‘
Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլլաեւը մեկնաբանել է Վրաստանի նոր կառավարության հայտարարությոնն այն մասին, որ անհրաժեշտ է նվազեցնել երկիր մուտք գործող էներգակիրների գինը: Ըստ ադրբեջանական ԱԼՄ-ների, Աբդուլլաեւը նշել է, որ նմանատիպ հայտարարություններն ընդամենը Վրաստանում վերջերս ավարտված ընտրական գործընթացների մի մասն են:
«Նրանք էյֆորիայի մեջ են: Նրանք դեռ պետք է գրասենյակ մտնեն, փաստաթղթերի հետ ծանոթանան: Իրական հայտարարությւոնները միայն դրանից հետո կարվեն», — ասել է պաշտոնյան:
Վրաստանի նորանշանակ էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին օրերս չի բացառել ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵՍ»-ի եւ ադրբեջանական SOCAR-ի հետ պայմանագրերը վերանայելու հավանականությունը: Նա նշել է, թե ճիշտ չէ, երբ ներդրողները փորձում են հինգ տարվա ընթացքում լուրջ շահույթներ ստանալ:
Մինչ այդ էլ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է գազի գնի նվազեցման մտադրության մասին:
Իսկ այդ ընթացքում, SOCAR-ը գնել է «Իտերա» միջազգային էներգետիկ ընկերության վրացական մասնաճյուղի բաժնետոմսերը: Դրա շնորհիվ ադրբեջանական պետական ընկերությունը իրավունք է ձեռք բերել գազ վաճառել Վրաստանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Թբիլիսիի:
‘