‘Ալժիրում պատանդ վերցրած գրոհայինները շրջապատվել են’

587

Ալժիրցի զինվորները շրջապատել են Մալիի գրոհայիններին, որոնք պատանդ էին վերցրել բնական գազի հանքավայրում աշխատող տեղացի և արտասահմանցի մասնագետների, հաղորդում է BBC News-ը: Ալժիրի ներքին գործերի նախարար Դահո Օուլդ Կաբիլան հայտարարել է, որ ալժիրյան կողմը հրաժարվում է ցանկացած բանակցությունից ահաբեկիչների հետ: Նրա խոսքերով՝ մալիացի գրոհայինները պահանջում են բավարար քանակի վառելանյութով լիցքավորված տրանսպորտ և անվտանգ միջանցք՝ մինչև Մալիի սահմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհայինները (պատանդների առևանգման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդան») պահանջում են դադարեցնել Ֆրանսիայի ռազմական ներխուժումը Մալիում, ինչպես նաև՝ ալժիրյան բանտերից ազատ արձակել իրենց հարյուրի չափ զինակիցներին:

Ահաբեկիչների ձեռքում է հայտնվել 41 պատանդ, այդ թվում՝ յոթ ամերիկացի, տասներեք նորվեգացի, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, ճապոնացիներ և իռլանդացիներ: Ահաբեկիչները գրավել էին այն ավտոբուսը, որը բրիտանական BP ընկերությանը պատկանող հանքավայրից բանվորներին տեղափոխում էր օդանավակայան: Պատանդ վերցնելով՝ գրոհայինները փորձել էին երեք ջիփերով ներխուժել գազարդյունաբերական ձեռնարկության գլխավոր շենքը, սակայն դա նրանց չէր հաջողվել, և նրանք դիրքեր էին գրավել համալիրի բնակելի շենքերում:

Sky News-ի տվյալներով՝ գրոհայինների գործողությունները համակարգում է դաշտային հրամանատար Մուխթար Բելմուխթարը, ինչպես նաև՝ միաչքանի մի իսլամիստ, որը հայտնի է Պարոն Մալբորո և Անորսալի մականուններով: Հանցավոր խմբավորումը  հայտնի է տարբեր անուններով՝ Արյունալի Գումարտակ, Հալեդ Աբդուլ Աբասի բրիգադ և Դիմակավոր մարդիկ, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանություն Կիևյան կամրջից’
Հաջորդ հոդվածը‘Մեսիի չորս գավաթները չօգնեցին. Տեսանյութ’