‘ Ադիբեկյան. Հարցումը սկսում ենք մեր միջոցներով, հետո պատվեր ենք ունենում, եւ էս ծախսերը ինքը փակում ա’

1071

Տխրահռչակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրերս նորից հրապարակել է հերթական հարցումների «արդյունքները»: Այս անգամ արդեն Ադիբեկյանի հարցումները միտված են նախագահական ընտրություններին: Եւ ուշադրություն՝ այս հարցումներով եւս Ադիբեկյանը բավականին «ուշագրավ» արդյունքներ է ներկայացրել: Ըստ Ադիբեկյանի՝ իրենք փորձել են պարզել, թե հասարակությունը նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես ընդդիմադիր միասնական թեկնածու: Արդյունքում՝ Ադիբեկյանը ներկայացրել էր այսպիսի տվյալներ. «Հարցվածների 32,4 տոկոսը ցանկալի թեկնածու է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին, 8,7 տոկոսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, 3,4 տոկոսը` դաշնակցական Վահան Հովհաննիսյանին, իսկ 2,5 տոկոսը` դաշնակցական Արմեն Ռուստամյանին»:

Ստորեւ ներկայացնում ենք` Ահարոն Ադիբեկյանի հետ մեր զրույցը, որն արվել է այդ թվերի հրապարակումից հետո:

 

Պարոն Ադիբեկյան, նախագահական ընտրություններից առաջ շա՞տ պատվերներ ունեք:

-Պատվերներ չկան, բայց մենք հարցումները սկսել ենք, որ հետագայում կարողանանք ճիշտ կանխորոշենք ելքը:

Այսինքն՝ այդ հարցումը ձե՞ր նախաձեռնությամբ եք արել:

-Միշտ էլ մեր նախաձեռնությունն է լինում: Մենք հարցումը սկսում ենք մեր միջոցներով, հետո պատվեր ենք ունենում, եւ էս ծախսերը ինքը փակում ա:

Իսկ ինչքան՞ պետք է լինի պատվերը, որ կարողանա ձեր ծախսերը փակել:

-Վ պրինցիպի` նայած ճշտության ինչ աստիճան ա պետք: Եթե կանխատեսումներով թեկնածուների տարբերությունը մեծ է, ավելի թեթեւ ենք անում, ինչքան ավելի մոտ են` այնքան ավելի թանկ: Միջինի գինը սկսում է` 3- 3,5 մլն դրամից, որովհետեւ մենք անում ենք 2 օրում, 82-90 բնակավայրում եւ Երեւանում, մենք կարող ենք մեքենա նստացնել, ուղարկել հարցում անելու, հետո 20-30 հոգով դա մշակել, որ կարողանանք ներկայացնել պատվիրատուին` իրավիճակի փոփոխությունը հիմնական ընտրարշավի ընթացքում:

Հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններին շատ քիչ է մնացել, եւ այս հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ մեծ է, ըստ այդմ՝ որքա՞ն կարող է լինել մեկ պատվերի գինը:

-Գինը մնում է նույնը` ուղղակի կարեւոր է, թե հիմնական մրցակիցների մեջ տարբերությունը որքան է: Հիմա հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ իշխանական թեւի թեկնածուին, եւ արդեն դուք տարբերությունը կզգաք, որ եթե այդ աստիճան նուրբ չեղավ, ուրեմն, կանխատեսումը կլինի սխալ: ԱԺ ընտրությունների վերաբերյալ 11 կանխատեսում եղավ, բայց ամենաճիշտը մեր կանխատեսումն էր:

Իսկ իշխանական թեւից դեռ պատվեր չե՞ք ստացել:

-Ոչ: Ինչքան գիտեմ` իրենք դեռ շտաբ էլ չունեն: Ընդամենը խոսակցություններ են: Դեռ սպասում ենք գրանցմանը: Նոյեմբերին երեւի:

Այսինքն, նոյեմբերի՞ց նոր կսկսեն ձեր պատվերները:

-Ինձ թվում ա՝ հա, եթե լինի պատվեր, կսկսվի նոյեմբերից:

Իսկ իշխանական թեկնածուները նախընտրականից մինչեւ ընտրությունների ավարտը քանի՞ պատվեր են տալիս ձեզ սովորաբար:

-Եթե նայում ենք այս ԱԺ ըտնրությունները, իշխանությունները հիմնականում 2-3 կազմակերպության են պատվիրել, որ հանկարծ եթե մեկը սխալվի, գոնե մյուսի կանխատեսումը լինի ճիշտ:

Ի՞նչ եք կարծում, իշխանությունները վստահո՞ւմ են ձեր հարցումների արդյունքներին:

-Եթե ես 100 տոկոսանոց կանխատեսում եմ անում, կարո՞ղ ա չվստահեն:

Բա էդ դեպքում ինչո՞ւ ընդդիմադիրները, հասարակությունը չեն վստահում ձեզ, հավաստի չեն համարում ձեր հարցումները:

-Այս ԱԺ ընտրությունների ժամանակ մի շվեդական ընկերություն արեց հարցումներ` 20 տոկոսանոց սխալով:  

Ինչո՞վ էր այդ սխալն արտահայտված եղել, իշխանությունների ձայներն ավելի քի՞չ էին:

-Ոչ միայն, տարբեր: Օրինակ` ՕԵԿ-ին, Ժառանգությանը եւ ՀՅԴ-ին ասում էին չեն անցնելու, եւ միայն 3 կուսակցություն պիտի անցներ` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ: Իսկ մենք ոնց տվել ենք, այնպես էլ եղել ա:

Բայց, ամեն դեպքում, տարօրինակ չէ՞, որ ձեր հրապարակած տվյալները միշտ համընկնում են ԿԸՀի տվյալների հետ:

-Մեր մասնագիտական մակարդակին ոչ ոք չի հասնի` ոչ ներսում, ոչ դրսում: Չինաստանից Մեքսիկա, Ուրուգվայ ու Արգենտինա՝ մեր տվյալներն ընդունվում են որպես ճիշտ կանխատեսվող տվյալներ: Բաներ կան, որ ոչ մեկը չի տեսնում` մենակ մենք ենք տեսնում: Եթե ընտրես ոչ համաչափ գյուղեր, գյուղը կարող ա լինի ՕԵԿ-ական, դաշնակցական, կամ ԲՀԿ-ական, ՀՀԿ-ական, տվյալների լրիվ շեղում կլինի:

Պարոն Ադիբեկյան, եթե իշխանական թեկնածուն ձեզ հարցումների պատվեր չտա, էլի՞ անելու եք հարցում:

-Իհարկե, որովհետեւ ես անում եմ հայ ժողովրդի համար: Հետո իրանցով հո Հայաստանի պատմությունը չի ավարտվում: Հաջորդներն են գալիս, մենք անում ենք կանխատեսումներ տասնամյակների առումով:

Իսկ իշխանական գործիչը եթե հարցման պատվեր է տալիս, արդյունքը վճարից կախված կարո՞ղ է փոխվել:

-Վճարը կախված է միայն սխալանքի տոկոսից: Եթե սխալանքի տոկոսը ցածր է` գինը բարձրանում է: Եթե տոկոսը մեծ է, գինը իջնում է:

Իսկ ի՞նչ կլինի, եթե, ասենք, ՕԵԿը գա եւ քառակի վճարի ու ասի, որ մի քանի անգամ շատ արդյունք հրապարակեք:

-Տենց բան չկա: Ինձ կոմունիստները վճարել են, եւ ես ասել եմ` դուք պարտվելու եք, ինձ դաշնակները վճարել են, ես ասել եմ` դուք պարտվում եք: Եղել ա, որ 4 կուսակցություն են պատվիրել` ամեն մեկը իր վարկանշը ստացել ա: Ինձ չի կարելի գնել: Ուղղակի, քանի որ պայմանագրով այդ հարցումները պատվիրատուի սեփականությունն են, նրանք կարող են ինձ թույլ տալ հրապարակել, կարող են արգելել: Երբ 4 հատ է լինում, ես ասում եմ` գիտես, ես սրա պատվերն էլ եմ կատարոմ, մենք պայմամավորվում ենք, որ ես պիտի հրապարակեմ: Ես հրապարակում եմ, հետո ինձ ասում են, որ ես սուտ եմ խոսում: Էդ առումով, մենք մեր բարոյական արժեքները գիտական արժեքներին համապատասխանենցում ենք:

Այնուամենայնիվ, ձեզ համար տարօրինակ չէ՞, որ մշտապես իշխանությունների հաղթանակն եք կանխատեսում:

-Ոչ միայն իշխանությունների: Ընդդիմությանն էլ:

Բայց, օրինակ, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին այլ թիվ էիք կանխատեսել, իսկ արդյունքում, անգամ պաշտոնական տվյալներով նա մի քանի անգամ ավելի ձայն ստացավ:

-Տեսնո՞ւմ ես, ուրեմն, դու վերցնում ես ելակետայինը, չես տեսում՝ հետո ես ինչ եմ ասել: Ելակետայինը 6,5 էր, հասել էր 15-ից ավելիի, հետո ասեցի, որ 7 տոկոսը կախված էր` մի դեպք՝ կարող էր Արթուր Բաղդասրայանին անցներ, մյուս դեպք` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Անցան իրեն ` դառնում է 24 տոկոս:

Պարոն Ադիբեկյան, կարո՞ղ է՝ ԿԸՀն նայում է ձեր հրապարակած տվյալներին, եւ հետո, ըստ այդմ էլ, վերջնական արդյունքներ է  հրապարկում:

-Չէ, դա բլեֆ է, դա կարող էիք առաջ ասեիք, բայց էս վերջի ընտրությունները ցույց տվեցին, որ դա լրիվ բլեֆ է: Հաջողություն:

Զրուցեց Քրիստինե Խանումյանը

Ծաղրանկարը՝ Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

 

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակի» թեկնածուների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 30-ին’
Հաջորդ հոդվածը‘ՎՏԲ բանկի դիմաց բնապահպաններն ակցիա են անցկացնում (ֆոտոռեպորտաժ)’