‘Ինչպե՞ս կառավարությունից վերցնել 32 մլրդ դրամ առանց գրավի՝ տարեկան 0.001 տոկոսով’

1401

Բառացիորեն երկու օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Աժ-ում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ սրտաճմլիկ խոսքեր էր ասում մրցակցության մասին։

Անդրադառնալով «Կարֆուրի» հայտնի թեմային՝ նա ասել էր, թե ՀՀ կառավարությունը «խիստ շահագրգռված է», որ սուպերմարկետների այդ ցանցը ներկայացված լինի Հայաստանում, որովհետև «… նա աշխարհով մեկ մատուցում է այնպիսի ապրանքներ, որոնք ցանկացած տնտեսության համար կարևոր են մրցակցային դաշտ ձևավորելու համար»։ Երբ մեր պաշտոնյաները խոսում են «մրցակցային դաշտի» մասին, ներկաները թունդ հուզվում են։ «Մրցակցային դաշտ»–ով այդքան «խիստ շահագրգռված» մեր կառավարությունը երեկ մի որոշում է ընդունել, որի ուսումնասիրությունից կասկածներ են առաջանում՝ մեր կառավարությունում ընդհանրապես գիտե՞ն, թե ինչ է նշանակում «մրցակցային դաշտ», «տնտեսական մրցակցություն», «հավասար պայմաններ»…։ Հիմա՝ ամեն ինչ հերթով։ Կառավարության երեկվա նիստի օրակարգ հապճեպ մտցվել է գյուղացիներին «մատչելի գնով» դիզվառելիք և պարարտանյութ տրամադրելու հարցը։ Ընդունված որոշման համաձայն՝ Հայաստան կներկվի ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութ և 17 հազար տոննա դիզվառելիք։ Պարարտանյութը կվաճառվի մեկ պարկը 6 հազար դրամով, իսկ մեկ լիտր դիզվառելիքը՝ 350 դրամով։ Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում, թե ինչպես և ում են բաշխելու այս պարարտանյութն ու դիզվառելիքը, բայց դրա մասին՝ մեկ այլ առիթով։ Առայժմ ուսումնասիրենք, թե ովքեր և ինչպես են ներկրելու և բաշխելու նշված ապրանքները։ Երեք անգամից գուշակեք, թե ով է ներկրելու դիզվառելիքը։ Դե իհարկե, «Ֆլեշ» ընկերությունը։ Ներկայիս Հայաստանի տնտեսական և քաղաքական անցուդարձին ծանոթ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ որևէ այլ ընկերության այդ պատվերը չէր հասնի։ Որպեսզի «Ֆլեշը» իր բերած դիզվառելիքը գյուղացիներին վաճառի ոչ թե շուկայական գնով՝ 470 դրամով, այլ «մատչելի»՝ 350 դրամով, կառավարությունը պետական բյուջեից այդ ընկերությանը հատկացնելու է մոտ 1.8 մլրդ դրամ կամ 4.4 մլն դոլար։ Այսինքն՝ այդ գումարով ծածկվելու է շուկայական գնի և «մատչելի» գնի տարբերությունը։ Ինչպես է որոշվել, որ հենց «Ֆլեշը», միայն «Ֆլեշը» և բացառապես «Ֆլեշը» կարող այդ գործը կազմակերպել։ Միակ և անկրկնելի կազմակերպությանը որոշելու համար ամենաճիշտ եղանակը միջազգային մրցույթ կազմակերպելն է։ Այսինքն՝ հայտարարում ես, որ կառավարությունը ուզում է այսքան գումար հատկացնել այն ընկերությանը, որը դիզվառելիք կներկրի և 350 դրամով կվաճառի գյուղացիներին։ Գուցե մի որևէ օտարերկրյա ընկերություն արձագանքի ու ասի, թե՝ եղբայր, ինձ 4.4 միլիոն դոլարի փոխարեն 3 միլիոն դոլար էլ տաք, կբերեմ ու կբաշխեմ։ Բայց քանի որ մեր կառավարությունը «խիստ», շատ «խիստ» է կարևորում տնտեսական մրցակցությունը, ուստի ինքն իրենով նստում ու մտածում է, թե ո՞ր ընկերությանը տանք այդ պատվերը։ Ու ընտրությունը միշտ ընկնում է հենց «Ֆլեշի», միայն «Ֆլեշի» և բացառապես «Ֆլեշի» վրա։ Բայց սա դեռ ամենը չէ։ «Ֆլեշը» գոնե իր փողերն է ծախսում այդ դիզվառելիքը ներկրելու վրա և կառավարությունից ստանում է միայն սուբսիդավորման չափը։ Այն, ինչ կառավարությանը որոշել է «մատչելի» պարարտանյութի մասով, դա ընդհանրապես զավեշտ է։ Նշված «Բերրիություն» ընկերությունը ոչ մի լումա սեփական միջոցներից չի ծախսելու։ Կառավարությունը 32 միլիարդ դրամ բյուջետային վարկ է տրամադրելու այդ ընկերությանը տարեկան, պինդ բռնվեք, 0.001 տոկոսով։ Ընդ որում՝ առանց գրավի։ Սրան էլ գումարած 171 միլիոն դրամ, որպեսզի կազմակերպի գնված պարարտանյութի տեղափոխումը և բաշխումը։ Այ քեզ «մրցակցային դաշտ»։ Փաստորեն՝ այս ընկերությունը բացարձակապես ոչ մի բիզնես ռիսկի չի ենթարկվելու։ Կառավարությունը նրան, ըստ էության՝ առանց տոկոսի ու առանց գրավի, վարկ է տալու, նա գնալու է արտերկրից գնի այդ պարարտանյութը, կառավարության տված փողով տեղափոխի Հայաստան ու գյուղացիներին վաճառի պարկը 6 հազար դրամով։ Ցանկացած մանկապարտեզի երեխա էլ կարող է այսպիսի բիզնեսով զբաղվել։ Տուժելու ոչ մի ռիսկ չկա։ Եթե հանկարծ ճանապարհին, ասենք, անձրև գա ու պարարտանյութը լվանա տանի, ապա վատ կազմակերպված այդ «բիզնեսի» համար վճարելու է ո՞վ, կառավարությունը, ում հաշվի՞ն՝ հարկատուների։ Իսկ եթե պարարտանյութի ներկրումը հաջողի, ապա հսկայական շահույթը կգնա ո՞ւմ՝ ընկերությանը։ Դրանից ո՞վ չի շահի՝ մենք՝ հարկատուներս։ Չքնաղ «բիզնես է»։ Կարևորը, որ այս պատմությունից ցցուն երևում է, թե ինչպես է կառավարությունը «խիստ» կարևորում մրցակցային դաշտը։ Այս տեսակ «բիզնեսները» հաստատ կազմելու են «Ապահով Հայաստանի» տնտեսական հենքը։ Ափսոս, որ այդպիսի բիզնեսով կարող են զբաղվել ընդամենը մի քանի «ապահովված» «բիզնեսմեններ»։

 Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրի դուստրը իսլամ չի ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Ալբանիայում հանրահավաքը գնդակոծելու առնչությամբ քաղաքական ճգնաժամ է հասունանում’