա մեծաթիվ մարդկանց: Ոմանք նշեցին, որ Երեւան էին եկել անցած շաբաթ եւ հանգրվանել էին ընկերների մոտ եւ կգան հանրահավաքների այնքան ժամանակ, մինչեւ ԼՏՊ-ն հաղթի: Ազատության հրապարակի վրանների թիվը մի քանիսից սնկի պես աճեց մինչեւ մոտ թվով 30 հատ, որոնցից մի քանիսի կտուրներից բարձրանում էին վառարանների խողովակները: Կային շատ պաստառներ եւ հանրահավաքն ուներ տոնախմբության, բոհեմական մթնոլորտ (ի դեպ, պաստառներից մեկի վրա գրված էր՝ «ODIHR, արդար եղիր», որը վերաբերում էր ԵԱՀԿ-ի ընտրության դիտորդական առաքելության կողմից տրված նախնական ընդհանուր առմամբ դրական գնահատականին, որը, ըստ բազում հիասթափված հայաստանցիների, արդար չէր): Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժողովրդագրական պատկերը նկատելիորեն ավելի երիտասարդ էր, սակայն կային նաեւ բազմաթիվ միջին տարիքի մարդիկ:

8. Երբ դեսպանատան աշխատակիցները փորձեցին հարցում անցկացնել բազմության մեջ, նրանք շրջապատվեցին Տեր-Պետրոսյանի համակիրներով, ովքեր ցանկանում էին կիսվել իրենց հետ ընտրության օրը կատարված սարսափելի պատմություններով (քվեաթերթիկների լցոնում, ծեծուջարդ, ոստիկանության միջամտության բացակայություն եւ այլն): Նրանք ասացին նաեւ, որ ցնցված էին լրատվամիջոցների կողմից Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների լուսաբանման բացակայությունից՝ նշելով, որ հանրային հեռուստատեսությունը ստել է ժողովրդին՝ ասելով, որ Տեր-Պետրոսյանին աջակցելու նպատակով 100 ցուցարար է ժամանել հրապարակ: Երեւանի բնակչուհիներից մեկն ասաց, որ չէր ենթարկվել իր հաստատության տնօրենի՝ Սարգսյանի հանրահավաքին մասնակցելու մասին հրամանին, եւ որ ոստիկանությունը ԼՏՊ-ի նախորդ հանրահավաքի ժամանակ ձերբակալել էր նրա որդուն եւ այլ ուսանողների իրենց համալսարանի ներսում: Դեսպանատան աշխատակիցները հանրահավաքից առաջ այցելեցին երկու համալսարանական շենք՝ հաստատելու լուրերն այն մասին, որ ոստիկանական ուժեր են տեղակայվում համալսարանների դիմաց՝ նպատակ ունենալով արգելել ուսանողներին մասնակցել հանրահավաքին: Երկու համալսարանական շենքերի դրսում կային 10-20 հատուկ ջոկատայիններ եւ սովորական ոստիկաններ, փողոցի վրա կայանված էին բազմաթիվ ոստիկանական մեքենաներ:  Երբ Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ ոստիկաններին հարցրինք, թե ինչու էին այնտեղ, նրանք, ներառյալ բարձրաստիճան սպաները, հրաժարվեցին որեւէ բան պատասխանել եւ հեռացան դեսպանատան աշխատակիցներից այնպես, կարծես թե ոչ ոք նրանց չէր դիմել: Փողոցի ներքեւի հատվածում գտնվող ԵՊՀ մասնաճյուղի մոտի ոստիկանական սպան ասաց, որ նրանք տեղակայվել են այդտեղ «կարգը պաշտպանելու համար»: Տեղում գտնվող ուսանողներից մեկը տեղեկացրեց, որ ոստիկանությունը ժամանել էր նախորդ օրը, կապ է հաստատել ուսանողների հետ եւ նրանց ասել, որ չմասնակցեն հանրահավաքին, թեեւ ընդհանուր առմամբ ագրեսիվ տրամադրված չեն եղել:

9. Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ներկա մի քանի գործարարներ, ովքեր Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ էին, որոնց նախագահի թեկնածուն փետրվարի 19-ի քվեարկության ժամանակ 4-րդ տեղն էր զբաղեցրել, դեսպանատան աշխատակիցներին ասացին, որ ցույցն արդյունք է «կեղտոտ» նախագահական ընտրությունների: Նրանք նաեւ նշեցին, որ իրենց կարծիքով ԵԱՀԿ-ի՝ ընտրությունների արդյունքները ճանաչելու շտապողականությունը ավելացրել էր մարդկանց դժգոհությունը իրավիճակի վերաբերյալ եւ իրականում նպաստել ընթացիկ ցույցերին: Դաշնակցական համակիրներից մեկը նշեց, որ եթե հայերը ընդունեն ընտրությունների նախնական արդյունքները, ապա նրանք իրենց երկիրը «կնետեն ֆեոդալիզմի գիրկը»:

Մեկնաբանություն
10. Եթե նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի նպատակն էր հակակշռել Տեր-Պետրոսյանի շուրջօրյա հանրահավաքներին իր սեփական ուժի ցուցադրությամբ, ապա նա միանգամայն ձախողվեց: Փաստացիորեն ստացվեց, որ նա իրեն ավելի շատ վնաս տվեց, քան օգուտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի 30,000 նվիրված համակիրներին ավելացնելով հազարավոր ուժասպառ եղած, Սարգսյանի ենթադրյալ համակիրների նոր ներհոսք, որոնք ավտոբուսներով Երեւան էին բերվել իշխող ռեժիմի կողմից:  Տեր-Պետրոսյանի նախորդ հանրահավաքները, թվում է՝ լճանում էին համակիրների թվաքանակի առումով, սակայն Սարգսյանի հետ այսօրվա մենամարտը կարծես թե Տեր-Պետրոսյանի թիմին տվեց էներգետիկայի, մարզային աջակցության պահանջված լիցքեր եւ նոր իրավիճակ հայկական փողոցում: Սակայն պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես Տեր-Պետրոսյանը կօգտագործի այս բեկումը, եւ ինչպես Սարգսյանը կարձագանքի հետընտրական շրջանի իր քարոզչական ամենամեծ սխալին: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այսօրվա մրցակցող հանրահավաքները տեսականորեն վտանգեցին Սարգսյանի՝ անպարտելիության մշակված իմիջը:  

Ջոզեֆ Փենինգթոն

 

Նախորդ հոդվածը‘Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգը (տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ի մասին (Տեսանյութ)’