‘WSJ. Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձամբ հանդիպելուց’

1623

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձամբ հանդիպելու առաջարկը:

Էրդողանը առաջիկա օրերին այցելելու է Վաշինգտոն, որպեսզի մասնակցի Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը, որի շինարարությունը ֆինանսավորել է  Թուրքիան, հաղորդել է Wall Street Journal-ը: Այցի ընթացքում նա նախատեսել էր հանդիպել ամերիկյան նախագահի հետ, սակայն ԱՄՆ ղեկավարի մամլո ծառայությունից պատասխանել են, որ երկու նախագահների անձնական հանդիպման անհրաժեշտություն չկա:

Ինչպես նշել է պարբերականը, Թուրքիայի նախագահի վերջին այցի ժամանակ՝ 2013 թ., Օբաման նրան անձամբ էր դիմավորել: Փորձագետների կարծիքով՝  այս անգամ մերժումը ոչ մի լավ բան չի խոստանում  Թուրքիայի նախագահին: «Սպիտակ տանը ցանկանում են ցույց տալ, որ Էրդողանն այլևս ցանկալի հյուր չէ իրենց համար»,- նշել է Ամերիկյան զարգացման կենտրոնի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության գծով փոխտնօրեն Մաքս Հոֆմանը: Նա նշել է, որ Էրդողանի աճող ավտորիտարիզմը և քրդերի նկատմամբ դաժան  ու անհաշտ քաղաքականությունը չեն կարող ազդեցություն չթողնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սկսեց աջակցել սիրիացի քրդերին: Վաշինգտոնում վստահ են, որ քրդերը մարտնչում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, մինչդեռ Թուրքիան քրդերին ահաբեկիչներ է համարում և հրետանային կրակի տակ պահում նրանց դիրքերը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրան» կկրճատի 500 հոգու’
Հաջորդ հոդվածը‘Պալմիրան ազատագրվել է’