‘Xотели как лучше, получилось как всегда’

1370

Սերժիկ Սարգսյանն իր «ընտրվելուց» առաջ հայտարարում էր, թե ոչ մի ընտրակեղծիք թույ չի տալու, ու պատժվելու են բոլոր ընտրակեղծարարները, բայց իր այս հայտարարությունից հետո այնպես արեց, որ Հայաստանում տեղի ունեցան ամենախայտառակ ընտրությունները, որոնք զուգորդվեցին ռազմական հեղաշրջմամբ ու իշխանության կողմից ուղղորդվող բանդաների կողմից տասը մարդու սպանությամբ, իսկ բոլորին քաջ հայտնի մարդասպաններն ու սպանության հրաման տվողներն էլ մինչ օրս չեն «բացահայտվել»:

Սերժիկ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի տնտեսության զարգացման մասին, ու շատ ժամանակ չանցած՝  դրամը 30 տոկոսով անկում ապրեց, ներդրումները կիսով չափ նվազեցին, իսկ Հայաստանն էլ դարձավ ամենամեծ տնտեսական անկում արձանագրած երկրների առաջատարը՝ չեմ էլ հիշում աֆրիկյան որ երկրից հետո:

Սերժիկ Սարգսյանը հայտարարեց Հայաստան ներգաղթ կազմակերպելու մասին, դեռ Սփյուռքի նախարարություն էլ հիմնեց ու «Արի տուն» ծրագիր իրականացրեց,  իսկ իր իշխանավարման ընթացքում արդեն 300 000 մարդ է արտագաղթել  երկրից:

Սերժիկ Սարգսյանը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը «նախաձեռնեց», որ իբր Թուրքիայի հետ սահմանները բացվեն, սակայն ոչ միայն սահմանները փակ մնացին, դեռ մի բան էլ ստորագրվեց Ցեղասպանության հարցի քննարկման պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթը:

Սերժիկ Սարգսյանը «նախաձեռնեց» ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, բայց ոչ միայն այդ փաստաթուղթը չստորագրվեց, այլև այդ փաստաթղթի պատճառով Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ չորս միլիարդ դոլարի զենք, իսկ Հայաստանն էլ հայտնվեց Ռուսաստանի մաքսային միության գրկում:

Սերժիկ Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում ինչ քայլ կատարում է, վերջում ստացվում է այնպես, որ դա Հայաստան պետության կործանմանն է ուղղված՝ ինչպիսի «հրաշալի» ու «հրեշտակային» քայլեր էլ անի: Եւ այստեղ պետք չէ բոբոներ ման գալ՝ իբր Սերժիկը չարն է, կամ հոգու խորքում ցանկանում է Հայաստանի կործանումը. պարզապես, չունենալով լեգիտիմություն ու ամբողջությամբ խրված լինելով հանցագործությունների մեջ՝ նրան ցանկացած պահի շանտաժի են ենթարկում, ու Հայաստանը ունենում է այն, ինչ ունի:

 

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսին կառաջարկվի Սիրիայում գործողությունը սահմանափակել 60 օրով’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի փուլի ավարտը’