‘ԱՄՆ-ը բավարարված չէ Ադրբեջանի և Հունգարիայի պարզաբանումներից ‘

1021

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ բավարարված չէ Ռամիլ Սաֆարովի հարցով Բաքվից եւ Բուդապեշտից ստացած պարզաբանումներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը եւ հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ:

Գորդոնը հավելել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է նաեւ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից:

Ըստ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի` Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից, որը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»:

Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Նախորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյան. Հուսամ՝ 79 տարի հետո մի թիզ ազատ հող չի մնա ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել ցլամարտը’