‘Ահազանգ. Վլադիմիր Գասպարյանի թիկնազորը ծեծկռտուք է կազմակերպել ՀԱԹ-ում’

1860

Նախորդ գիշեր Հարավ-Արեւմտյան Բ-2 թաղամասի Բաբաջանյան 89-97 շենքերի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի մի քանի բնակիչների եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամների միջեւ: Բակի բնակիչներից մեկը iLur.am-ին տեղեկացրեց, որ գիշերվա ժամը 1-ն անց բակում աղմուկ է լսել:

«Լուսամուտից նայեցի՝ մոտ երեսուն հոգի իրար էին ծեծում, այդ ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ էին տեղում միմյանց վրա», — պատմեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, կռվի պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը: «Տեղի տղաներն» առաջարկել են «եկվորներին»՝ ավտոմեքենան մեկ այլ տեղում կայանել, քանի որ այդ տեղում սովորաբար իրենց մեքենան է կանգնում: Լեզվակռիվը վերաճել է ձեռնամարտի, ընդ որում, «եկվորները» հայտարարել են, որ «իրենք Գասպարյան Վովայի թիկնապահներն են»:

«Ընթացքում երկու կողմից էլ մարդիկ եկան, Բակի ժողովուրդը ոտքի էր ելել, կանայք գոռում էին թե՝ հասեք, սպանում են: Որոշ ժամանակ հետո ժամանեցին նաեւ ոստիկանններ Մալաթիա-Սեբաստիայի բաժնից, բայց նրանք չէին խառնվում, երեւի իմանալով, թե ում հետ գործ ունեն», — նշեց բնակիչը: Նրա խոսքով, սակայն, ոստիկաններից երկուսը, որոնք հավանաբար միջամտել էին կռվին, նույնպես «լավ ծեծ են կերել»:

Առավոտյան բնակիչները տեղեկացել են, որ տուժած ոստիկաններին վերադասը հրահանգել է բժշկի չդիմել:

«Ողջ օրվա ընթացքում ոչ մի ոստիկան չեկավ,  որեւէ հարցաքննություն տեղի չունեցավ, չնայած,որ բակի ժողովրդի խոսակցության թեման գիշերվա միջադեպն էր»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Երկնքում ծնված աղջիկը. ինքնաթիռում փոքրիկ Հասմիկի ծնունդը բորտուղեկցորդուհի Հասմիկի համար «ամենապայծառն ու անմոռանալին» էր’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» կարող է պատժել Սուարեսին’