‘YouTube-ը հրապարակել է 2014-ի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը’

1190

YouTube-ը ավանդաբար հրապարակել է տեսահոլովակների այն տասնյակի ցանկը, որոնց համբավն ավելի արագ է աճել 2014 թ. տեմպերով: Այդ մասին «Лента.ру»-ին հայտնել են Google ընկերությունում, որը YouTube-ի սեփականատերն է:

Օգտատերերի հետաքրքրության աճի արագության տեսակետից՝ աչքի է ընկել այն «կատակի» տեսագրությունը, որտեղ անցորդներին վախեցնում է հսկայական սարդի կերպարանքով շունը: Այն YouTube-ում տեղադրվել է սեպտեմբերի սկզբին և երեք ամսում ունեցել ավելի քան 113 մլն դիտում:

Համբավի տեսակետից երկրորդ տեղում Nike-ի գովազադային հոլովակն է, որն իր հեղինակության համար պարտական է ոչ միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մասնակցությանը, այլև խաղարկված ֆուտբոլային հնարքներին և հումորային տարրերին:

Առաջատարների եռյակը եզրափակում է կարճ փորձարարական FIRST KISS ֆիլմը: Տեսահոլովակի հեղինակներն առաջարկել են 20 անծանոթների համբուրվել, և հանդիսատեսները հնարավորություն են ունեցել հետևել մարդկանց տարբեր արձագանքներին:

Տարվա տեսահոլովակներում չորրորդ տեղում է «Ձայն» նախագծի իտալական վարկածի կույր լսումների մի դրվագ: Մրցույթի ժյուրիին և YouTube-ի լսարանին ցնցել են 25-ամյա իտալացի միանձնուհու՝ Քրիստինա Սկուչչիայի վոկալային տվյալները:

Երբ Apple ընկերությունն այս տարվա աշնանը վաճառքի հանեց   iPhone 6 Plus-ը, ցանցում սկսեցին դժգոհել, թե բարակ սմարթֆոնը դեֆորմացվում կամ պարզապես փտում է: Օգտատերերից շատերը դա ուզում էին տեսնել իրենց աչքով, դրա համար էլ iPhone 6 Plus Bend Test-ը գրավել է հինգերորդ տեղը:

Մեկ այլ հեռուստաշոուի՝ Britain’s Got Talent-ի տեսադրվագը զբաղեցրել է YouTube-ի վարկանիշի վեցերորդ հորիզոնականը: Գրեթե 57 մլն դիտում հավաքած տեսահոլովակը ներկայացնում է երկու պատանիների կատարումը, որոնց հայտնի հեռուստահաղորդավար Սայմոն Քոուելն անմիջապես անցկացնում է եզրափակիչ փուլ՝ սեղմելով կանաչ կոճակը:

Եւս մի գովազդային տեսահոլովակ օգտատերերի սիրտը գրավել է շնիկի և ձիու բարեկամության մասին պատմությամբ: Այն նաև մտել էYouTube-ի՝ ամենաարագ աճ ունեցող  տեսահոլովակների եռյակի մեջ:

Անցնող տարում մեծ հետաքրքրություն է առաջացրել ևս մի կատակային տեսահոլովակ, որտեղ արձանագրվել է անցորդների արձագանքը սովորական մանկասայլակից դուրս թռչող՝ երեխայի սարսափելի դեմքով խաղալիքին:

Իններորդ հորիզոնականում կրկին հումորային վիդեո է՝ երգիծական ռեփ-մենամարտ կոմիքսների հերոսների միջև:

Վերջապես, թոփ-տասնյակը եզրափակում է տեսափորձը. սովորական ջինսով ու շապիկով աղջիկը 10 ժամ քայլում է Նյու Յորքի փողոցներով: Տեսաերիզում հավաքված են նրա զբոսանքի այն դրվագները, երբ արական սեռի անցորդները փորձում են խոսել նրա հետ, քննարկում նրա արտաքինը և սրախոսություններ  են բաց թողնում: YouTube-ի տեսահոլովակը նպատակ ունի լսարանի ուշադրությունը հրավիրել փողոցում կանանց հետապնդելու խնդրին, եթե անգամ նրանք ճչացող հագուստով չեն:

YouTube-ի թոփ-մենեջեր Քևին Ալլոքայի խոսքով՝ սովորաբար ամեն տարի ամենահայտնի տեսահոլովակների թվում լինում են մեկ-երկու «ընտանեկան»՝ ոչ պրոֆեսիոնալ նկարահանումներ: Սակայն այս տարվա վարկանիշը ցույց է տալիս, որ օգտատերերն, այնուամենայնիվ, հակված են դիտոլ պրոֆեսիոնալ նկարահանումներ:

Արագ աճ արձանագրող կատեգորիաների թվում YouTube-ը առանձնացնում է կրթական տեսահոլովակները, երեխաների համար նախատեսված վիդեոն, երաժշտական հոլովակները: Իզուր չէ, որ վերջերս թողարկվել է առանձին, վճարովի YouTube Music Key  երաժշտական սերվիսը: Ամենահայտնի  YouTube-հոլովակը, տարվա արդյունքներով՝ Քեթի Փերիի Dark Horse կոմպոզիցիան է: Բացի այդ՝ օգտատերերը մեծ հետաքրքրություն են դրսևորել Էնրիկե Իգլեսիասի  Bailando հոլովակի և Շաքիրայի ու Ռիհանայի համատեղ Can’t Remember to Forget You կոմպոզիցիայի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ՊՆ-ն հերքում է իբր հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով’