‘
Ամերիկյան օրենսդիրները, ինչպես և Բարաք Օբամայի աշխատակազմը, քննադատության են ենթարկել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին, որի հասցեին դեռ մի քանի օր առաջ գովեստներ էին շռայլում՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև վերջինիս դրսևորած միջնորդական ջանքերի համար: Կիրակի օրը հեղինակավոր հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը և նրա գործընկեր, դեմոկրատ Կառլ Լևինը հայտարարել են, որ եգիպտական առաջնորդի գործողությունները, որոնք ուղղված են իր իսկ լիազորությունների զգալի ընդլայնմանը, և որոնք զանգվածային բողոքի ալիք են բարձրացրել երկրում, պարզապես անընդունելի են:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն էր մտահոգություն հայտնել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների առթիվ՝ հիշեցնելով, որ այդ երկրի ժողովուրդը պայքարում էր Հոսնի Մուբարաքի վարչակարգի դեմ հենց այն բանի համար, որպեսզի «իշխանությունը չկենտրոնացվի մեկ անձի ձեռքում»: Սակայն սենատորների կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է ավելի բարձր մակարդակով և ավելի վճռականորեն հայտնի իր դժգոհությունը պաշտոնական Կահիրեին:
‘