‘WikiLeaks. Փոքր թե մեծ՝ սուտը մնում է սուտ ‘

1355

Ստորեւ ներկայացվող գաղտնի զեկուցագիրը ՀՀում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը պատրաստել է 2008 թվականի մարտի 14-ին: Գաղտնազերծել է «Վիկիլիքս»ը:

 

Սեղմագիր
1. Մարտի 1-ին Հայաստանում արտակարգ դրություն մտցնելուց հետո անկախ մամուլի գործունեության արգելմամբ իշխանությունները հնարավորություն ստացան վերջին իրադարձությունների վերաբերյալ սեփական պատմությունը հորինել՝ խուսափելով այդ հարցում ընդդիմության կողմից մարտահրավերների կամ անկախ հետաքննություն անցկացնելու պահանջների պատճառած հնարավոր անհարմարությունից:

Զարմանալի չէ, որ իշխանություններն օգտագործեցին այս հնարավորությունը` ցուցարարների հանդեպ կիրառված ճակատագրական բռնությունը արդարացնելու նպատակով, միաժամանակ հայտնի դեպքերի համար մեղքը բարդելով նրանց վրա:

Նախքան մամուլի սահմանափակումների անվերապահ վերացումն ու անկախ տեղեկատվություն մատակարարելու եւ հետաքննություն անցկացնելու թույլտվությունը՝ իշխանությունների կողմից ցանկացած հավաստիացման հարկ է խիստ կասկածամտորեն վերաբերվել: 

Փոքր, թե մեծ՝ սուտը մնում է սուտ
2.
 Իշխանություններն ապակողմնորոշող հայտարարություններով սկսել էին ազդել իրադարձությունների հասարակական ընկալման վրա` նույնիսկ նախքան մարտի 1-ին Ազատության հրապարակում ցուցարարներին ցրելը: Փետրվարի 29-ին, պատասխանելով «Մեդիամաքս» լրատվական ծառայության  հարցմանը, Հայաստանի ոստիկանությունը փետրվարի 27-ին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների թիվը նշել էր մոտավորապես 8 հազար, հաջորդող երկու օրերին՝  փետրվարի 28-ին եւ 29-ին, 7 հազար եւ 6 հազար 200` համապատասխանաբար: Դեսպանատան պաշտոնյաներն այս հանրահավաքների ընթացքում ամեն օր եղել են հրապարակում, եւ յուրաքանչյուր օր մասնակիցների թիվը վստահաբար եղել է 30 հազար կամ ավելի: (Ծանոթագրություն. Մարտի 7-ին Բրայզայի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը եւս պնդել է, որ Ազատության հրապարակում հավաքվածների թիվը երբեք չի գերազանցել 12 հազարը): Դյուրությամբ հերքվող նման փաստերի եւ դեպքերի վերաբերյալ իշխանությունների կողմից արվող կեղծ հայտարարությունների պրակտիկան պետք է, որ զգալի թերահավատություն առաջացնի պաշտոնական այլ հավաստիացումների նկատմամբ: 

Զոհերի թիվը
3. Իշխանությունները հետեւողականորեն հայտարարում էին, որ բախումների հետեւանքով զոհվածների պաշտոնական թիվը ութն է, մինչդեռ ընդդիմության աջակիցները նշում էին 50: Մինչ այժմ հնարավոր չի եղել իրական թվի մասին անկախ տեղեկատվություն ստանալ, չնայած արեւմտյան որոշ լրատվամիջոցներ եւ այցելու պաշտոնատարներ արդեն իսկ սկսել են ութ մահացածի վերաբերյալ տեղեկությունը կրկնել որպես հաստատված փաստ: Մենք, այնուհանդերձ, լսել ենք, որ բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքներին՝ հարազատների աճյուններն ստանալու դիմաց, որոշ դեպքերում պարտադրել են ստորագրել կեղծ ամսաթվով մահվան վկայականներ:

Վիրավորներ` բախումներին հետեւող զինվորների շարքերում
4. Արտակարգ դրություն մտցնելուց հետո, զինված ուժերի հրամանատար Սեյրան Օհանյանը հեռուստատեսային ելույթում զգուշացրեց հայաստանցիներին նույնիսկ փոքր խմբերով չհավաքվել եւ հայտարարեց, որ իր ստորաբաժանումները խստագույն միջոցներ ձեռք կառնեն չարտոնված հավաքների անգամ ամենաչնչին դրսեւորման դեպքում: «Ես կցանկանայի զգուշացնել յուրաքանչյուր քաղաքացու, որ արտակարգ դրության ռեժիմով արգելված որեւէ միջոցառում կազմակերպելու կամ դրան մասնակցելու ցանկացած փորձ խստորեն եւ համապատասխան կերպով կհակադարձվի ՀՀ Զինված ուժերի կողմից»:

Ավելի ուշ, չնայած ականատեսների վկայություններն ու տեսագրությունները միանգամայն հակառակն են պնդում, սակայն Օհանյանը հայտարարում է, որ բանակային ստորաբաժանումները մարտի մեկի ուժային միջոցառումներում ներգրավված չեն եղել. նրանք իբր մնացել են հետ քաշված, մինչ գործողություններ է իրականացրել ոստիկանությունը: Այնուամենայնիվ, համաձայն մարտի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության, բախումներից հետո 217 անձ բուժօգնություն է ստացել՝ 41 քաղաքացիական անձ, 43 ոստիկան եւ «133 զինծառայող»:

իսկ ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կրակ չի բացել
5.
 Մինչ Զինված ուժերի հրամանատարը հայտարարում է, որ զինվորական ստորաբաժանումները ցրելու գործողություններին չեն մասնակցել, իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ ոստիկանությունն էլ սահմանափակ դերակատարում է ունեցել: Մարտի 6-ին գլխավոր դատախազի խոսնակը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հասարակական կարգը պահպանող ոստիկանները «ցուցարարների ուղղությամբ կրակ չեն բացել», միայն լուսածրային փամփուշտներ են արձակել «օդ»: Այնուհանդերձ, տեսագրություններ կան (այժմ էլ YouTube-ում տարածված են), որտեղ երեւում է՝ ինչպես են ոստիկանները կամ զինվորները կրակում իրենց զենքերից եւ այն էլ` ոչ դեպի օդ: (Ծանոթագրություն. Ցայսօր մենք լսել ենք պատշգամբում կանգնած մեկ անձի՝ պատահական փամփուշտից զոհվելու եւ չորս ուրիշների՝ հրազենային վերքերից մահանալու մասին): Իշխանություններն այժմ հայտարարում են, որ այդ հոլովակը շինծու է, որը հետազոտելու համար դիմել են ՄԱԿ-ի պաշտոնյաներին: 

Մեղավոր են միայն ցուցարարները
6. Իշխանությունները մարտի մեկի բռնությունների  համար հրապարակայնորեն շարունակաբար մեղադրում են ցուցարարներին եւ հայտարարում, որ ոստիկանությունն Ազատության հրապարակ է մտել այնտեղ ցուցարարների կողմից զենքի կուտակման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո միայն: Մենք, սակայն, լսել ենք առավել վստահելի վարկածներ, ըստ որոնց` Ազատության հրապարակի գրոհը նախապես ծրագրված է եղել: Մարտի 12-ին հայաստանյան «Մեդիամաքս» էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկացրեց, որ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչն ասել է. «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունները ծրագրվել, կազմակերպվել եւ համակարգվել են մեկ կենտրոնի կողմից եւ ուղղված են եղել երկրում իրավիճակի ապակայունացմանը»: Այնուամենայնիվ, Քոչարյանի խորհրդականներից մեկը վերջերս դեսպանատան պաշտոնյային խոստովանել է, որ դեռեւս փետրվարի 29-ին Քոչարյանը ծրագրել էր մարտի մեկին մաքրել Ազատության հրապարակը ցուցարարներից, այդպիսով հաստատելով այն լուրերը, համաձայն որոնց` ոստիկանությունը փաստորեն ինքն է զենք եւ պայթուցիկ տեղադրել, որպեսզի գրոհն իրականացնելու պատրվակ ունենա: Այս ամենը հիշեցնում է փետրվարի 27-ին գործերի ժամանակավոր հավատարմատարի ներկայությամբ Քոչարյանի պոռոտախոսությունը, երբ նա ասել էր, թե կարող է «20 րոպեում մաքրել հրապարակը»: 

Հավատալով սեփական PR-ին. մաս 1
7. Մարտի 6-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սարգսյանը նշել է, որ նախարարները միջազգային կազմակերպություններին երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովման հարցում չափազանց «կրավորական դիրք» են ունեցել: Նա վստահեցրել է նախարարներին, որ հայաստանյան հեռուստաալիքներով հեռարձակված համապատասխան տեղեկատվությունը «ճշմարտացի» է, եւ «առանց վարանելու» կարելի է դրանց հղում անել որպես ապացուցված փաստերի: Իր պատկերացմամբ համերաշխության ձեռք մեկնելու առումով, Սարգսյանը նաեւ շեշտել է, որ անհրաժեշտ է ներգրավվել երկխոսության մեջ, նույնիսկ եթե դիմացինը «կուրացած է ատելությամբ»:

Հավատալով սեփական PR-ին. մաս 2
8. Մարտի 7-ին նախագահ Քոչարյանի խոսնակը հայտարարեց, որ «աշխարհը հստակ պատկերացում է կազմում, թե ինչ էր իրականում կատարվում Երեւանում մարտի 1-2-ին», եւ որ այդ շաբաթվա ընթացքում Մեթյու Բրայզայի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբիի եւ ԵԽԽՎ ներկայացուցիչ Ջոն Պրեսկոտի հետ հանդիպումները մի շարք առումներով նպաստել են այդ գործընթացին: «Ես վստահ եմ, որ ծանոթանալով ժամանակագրությանը՝ որեւէ մեկը կասկած չի ունենա, թե իրականում ինչ է կատարվել Երեւանում»:

Ենթադրաբար պնդելով ԱՄՆ իշխանությունների աջակցության փաստը
9. Մարտի 6-ին պետքարտուղարի փոխօգնական Մեթյու Բրայզայի եւ վարչապետ Սարգսյանի հանդիպումից հետո հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկացնում էին, թե այդ հանդիպումը հստակ նշանակում էր, որ Բրայզան հավանություն է տվել Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությանը՝ «որպես գործիքի, որը կօգնի թուլացնել լարվածությունն ու գործընթացներն ուղղորդել դեպի պետական կառավարման բնականոն հուն»:

կամ գուցե՝ ոչ
10. Այնուհանդերձ, մարտի 12-ին արտգործնախարարը հայտարարեց, որ «զարմացած է» Ասոշիեյթեդ Փրեսսին` հայաստանյան այցից հետո Բրայզայի տված մեկնաբանությունների առթիվ:  «Մենք զարմացած ենք, որ նույնիսկ Երեւան այցելելուց եւ պաշտոնական ու ոչ պաշտոնական զանազան աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Բրայզան կարող էր նման վիճահարույց հայտարարություններ անել», — ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Նման միակողմանի մեղադրանքներն անհիմն են եւ անօգուտ: Իրավապահ մարմինների անձնակազմից վիրավորների թիվը (108), որոնցից 43-ը վիրավորվել են հրազենից եւ ձեռքի նռնակներից, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկներով: Սա համապատասխանում է իրավապահ մարմինների օպերատիվ տեղեկատվությանը, ըստ որի` հանրությունն զգուշացվել էր վերոնշյալի մասին մարտի մեկից օրեր առաջ: Այս պարագայում, իշխանությունների հակազդեցությունը պիտակել որպես «ընդդիմության ցույցի ցրում» կամ որակել որպես «կոշտ եւ բռնի», ճիշտ չէ»: Սա բնավ ոստիկանական հարձակում չէր քաղաքացիների վրա»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳը կրկին հավանության է արժանացրել ընտրությունները
11. Փետրվարի 19-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը միջազգային չափանիշներին «հիմնականում համապատասխանող» գնահատական տվող նախնական զեկույցից հետո, ՀՀ իշխանությունները համատարած եւ պարբերաբար պնդում էին, թե ԺՀՄԻԳ-ն ընտրությունները համարել է արդար եւ ժողովրդավարական: Նրանք երբեք ամբողջությամբ չէին նշում ԺՀՄԻԳ-ի արտահայտած մտահոգությունները: Բազմաթիվ արեւմտյան լրատվամիջոցներ ըստ էության նույն բանն էին ասում՝ թերեւս հաստատելով թե՛ ԺՀՄԻԳ-ի գնահատման սանդղակի ոչ միանշանակ լինելու հանգամանքը, թե՛ ՀՀ իշխանությունների տեղեկատվական քարոզչության հնարամտությունը:

12. Հետեւելով անցյալ շաբաթ ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցին, որն առավել մանրամասնորեն էր անդրադարձել խախտումներին, սակայն առանց որեւէ փաստացի բացասական խորագրի՝ ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի օրը հայտարարեց, որ զեկույցը վերահաստատում է ԵԱՀԿ նախնական եզրակացությունը: Սա լիովին թյուրիմացություն էր, քանի որ զեկույցը միայն հղում էր կատարել նախնական փաստերին, որոնք ընդամենը վերաբերում էին ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, ոչ թե վերահաստատել էր դրանք:

Նա հրաժարական չի տվել, այլ հեռացվել է աշխատանքից

13. Մարտի 6-ին ՀՀ իշխանությունները տեղեկացրին, որ Սարգսյանն աշխատանքից ազատել է Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանին: Ինչպես զեկուցել էինք, դեսպանատան պաշտոնյան Խառատյանից տեղեկացել է, որ վերջինս հրաժարական է տվել մարտի 3-ին: Մարտի 1-ից հետո կառավարության ապարատից այլ հնարավոր հրաժարականների (կամ պաշտոնանկությունների՝ ինչպես դրանք մամուլում կներկայացվեին) մասին որեւէ խոսք չի եղել:

ԶԼՄների արգելափակումը դադարեցվեց
14. Մարտի 10-ին նախագահ Քոչարյանը վերացրեց արտակարգ դրության որոշ բաղադրիչներ, որոնցից ամենահիշարժանը քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումն էր: Այնուհանդերձ, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներն ու հավաքների արգելումը դեռեւս ուժի մեջ են: Մարտի 12-ին Քոչարյանը հայտարարեց, որ շուտով «հրամանագիր կստորագրի արտակարգ դրության պահանջներից բխող՝ ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների մեղմացման համար»:

սակայն թույլատրվում է միայն պաշտոնական ստեր հրապարակել
15. Մարտի 12-ին Քոչարյանը պարտավորվեց մեղմացնել ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, սակայն զգուշացրեց ընդդիմությանը` որեւէ նոր բողոքի ալիք չսկսել, քանի դեռ քաղաքական բարձր լարվածությունը պահպանվում է: «Ներկայումս, արտակարգ դրության պայմաններում, մենք ձեզ ասում ենք, թե ինչ կարող եք անել ներքաղաքական իրավիճակի առումով: Հրամանագիրն ստորագրելուց հետո մենք ձեզ կասենք, թե ինչ չե՛ք կարող անել: Այդ սահմանափակումները բավականին քիչ կլինեն: Դրանք կառնչվեն սադրիչ գործողություններին, բացահայտ կեղծ տեղեկատվության տարածմանը: Դուք բոլորդ առավել ազատ կլինեք արտահայտելու ձեր տեսակետներն ու մոտեցումները եւ, ընդհանուր առմամբ, տեղեկատվություն տարածելու»:

16. Հավատարիմ մնալով իր խոսքին՝ մարտի 13-ին Քոչարյանը վերափոխեց Արտակարգ դրության հրամանագրի 4-րդ հոդվածը, որում ասվում էր. «ԶԼՄ-ներում երկրի ներքին իրավիճակի եւ պետական կարեւորություն ունեցող խնդիրների վերաբերյալ հրապարակումները պետք է սահմանափակվեն միայն պետական կառույցների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությամբ»: Այժմ սա հետեւյալ բովանդակությունն ունի. «Մամուլին արգելվում է հրապարակել կամ որեւէ այլ միջոցով տարածել երկրի ներքին իրավիճակի եւ պետական կարեւորություն ունեցող խնդիրների վերաբերյալ ակնհայտ կեղծ, ապակայունացնող տեղեկատվություն, չարտոնված հավաքներին մասնակցելու կոչեր»:

(Ծանոթագրություն. ՀՀ իշխանությունները չեն որոշակիացրել, թե ինչ է նշանակում կեղծ կամ ապակայունացնող տեղեկատվություն, սակայն հեշտությամբ կարելի է կռահել, որ դրա տակ հասկացվում է իշխանական գծի հետ ոչ համահունչ ցանկացած տեղեկատվություն, ի մասնավորի` կապված մարտի 1-2-ի դեպքերի հետ):

Նախագահ Բուշը շնորհավորե՞լ է ձեզ
17. Ի հավելումն ՀՀ կառավարության մոտ երկու շաբաթ տեւած խուսանավումների՝ վարչապետ Սարգսյանը մարտի 13-ին հայտնվեց հանրային հեռուստատեսության էկրանին՝ պատասխանելու 80 հարցի այն ավելի քան 3.000 հարցերից, որոնք ենթադրաբար ուղարկվել էին նրա՝ հապճեպ պատրաստված ինտերնետային բլոգին: Երկու ժամանոց ծրագրի ընթացքում Սարգսյանը, նստած լինելով լափթոփներով զինված օգնականներով շրջապատված սեղանի գլխամասում՝ փայտյա գահ հիշեցնող ինչ-որ աթոռի վրա, իրեն ուղղված հարցերին հիմնականում պատասխանում էր հակիրճ՝ մեկ-երկու բառով՝ մշտապես որպես հիշեցում «գովազդելով» «հաստատված ժամանակագրությունը», երբ խոսքը վերաբերում էր մարտի 1-2-ի դեպքերին: «Շնորհավորե՞լ է Ձեզ արդեն նախագահ Բուշը ընտրություններում` Ձեր հաղթանակի կապակցությամբ» հարցին Սարգսյանը պատասխանեց, որ նախագահ Բուշն «արդեն շնորհավորել էր (իրեն), երբ (ինքը) դարձել էր վարչապետ»: Արարողակարգին փոքր-ինչ ծանոթանալն ու մեր տեղեկագրերին հպանցիկ անդրադարձն ապացուցեցին այս պնդման ակնհայտ անհիմն լինելը:

Մեկնաբանություն
18. Չնայած իշխանությունների կողմից հավանություն տրվող որոշ լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունը կարող է իրականում բավականին ճշգրիտ լինել, այնուամենայնիվ` իշխանություններն իրենց հայտարարություններում եւ հրապարակային ելույթներում դեռեւս չեն կասեցնում ցցուն եւ աղաղակող անազնվության արշավը: Մենք մտահոգված ենք, որ այդ հայտարարություններից որոշները` մասնավորապես զոհվածների թվի, մարտի մեկի բռնությունների պատասխանատվության, ընտրությունների վերաբերյալ ԺՀՄԻԳ-ի եզրակացության առումով, արեւմտյան մի շարք լրատվամիջոցների կողմից կրկնվել են որպես հաստատված փաստեր՝ մի բան, որը միայն կխրախուսի ՀՀ իշխանություններին շարունակել կեղծ տեղեկատվության տարածումը: Հետեւաբար, քանի դեռ անհապաղ եւ առանց նախապայմանների չեն վերացվել մամուլի գործունեության սահմանափակումները, եւ չեն թույլատրվել անկախ տեղեկատվության տարածումն ու հետաքննությունները, իշխանությունների ցանկացած հավաստիացման հարկ է վերաբերվել ծայրահեղ թերահավատությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ի մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չավին չի խաղա «Ռեալի» հետ’