‘Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել’

663

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովը, ով ներկայումս բնակվում է Նորվեգիայում, կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի ղեկավարության անհիմն ռազմատենչ հայտարարությունները, փոխանցում է News.am-ը:

«Թշնամին ծիծաղում է այդ իշխանության վրա»,- «Azpolitika.com»-ի հետ հարցազրույցում ասել է Իսա Սադիգովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շուտով Ադրբեջանի հաղթանակի օրը նշելու մասին հայտարարությունը:

Նախկին պաշտոնյայի խոսքով` ադրբեջանական ժողովուրդն արդեն 18 տարի նույն արտահայտությունն է լսում: «Հիշո՞ւմ եք, Հեյդար Ալիեւը նույնպես նման խոստումներ էր տալիս: Դրանք կեղծ եւ դատարկ խոստումներ են: Հավատացեք, նրանք իրենց դրել են այնպիսի զավեշտալի իրավիճակի մեջ, որ նրանց վրա ծիծաղում ենք ոչ միայն մենք, այլեւ թշնամին: Մեկ նա ասում է, որ զարգացման տեմպերը պետք է դադարեցնել, քանի որ ողջ աշխարհը նախանձում է  մեզ: Թող քանդվի այն աշխարհը, որ դրան կնախանձի: Մեկ ասում է, որ բացել է 700 հազար աշխատատեղ: Հիմա էլ  խոսում է հաղթանակի մասին: Նա իր հաղթանակները տանում է միայն սեփական անպաշտպան, սոված ժողովրդի նկատմամբ` սպանելով, ծեծելով եւ ձերբակալելով: Պետք է հարցնել` ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը: Միգուցե նա պատրաստվում է ընտրություններից հետո իր հաղթանակին, ինչպես 2003-2005 թվականներին: Նրա հաղթանակները ոչ մի կապ չունեն Ղարաբաղի հետ: Սա ես ձեզ համոզված եմ ասում: Այդ անձը չի մարտնչելու»,-հայտարարել է Սադիգովը:

Նախորդ հոդվածը‘Առաջիկայում կուսումնասիրվեն վառելիքի, ավիացիայի և դեղորայքի շուկաները’
Հաջորդ հոդվածը‘Քրիստոնյան կառաջնորդի սիրիական ընդդիմությանը ‘