‘ԱՄՆ մարդասիրական օգնություն, կամ՝ ապացուցում ենք անապացուցելին’

1051

Վերջին շրջանում հայաստանյան վերլուծական միտքը, անշուշտ` ո՛չ առանց Բաղրամյան 26-ի օգնության, հասկացությունների ու գնահատականների իսկական շփոթ է մեջտեղ բերել: Այս առումով մենք վաղուց ենք նկատել, որ համարյա բոլոր զանգվածային լրատվամիջոցներն ու փորձագետներն ամբողջ նախընտրական շրջանում ոչ միայն «բարի» Սերժ Սարգսյանի կերպարն էին կերտում հասարակության համար, այլեւ նրան «զոհի» կերպարանքով էին ներկայացնում` հընթացս մատնանշելով հատկապես սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունն  ու դրան  «խանգարող շրջապատի ապամոնտաժումը»:

 

Սույն աճպարարության հեղինակները, սակայն, մոռանում են առնվազն մի քանի կարեւոր հանգամանք: Առաջինն այն է, որ ոչ մի «բարի նախագահ» երբեւէ անօրինակ ընտրակեղծիքներով, տասը հոգու գնդակահարությամբ եւ բանտերը քաղբանտարկյալներով լցնելով` իշխանության չի եկել: Երկրորդ` տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը նոր չէ, որ առաջացել է, եւ եթե իշխանություններն իսկապես բարեփոխումներ անելու ցանկություն ունենային, բնակչության` սրանից հինգ տարի առաջ արձանագրված 23% աղքատության մակարդակը նույնիսկ պաշտոնական տվյալներով` 37%-ի չէին հասցնի: Կամ` վարվող քաղաքականության արդյունքում եւ ընդամենը հինգ տարում 250.000 մարդ չէր լքի մեր երկիրը:

Չնայած բիզնեսի ազատութան առումով իբրեւ թե առաջընթացի գրանցմանը` ներդրումները չէին հասնի զրոյական մակարդակի, փոքր ու միջին բիզնեսը վերջնականապես չէր կործանվի, իսկ հարկային տեռորը չէր զուգորդվի`«բյուջեին փող է պետք, ստիպված ենք տույժուտուգանք ձեւակերպել» մուրացկանությանը: Վերջապես` ինքներս մեր երկրում նյութական արժեքներ կստեղծեինք, ոչ թե սրանից-նրանից վերցրած վարկերով այդպես էլ չավելացած կենսաթոշակ ու աշխատավարձեր կվճարեինք բնակչությանը` պետական պարտքը հասցնելով վտանգավոր սահմանագծի: Չխոսենք այլեւս այն մասին, որ մեր երկրում մեծամասնությունը ոչ թե իր վաստակած հացն է ուտում, այլ դրսում ապրող հարազատների ուղարկած միջոցներով մի քանի հաստագլխի է հարստացնում: Մարդիկ, ովքեր հիմա «նախագահին խանգարող շրջապատ» են որակվում, որոնցից, իբր, պետք է շտապ «ազատագրվել»:

Իրականում, սակայն, հենց այս մարդիկ են Սերժ Սարգսյանի հենարանը, եւ միայն Բաղրամյան 26-ի «փայլուն ուղեղները» կարող էին հավատալ այն միֆին, թե մեր բնակչությունը չի տեսնում եւ չի հասկանում , որ հնարավոր «ապամոտնաժումը» ռեժիմի շարունակականության դեպքում ընդամենը ազդեցությունների վերաբաշխում կարող է նշանակել: Ոչինչ ավելի:

Բայց տես որ` մարդիկ շարունակում են նույն թելը մանել, հետաքրքիր կերպով կարողանում են առաջին հայացքից վերոնշյալի հետ որեւէ առնչություն չունեցող այնպիսի մի հանգամանք օգտագործել, ինչպիսին ԱՄՆ-ի` Հայաստանին հատկացվող մարդասիրական օգնությունն է:

Բանն այն է,  որ համաձայն ԱՄՆ Կոնգրեսի 2013թ. Արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորման նախագծի` ընթացիկ տարում այդ երկիրը պատրաստվում է կրճատել բյուջետային ծախսերը, եւ գործողությունների հիշյալ  շրջանակում

այդ երկիրը որոշել է Հայաստանին տրվող մարդասիրական օգնությունը  կրճատել 17%-ով` 2012-ի  44 մլն. ԱՄՆ դոլարի փոխարեն մեր երկրին հատկացնելով 36.6 միլիոն ԱՄՆ դոլար:

Հիմա, ուրեմն, նախագահականի «սազանդարները» այս փաստը որոշել են մի քանի դաշտում «մեսիջավորել»՝ հանրությանը ներկայացնելով դրա բացատրության իրենց տարբերակը: Անշուշտ, իրենց ասելիքը հիմնավորելու նպատակով հընթացս նաեւ այլ փաստեր են մեջտեղ բերում: Այսպես` նախ եւ առաջ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորանքները Սերժ Սարգսյանին`«ՀՀ նախագահ ընտրվելու» կապակցությամբ, մեջբերելով նրա խոսքերն առ այն, որ «դիտորդների գնահատականի համաձայն` Հայաստանը մի քանի քայլ առաջ է գնացել ժողովրդավարության ճանապարհին», «փեսայական փորձագիտությունը» հանրությանը հստակ ուղերձ է հղում այն մասին, թե ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հետ միասին` ԱՄՆ շնորհավորանքը անշրջելի է դարձնում ընտրությունների վիճարկումը Ազատության հրապարակում: Ձեռի հետ էլ թաքուն գաղտնագիր է «բացահայտում» բոլոր նրանց համար, ովքեր մինչ այս կարծում էին, թե Րաֆֆին «ամերիկյան պրոյեկտ է» եւ կարող է հավակնել այդ երկրի աջակցությանը: Այսպիսով` հիշյալ փաստի գործածման գլխավոր ուղերձը ընտրությունների «լեգիտիմությունն է»:

Երկրորդ կարեւոր հանգամանքը, որի վրա Բաղրամյան 26-ը կամենում է ուշադրություն դարձնենք, տրամադրվող օգնության որակի կամ կառուցվածքի քննությունն է: Եթե հիշում եք` ԱՄՆ կողմից տարեկան տրվող համարյա բոլոր մարդասիրական օգնությունները մեծավ մասամբ տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ էին «ծանրանում»: Հիմա, հաստատելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր տնտեսական զարգացումների նկատմամբ, հայաստանյան փորձագիտական միտքը հերթով ապացույցներ է ներկայացնում՝ հիշատակելով ԱՄՆ դեսպան Հեֆերնի մի շարք հայտարարություններ` կապված «ամերիկյան ներդրումների ներգրավման» հետ, դիտարկելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ, չնախատեսված հանդիպումը Ջո Բայդենի հետ, եւ նույնիսկ «Հազարամյակների մարտահրավերների կորպորացիայի» գործունեության հնարավոր վերսկսումը Հայաստանում: Բայց սրանով հանդերձ՝ մեր փայլուն ուղեղները մատնացույց են անում այս մի օգնության կառուցվածքը, որում տնտեսական գիծը փոխարինվել է…ռազմական գծով: Այլ խոսքով` մեզ հատկացվող օգնության երկու երրորդը ռազմական բաղադրիչից է բաղկացած, ինչը ներկայացվում է որպես ԱՄՆ-ի հետ ավելի՛ լուրջ եւ որակապես նո՛ր համագործակցության նոր ուղերձ: Համարյա` Սերժ Սարգսյանի անհաղթելիության եւ բոլորի կողմից ընդունելի նախագահ լինելու ապացույց: Մանավանդ, ինչպես արդեն նշեցինք, մնացած բոլորի, դրանց թվում` ՌԴ-ի շնորհավորանքների համատեքստում:

Այս խղճուկները, սակայն, մոռացել են, որ աշխարհն այլեւս «ծածկված չէ երկաթյա վարագույրով», եւ որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կարդալով չոր փաստը` սեփական եզրակացությունները կանեն իրողությունների նկատմամբ: Եզրակացություն առաջին. միայն այն պատճառով, որ քոչարյանա-սարգսյանական ռեժիմին հաջողվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք գրանցված իրավիճակը փոփոխել ի վնաս մեզ, ոմանք, ԱՄՆ-Հայաստան հրաշալի հարաբերությունները ներբողելու փոխարեն, պիտի ամոթխած լռեին: Թե՞ իրենց թվում է, որ հանրությունն իսկապես ամնեզիայով է տառապում ու չի հիշում, որ ժամանակին մեզ հաջողվել էր հասնել նրան, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին դիտարկի իբրեւ տարածաշրջանում ռազմական ագրեսիայի կազմակերպիչ`զրկելով նրան մարդասիրական օգնությունից: Ուրեմն՝ միակ ձեռքբերումը, որով կարող է ռեժիմը հպարտանալ, այն է, որ գոնե այս երկրում պատկերացումներն այլեւս փոխվել են, եւ արդեն քանի տարի` Ադրբեջանը մեր ու Վրաստանի հետ մեկտեղ մարդասիրական օգնություն է ստանում ԱՄՆ-ից:

Եզրակացություն երկրորդ. չնայած մեր օգնության կրճատումը տեղի է ունեցել համաձայն ԱՄՆ Կոնգրեսի 2013թ. Արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորման նախագծի, ըստ որի` կրճատվել են նաեւ Ադրբեջանին եւ Վրաստանին տրամադրվող օգնության չափերը, այդուհանդերձ, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դվանագիտության» արդյունքում թուլացել է նաեւ մեր սփյուռքը, որը դեռ մի քանի տարի առաջ  ԱՄՆ-ում կարողանում էր ճնշում գործադրել Կոնգրեսի վրա` առաջ տանելով մեր պետության շահերը: Քոչարյանի իշխանության սկզբնական տարիներից  մեկում, օրինակ, մեր լոբբին կարողացավ հասնել նրան, որ Հայաստանին տրվող մարդասիրական օգնությունը չնվազեցվի: Մի բան, որին հետո այլեւս հնարավոր չեղավ հասնել հենց ռեժմի վարած քաղաքականության պատճառով:

Եզրակացություն երրորդ. որքան էլ Բաղրամյան 26-ի «սազանդարները» խոսեն ԱՄՆ-ի հետ որակապես նոր` ռազմական համագործակցության մասին, ակնհայտ է, եւ քննարկվող հարցի ամենակարեւոր դրվագն այն է, որ իրականում մեր երկրի տնտեսական զարգացումը մի կողմ դնելով` տրամադրվող օգնությամբ ԱՄՆ-ը կամենում է ընդամենը վերահսկել Հայաստանից արտաքին աշխարհ հասցեագրվող ռիսկերը: «Ռազմական օգնություն» ասածն իրականում ոչ այլ ինչ է, քան մի մեծ միջոցառում, որով պիտի կանխվեն մեր սահմաններով զանվածային ոչնչացման զենքի հնարավոր փոխադրման, թմրանյութերի փոխադրման փորձերը, եւ կասեցվի թրաֆիքինգը: Սրանից բացի` ամրապնդվելու է հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը, առանձին տողով խոսվում է նաեւ մայրական առողջության պահպանման, մասնավորապես` տուբերկուլյզի դեմ պայքարի ծրագրի մասին:

Ահա եւ «որակապես նոր` ռազմական համագործակցության» իրական եւ ամբողջ պատկերը: Այնպես որ` ոմանք կարող են տպավորություն թողնելու համար առանձնապես ջանքեր չգործադրել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` բոլորի կողմից ընդունելի նախագահ լինելու թեզին, պիտի նկատենք, որ դա այլեւս ապացուցված աքսիոմ է: Իսկապես` միջազգային հանրության համար չկա ավելի լավ նվեր, քան Սերժ Սարգսյանը` ՀՀ նախագահի դերակատարմամբ: Նման թույլ ոչընտիրի հետ միասին` մեզանում ամենաֆանտաստիկ ծրագրերն անգամ կարելի է կյանքի կոչել: Օրինակ, ինչպես Տեր-Պետրոսյանը նշեց իր հայտնի ելույթում` «ցեղասպանել ցեղասպանության ճանաչման հարցը»: Դե տնտեսության մասին խոսելն անգամ ավելորդ է…

Գոհար Սիմոնյան

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյան. Չի կարող լինել մարդ, որ ասի` Սյունիքի ընտրատարածքում կեղծարարություն նկատել է’
Հաջորդ հոդվածը‘«Անտիդասադուլավորներն», ըստ էության, 2 օր է՝ դասադուլ են անում’