‘ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ. Պետք չէ խորշել ընտրակեղծարար քաղաքական գործիչներին բանտերը նետելու հեռանկարից’

1081

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի` ընտրական հանցագործությունների գործերով բաժնի պետ Ռիչարդ Փիլգերը իր կարիերայի ընթացքում, իր իսկ խոսքերով, բանտ է նստեցրել նահանգապետերի, կոնգրեսականների, ԿՀՎ գործակալների, մինչեւ կարիերայի կուլմինացիան` ընտրական հանցագործությունների ոլորտում աշխատանքի անցնելը։ Այսօր այդ մասին վերջինս հայտարարել է Ընտրություններին առնչվող հանցանքների արդյունավետ քննության եւ դատախազական վերահսկողության թեմայով սեմինարի ժամանակ, որին մասնակցում էին փորձագետներ ԱՄՆ-ից, ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը եւ այլոք:

Ռիչարդ Փիլգերը նշել է, որ ԱՄՆ ընտրական համակարգն էլ կատարյալ չէ՝ 2004-ին Ֆլորիդայում տեղի ունեցածը բերելով որպես օրինակ, սակայն հավելել է, որ Հայաստանի ընտրական համակարգը, ի տարբերություն ամերիկյանի, բավական պարզ է, եւ ընթացակարգերն այստեղ ավելի հեշտ է վերահսկել։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում քաղաքացինեը վստահ են, որ իրավապահները ագրեսիվ եւ հստակ պտասխան կտան հնարավոր ընտրական հանցագործությունների դեպքում։ Եվ այս ընթացքում, ըստ նրա, պետք չէ խորշել ընտրակեղծարար քաղաքական գործիչներին բանտերը նետելու հեռանկարից։

«Ընտրական հանցագործությունները առանձնահատուկ վտանգ են պարունակում հասարակության համար, քանի որ սա այն հանցագործությունն է, որ ճանապարհ է բացում ընդհանրապես կոռուպցիայի առաջ։ Եթե մարդը կոռուպցիոն ճանապարհով պաշտոն է զբաղեցնում, պարզ է, որ իր պաշտոնավարման ընթացքում էլ նա զերծ չի լինելու կոռուպցիոն գործունեությունից»,- հայտարարել է Ռիչարդ Փիլգերը։

Նախորդ հոդվածը‘Դեսպան Մայքլ Մաքֆոլ. ԱՄՆ նախագահի այցի ժամկետները Ռուսաստան դեռևս չեն ճշտվել’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ին պատկանող «Ուրալը» գլորվել է ձորը’