‘Ալյոխինան և Տոլոկոննիկովան հանդիպել են Կրասնոյարսկում’

770

Pussy Riot պանկ-խմբի անդամներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան, որ դեկտեմբերի 23-ին համաներմամբ ազատ են արձակվել, հանդիպել են Կրասնոյարսկի օդանավակայանում: Pussy Riot-ի անդամները չէին տեսնվել մեկուկես տարի՝ բանտարկված լինելով տարբեր կալանավայրերում: Տոլոկոննիկովայի ամուսինը Интерфакс-ին հայտնել է, որ հանդիպումը «եղել է շատ ջերմ և ուրախ»: Pussy Riot-ի աղջիկները նախատեսում են Կրասնոյարսկում անցկացնել երկու օր: «Նրանք այդ ընթացքում կքննարկեն իրավապաշտպան նախագիծը, ինչի մասին հայտարարել էին ազատվելուց հետո»,- հաղորդել է Տոլոկոննիկովայի ամուսինը:

Երեքշաբթի գիշերը, Նիժնի Նովգորոդից Մոսկվա մեկնելու ճանապարհին, Ալյոխինան հարցազրույց է տվել BBC-ի թղթակիցներին՝ հայտարարելով «իրեն պարտադրված համաներման» և «ռուսաստանյան իշխանությունների հիմարության» մասին: Pussy Riot-ի երկրորդ մասնակիցը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան, որ կալանքի վերջին ամիսն անցկացրել է Կրասնոյարսկի հիվանդանոցում, ուղղիչ հաստատության տարածքը լքելուց անմիջապես հետո հայտարարել է, որ պայքարելու է Մորդովիայի (որտեղ նա անցկացրել է իր պատժի հիմնական մասը) պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության պետ, գեներալ Սիմչենկովին պաշտոնանկ անելու համար: Պանկ-երգչուհին նաև հայտարարել է, որ իրենց ազատագրումը պայմանավորված է նրանով, որ ռուսաստանյան իշխանությունները վախեցել են, թե Արևմուտքը կբոյկոտի 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիադան: Տոլոկոննիկովան նաև հայտարարել է, որ մտադիր է զբաղվել դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ և ասել է, որ ճաղերի ետևում անցկացրած երկու տարիներն իզուր չեն անցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն’
Հաջորդ հոդվածը‘Մետաղյա ջարդոններով ապօրինաբար փակել են ընդհանուր ճանապարհը. (Տեսանյութ)’