‘Մետաղյա ջարդոններով ապօրինաբար փակել են ընդհանուր ճանապարհը. (Տեսանյութ)’

1297

Երևանի Այվազովսկու փող. 4/7 հասցեում գտնվող չորս ընկերությունները դեռևս տարիներ առաջ սեփականացրել են որոշակի տարածք և կատարել ներդրումներ՝ հետագա գործունեություն ծավալելու նպատակով:

Սակայն 2013 թվականին պարզ է դարձել, որ ընդհանուր օգտագործման ճանապարհը օրենքի խախտումներով վաճառվել է՝ չնայած որ սեփականաշնորհման վարչության կողմից գրավոր տրամադրվել էր հատուկ տեղեկանք, որի համաձայն՝ ավտոճանապարհները, հանդիսանալով ընդհանուր օգտագործման տարածք,կարող են սեփականացվել միայն սեփականատերերի համաձայնության պարագայում:

Այսպիսով՝ անհայտ ձևով այդ ճանապարհը հայտնվել է «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ-ի սեփականաշնորհման վկայականի մեջ: «ՄՈՄ ԶԱՎ» ՍՊԸ-ի, «Սարգիս Խանոյան» ՍՊԸ-ի, Դավիթ Հարությունյանի և Ալլա Աբրահամյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով: 

Չնայած այն փաստին, որ դատարանը վճիռ է կայացրել կասեցնելու աշխատանքները՝ մինչև ճանապարհների հարցի լուծումը, «Մետեքս» ՓԲԸ-ի տնօրեն Հարությունյան Միշայի կողմից սկսվել են անօրինական գործողություններ. նրանք փորձել են դռներով փակել ճանապարհը: Սակայն սեփականատերերը խոչընդոտել են շինարարական աշխատանքներին` դիմելով քաղաքապետարան: Տեսնելով, որ շինարարությունը անհնար է շարունակել, Հարությունյան Միշայի աշխատակիցները ճանապարհը փակել են մետաղյա ջարդոններով՝ հայտարարելով, թե դատարանի վճիռն իրենց չի հետաքրքրում:

Այնուհետև ներկայացել են նաև Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, ովքեր որևէ գործողություն չեն ձեռնարկել: Քիչ անց պարզվել է, որ ԴԱՀԿ-ի ղեկավարը հանդիսանում է Միշա Հարությունյանի քրոջ տղան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Ալյոխինան և Տոլոկոննիկովան հանդիպել են Կրասնոյարսկում’
Հաջորդ հոդվածը‘Ալան Թյուրինգին՝ գաղտնագրեր կոտրողին և գեյին, հետմահու ներում է շնորհվել’