Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրում է մեծ հեռահարության զենք, մասնավորապես՝ ATACMS հրթիռներ մատակարարել։ Դրանք Կիևին հարկավոր են Ռուսաստանի տարածքին, մասնավորապես՝ Ղրիմին հարվածներ հասցնելու համար։ Վաշինգտոնը հրաժարվում է մատակարարել։
Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների և Կոնգրեսի ներկայացուցիչների։
«Այդ զենքը չտրամադրելու պատճառն այն է, որ մենք համաձայն չենք Ղրիմին հարվածներ հասցնելուն»,- թերթին ասել է ԱՄՆ Կոնգրեսի անանուն ներկայացուցիչը։
Ուկրաինացի պաշտոնատար անձինք ամերիկյան օրենսդիրներին համոզում էին, թե հրթիռներն անհրաժեշտ են հարվածներ հասցնելու համար, իբր, Ղրիմում գտնվող անօդաչուների բազային։ Մինչդեռ, նշում է թերթը, ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ մեծ հեռահարության հրթիռներ հակամարտության այս փուլում Կիևին հարկավոր չեն։ Եթե դրանք տրվեն Ուկրաինային, ապա, նրանք մտավախություն ունեն, որ Մոսկվան այդ քայլը կարող է ընկալել որպես էսկալացիա։ Բացի այդ, ամերիկյան վարչակազմը, թերթի զրուցակիցների խոսքով, չի ուզում ATACMS հրթիռներ մատակարարել Ուկրաինային՝ սեփական պաշարները չմաշեցնելու մտահոգությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։