‘Ադրբեջանում ամբոխը հարձակվել է նախագահի ընդդիմադիր թեկնածուի վրա’

886

Երեկ՝ հունվարի 13-ին, Ադրբեջանում հարձակում է կատարվել վերջերս նախագահի պաշտոնի համար առաջադրված ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի նկատմամբ, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Contact. az-ը: Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը, երբ Ղամբարն ու իր զինակիցները ժամանել են Ադրբեջանի հարավային շրջկենտրոն Լենքորան քաղաք, ուր մտադիր էին մասնակցել կուսակցության մարզային կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Քաղաքի մուտքի մոտ մի քանի ավտոմեքենա փակել են ընդդիմադիրների շարասյան ճանապարհը, այնուհետև այնտեղ հավաքված ամբոխը (ըստ SalamNews-ի մոտավորապես 100 հոգի) սկսել է ընդդիմադիրների ուղղությամբ ձվեր և տարբեր առարկաներ շպրտել: Մի խումբ մարդիկ հարձակվել են այն ավտոմեքենայի վրա, որում եղել է «Մուսավաթի» առաջնորդը, կոտրել ապակիները ու պոկել համարանիշերը: Ցուցարարների գործողություններն ուղեկցվել են «Իսա Ղամբար, մենք ձեզ ճանաչում ենք», «Մենք ձեզ չենք ուզում» բացականչություններով: Ըստ նույն աղբյուրի՝ «Մուսավաթի» առաջնորդը չի տուժել: Այնուամենայնիվ, Ղամբարը որոշել է հրաժարվել Լենքորան այցից և հեռացել է դեպքի վայրից՝ «հարձակվողների շրջափակման մեջ թողնելով կուսակիցներին»: «Մուսավաթը» պնդում է, որ ամբոխը, որտեղ նաև կանայք են եղել, ուղղորդվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին «Մուսավաթ» կուսակցության գերագույն խորհուրդը 56-ամյա Իսա Ղամբարի թեկնածությունն առաջադրել է 2013 թ. աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին:

Նախորդ հոդվածը‘Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաների քառամյա ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշմոբ. «Մետրոյում՝ առանց շալվարի» (տեսանյութ)’