‘Ալբանիայում հանրահավաքը գնդակոծելու առնչությամբ քաղաքական ճգնաժամ է հասունանում’

660

Ալբանիայի դատարանն արդարացրել է երկու բարձրաստիճան ոստիկանների, ովքեր անցնում էին 2011 թ. ընդդիմության հանրահավաքը գնդակահարելու և երեք հոգու սպանության աղմկոտ գործով, ինչը սրել է քաղաքական լարվածությունը երկրում,   РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ողբերգությամբ ավարտված հանրահավաքը տեղի է ունեցել 2011 թ. հունվարի 21-ին, առնվազն 20 հազար մասնակիցներով: Սոցիալիստական կուսակցության կողմից առաջնորդվող ընդդիմադիրները պահանջում էին կոռուպցիայի մեջ կասկածվող նախարարների և վարչապետի հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Հանրահավաքը վերաճել էր ընդհարման ոստիկանության հետ, իսկ ցուցարարների ուղղությամբ կրակահերթեր էին արձակվել, որոնց հետևանքով սպանվել էր չորս հոգի: Փորձաքննությունը պարզել էր, որ բոլորը զոհվել էին իրավապահների արձակած գնդակներից:

Մեղադրյալների աթոռին էին հայտնվել Հանրապետական գվարդիայի (ոստիկանության էլիտար ստորաբաժանման) ղեկավար Նդրեա Պրենդին և նույն ջոկատի ավագ սպա Ագիմ Լուպոն, ովքեր մեղադրվում էին երեք ցուցարաների սպանության մեջ: Չորրորդ զոհի մահվան գծով մեղադրյալներ չեն եղել: Բարձրաստիճան ոստիկանները պնդել են, որ իրենք օդ են կրակել, իսկ նրանց փաստաբանների կարծիքով՝ սպանվածները հետահարված գնդակների զոհ են դարձել:

Դատախազությունը մեղադրյալների համար պահանջում էր 20 տարվա ազատազրկում, սակայն դատարանը Պրենդիի և Լուպոյի մեղքն ապացուցված չի համարել և արդարացրել է նրանց ու ոստիկանության ևս մի սպայի, որը թաքցրել էր հանրահավաքի գնդակոծության ապացույցները:

Արդարացնող դատավճիռը մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը հինգշաբթի հայտարարել է, թե դուրս է գալիս խորհրդարանից, իսկ զոհերից մեկի որդին հրապարակավ սպառնացել է արյունալի վրեժ լուծել ոստիկաններից: 

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս կառավարությունից վերցնել 32 մլրդ դրամ առանց գրավի՝ տարեկան 0.001 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյո. Հարթը խաբեց ինձ’