Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվել է մի քանի տասնյակ պատանդների ազատ արձակելու դիմաց կրակի մեկշաբաթյա դադարեցման՝ Իսրայելի առաջարկած պայմաններից։
Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաների։
Նրանց տվյալներով՝ Իսրայելն ուզում էր հասնել 40 մարդու, այդ թվում՝ պատանդ մնացած բոլոր կանանց, երեխաների և տարեց տղամարդկանց ազատ արձակմանը, որոնք շտապ բուժօգնության կարիք ունեն։ Դրա դիմաց հրեական պետությունն առաջարկում էր Գազայի հատվածում մեկ շաբաթով դադարեցնել ցամաքային և օդային գործողությունները, ինչպես նաև երաշխավորում էր, որ անկլավ կհասնի մարդասիրական օգնություն։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ բանակցությունների նման արդյունքը չարժե գնահատել որպես ձախողում, խոսքն, ավելի շուտ, այն մասին է, որ պաղեստինյան շարժումը փորձում է Իսրայելից ավելի մեծ զիջումներ կորզել։ Մասնավորապես, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են իսրայելցի պատանդների վերադարձը քննարկել միայն կրակի դադարեցումից հետո։ Բացի այդ, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը պահանջում է, որ Իսրայելը ավելի քան հարյուր պատանդների դիմաց բանտերից ազատ արձակի «Իսլամական ջիհադի» բոլոր մասնակիցներին, որոնց թիվը հազարի է հասնում, նշում է պարբերականը։