‘
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարությունն արգելել է Ղուրանի հրկիզման ակցիաների կազմակերպիչ, ֆլորիդացի քարոզիչ Թերի Ջոնսի մուտքը Գերմանիա: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչը: «Արգելքը մտցվել է ԳԴՀ-ի և Շենգենյան համաձայնագրի տարածքում գտնվելու վերաբերյալ օրենքի հիման վրա»,- նշել են այս գերատեսչությունում: Այդ միջոցառումը կապված է Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի տարածման կապակցությամբ իսլամական երկրներում ծայր առած բռնության ալիքի հետ: Ջոնսը պետք է այցելեր Գերմանիա ծայրահեղ աջ ՝ «Հանուն Հյուսիսային Հռենոսի՝ Վեստֆալիայի» և «Հանուն Գերմանիայի» կազմակերպությունների հրավերով: ՆԳՆ ղեկավար Հանս-Պետեր Ֆրիդրիխն զգուշացրել է Գերմանիայի աջ արմատականներին՝ զերծ մնալ սկանդալային տեսագրությունը համացանցում տեղադրելուց և ԳԴՀ տարածքում բնակվող մահմեդականներին ուղղված այլ սադրանքներից: Մասնավորապես, «Հանուն Գերմանիայի» կազմակերպությունը Մուհամեդ մարգարեի մասին «Մահմեդականների անմեղությունը» վերնագրով ֆիլմը տեղադրել է իր կայքում և մտադրություն է հայտնել այն ցուցադրել Բեռլինում իր ակցիաների ժամանակ:
Լուսանկարը՝ ©AFP
‘