‘Ալեքս Ֆերգյուսոնը փոխեց իր որոշումը, իսկ Ռայան Գիգզը պատմական ցուցանիշ գրանցեց. Տեսանյութ’

534

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ խաղից (2:0) հետո հայտնել է, որ թիմի մեկնարկային կազմի վրա ազդել է չեմպիոնի իրենց հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթիի» պարտությունը «Սաութհեմթոնից»՝ (1:3):

«Այո, «Սիթիի» պարտությունն ազդեց իմ որոշման վրա: Ես մտածում էի, որ մեկնարկային կազմում յոթ փոխարինում կանեմ, սակայն հետո, երբ իմացա հանդիպման հաշիվը, որոշեցի, որ «Էվերթոնի» հետ խաղը ավելի կարեւոր է դարձել, որովհետեւ այն մեզ ավելի վստահ առաջատարություն կապահովեր: Փոխարինումներ մենք ավելի ուշ կանենք՝ մրցաշրջանի մյուս հանդիպումներում», ասել է Ֆերգյուսոնը:

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի ամրապնդեց իր առաջատար դիրքերը եւ արդեն 12 միավորով է գերազանցում «Մանչեսթեր Սիթիին»:

Ի դեպ, այս խաղում մեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. «Մանչեսթերի» կազմում գոլի հեղինակ դարձավ 39-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզը, եւ փաստորեն, նա Անգլիայի բարձրագույն առաջնությունում աչքի է ընկնում 23-րդ մրցաշրջանն անընդմեջ: Պարզապես անհավանական ցուցանիշ, որը մեծ հավանականությամբ, երբեւիցե չի գերազանցվի: Հետաքրքիր է նաեւ, Գիգզը Անգլիայի Պրեմիեր լիգայի միակ ֆուտբոլիստն է, որ Լիգայի ստեղծվելուց հետո բոլոր մրցաշրջաններում գոլ է խփել:

Նախորդ հոդվածը‘«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն՝ «Գրեմմիի» մրցանակակիրներ՝ «Տարվա լավագույն երգի» համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 12-ին ամենուրեք սպասվում են տեղումներ ‘