‘
ԱՄՆ ոստիկանությունը քննում է Օրեգոն նահանգի ֆերմերներից մեկի գործը, որին, նախնական տվյալներով, հոշոտել են սեփական տնտեսության խոզերը: AP-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նախորդ չորեքշաբթի, երբ 70-ամյա Թերի Վենս Գարները գնացել է ֆերմա՝ խոզերին կերակրելու և չի վերադարձել: Ժամեր անց հարազատները, որոնք անհանգստանալով՝ դուրս են եկել նրան փնտրելու, գոմից գտել են Թերիի ատամների պրոթեզը և մարմնի այլանդակված մասեր:
Ֆերմերի մահվան ստույգ պատճառն առայժմ բացահայտված չէ: Նախաքննական մարմինները երկու հիմնական վարկած են առանձնացրել: Ըստ դրանցից մեկի՝ Թերին սրտի կաթված է ունեցել և ընկնելով խոզերի արգելոցը՝ հոշոտվել է: Մյուսի համաձայն՝ խոզերին հաջողվել է դուրս պրծնել ճաղերի ետևից, տապալել տիրոջը և լափել:
Ներկայումս զոհվածի աճյունի վրա աշխատում են դատաբժիշկները և փորձագետները:
Կենսաբանների ասելով՝ խոզերն աչքի չեն ընկնում ագրեսիայով, սակայն մյուս ընտանի կենդանիների համեմատ ավելի վտանգավոր են ամենակերության պատճառով:
‘