‘Ալան Թյուրինգին՝ գաղտնագրեր կոտրողին և գեյին, հետմահու ներում է շնորհվել’

1383

Մեծ Բրիտանիայի թագուհին հետմահու ներում է շնորհել մաթեմատիկոս Ալան Թյուրինգին, ով մեծ ավանդ ունի նացիստական Գերմանիայի գաղտնագրերը վերծանելու գործում և պատերազմից հետո դատապարտվել էր արվամոլության մեղադրանքով: Ներումը շնորհվել է արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգի խնդրանքով: «Դոկտոր Ալան Թյուրինգը փայլուն ուղեղի տեր բացառիկ մարդ էր: Նրա կյանքի վերջին տարիները մռայլվեցին համասեռական պահվածքի պատճառով, թեպետ այսօր մենք դատական այդ որոշումը կհամարեինք անարդար և խտրական: Այժմ այդ որոշումը չեղյալ է հայտարարվել»,- ասել է արդարադատության նախարարը: Ի դեպ, Անգլիայում և Ուելսում համասեռական կապերը տղամարդկանց միջև քրեական հանցագործություն են համարվել մինչև 1967 թվականը:

Ներումն ուժի մեջ է մտնում այսօրվանից: «Թյուրինգն արժանի է, որ հիշեն իրեն, ճանաչեն նրա յուրօրինակ ավանդը պատերազմում և նրա գիտական ժառանգությունը»,- հավելել է Գրեյլինգը:

Շատերի համոզմամբ՝ Թյուրինգը մեծ ավանդ ունի գերմանական «Էնիգմա» մեքենայի ստեղծած գաղտնագրերը վերծանելու հարցում: Առաջին հերթին՝ դա օգնել էր որսալ գերմանական ստորջրյա նավատորմի հաղորդագրությունները , հետևել սուզանավերի տեղաշարժին և այդ կերպ արագացնել Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակը: Թյուրինգը նաև համարվում է արհեստական ինտելեկտի տեսության հիմնադիրներից մեկը. հենց նա է ձևակերպել «Թյուրինգի թեստը»՝ եթե մեքենան ընդունակ է խոսակցություն վարել մարդու հետ, ապա նա համարվում է ինտելեկտի կրող:

1954 թ.՝ 41 տարեկան հասակում, Թյուրինգին մահացած են գտել թունավորման հետքերով: Դատական հետաքննությունը եզրակացրել էր, որ դա ինքնասպանություն է, սակայն գիտնականի բարեկամներն ու կենսագիրները հակված են դժբախտ պատահարի վարկածին, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մետաղյա ջարդոններով ապօրինաբար փակել են ընդհանուր ճանապարհը. (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպանները գրավել են Ուզբեկստանի նախագահի դստեր առանձնատունը’