Այզակ Ազիմով. Տգիտության պաշտամունք

2126

Դժվար է վիճարկել ազատ մամուլի հին արդարացումը, թե «Ամերիկան իրավունք ունի իմանալու»։ Գրեթե դաժան բան է թվում պարզամտորեն հարց տալը. «Խնդրեմ ասացեք, Ամերիկան իրավունք ունի ի՞նչ իմանալու. բնագիտությո՞ւն, մաթեմատիկա՞, տնտեսագիտությո՞ւն, օտար լեզունե՞ր»։

Իհարկե՝ դրանցից և ոչ մեկը։ Իրականում, հանգիստ կարելի է ենթադրել, որ ժողովրդի մեջ տարածված ընկալումն այն է, որ ամերիկացիներն իրենց շատ ավելի լավ են զգում առանց այդ ողջ անպետքության։

Միացյալ Նահանգներում տգիտության պաշտամունք կա և միշտ է եղել։ Հակաինտելեկտուալիզմի ճնշումը եղել է մեր քաղաքական ու մշակութային կյանքում իր ճանապարհը հարթող մշտական թելը՝ սնվելով այն թյուր պատկերացմամբ, թե ժողովրդավարություն նշանակում է «իմ տգիտությունը նույնքան լավ է, որքան քո գիտելիքը»:

Քաղաքական գործիչներն առհասարակ ձգտել են Շեքսպիրի ու Միլթոնի լեզուն խոսել հնարավորինս անգրագետ, որպեսզի թվան դպրոց չհաճախած և չվիրավորեն իրենց լսարաններին։ Այսպես, Ադլայ Ստիվենսոնը [ԱՄՆ քաղ. գործիչ, 2 անգամ եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու], որն անզգուշորեն թույլ տվեց, որ իր ելույթներում երևան գան բանականությունն, ուսումն ու միտքը, հասկացավ, որ Ամերիկայի ժողովուրդը հավաքվեց նախագահի այն թեկնածուի շուրջ, որն անգլերենի այնպիսի մի տարբերակ էր հորինել, որը միայն իրենն էր։ Եվ այդ ժամանակից ի վեր նա դարձավ երգիծաբանների հուսահատության առարկան։

Ջորջ Վոլեսն [Ալաբամայի նահանգապետ, 4 անգամ եղել է նախագահի թեկնածու] իր ելույթների հիմնական թիրախն էր դարձրել «ծակ պրոֆեսորին», և հավանության ինչպիսի՜ աղաղակով էր այդ արտահայտությունը միշտ ողջունում նրա ծակ լսարանը։

Ժարգոնային մոդայիկ բառեր

Հիմա խավարամոլների նոր կարգախոս ունենք. «Մի’ վստահեք մասնագետներին»։ Տասը տարի առաջ կարգախոսը հետևյալն էր. «Մի’ վստահեք 30-ն անց որևէ մեկի»։ Բայց այդ կարգախոսը գոռացողները հայտնաբերեցին, որ օրացույցի անխուսափ մոգականությունը նրանց վերածել էր 30-ն անց անվստահելիների, և, ըստ ամենայնի, որոշեցին այլևս նույն սխալը չանել։ «Մի’ վստահեք մասնագետներին»-ը բացարձակապես ապահով է։ Ոչ մի բան՝ ո’չ ժամանակը, ո’չ տեղեկության ներգործությունն այդ կարգախոսը գոռացողներին չի վերածի որևէ ոլորտի մասնագետների, որը կարող է օգտակար լինել։

Մենք ժարգոնային նոր մոդայիկ բառ ունենք նաև որևէ մեկի համար, ով հիանում է ունակությամբ, գիտելիքով, ուսմամբ ու հմտությամբ և ցանկանում է իր շուրջը սփռել դրանք։ Այդպիսի մարդկանց անվանում են «էլիտիստ»։ Սա երբևէ հորինված ամենածիծաղելի բառն է, որովհետև այն մարդիկ, որոնք մտավորական վերնախավի անդամ չեն, չգիտեն, թե «էլիտիստ» ինչ է նշանակում, և ինչպես է արտասանվում այդ բառը։ Հենց մեկը գոռում է «էլիտիստ», պարզ է դառնում, որ թաքնված էլիտիստ է, որն իրեն մեղավոր է զգում դպրոց գնացած լինելու համար։

Լավ ուրեմն. մոռանանք իմ պարզամիտ հարցը։ Ամերիկայի իմանալու իրավունքի մեջ չի մտնում էլիտիստական առարկաների իմացությունը։ Ամերիկայի իմանալու իրավունքի մեջ է մտնում մի բան, որը տարտամորեն կարելի է արտահայտել իբրև «ի՞նչ կա-չկա»։ Ամերիկան իրավունք ունի իմանալու, թե ինչ կա-չկա դատարաններում, Կոնգրեսում, Սպիտակ տանը, արդյունաբերական խորհուրդներում, վերահսկիչ գերատեսչություններում, արհմիություններում, առհասարակ՝ հզորների աթոռներին։

Շատ լավ, ես նույնպես կողմ եմ դրան։ Բայց ինչպե՞ս եք անելու, որ մարդիկ այդ ամենն իմանան։

«Տվեք մեզ ազատ մամուլ և անվախ հետաքննող լրագրողներ», — բղավում են նրանք, — և մենք կկարողանանք այնպես անել, որ մարդիկ իմանան»։

Այո՝ եթե կարող են կարդալ։

Բայց այնպես է ստացվել, որ կարդալը էլիտիստական այն բաներից է, որից խոսում եմ, իսկ ամերիկյան հասարակությունը, մեծ հաշվով, մասնագետների հանդեպ իր անվստահության ու ծակ պրոֆեսորների հանդեպ իր արհամարհանքի պատճառով, կարդալ չգիտի և չի կարդում։

Ճիշտ է, միջին ամերիկացին կարող է փոքրիշատե ընթեռնելի ստորագրել իր անունը և կարող է գլուխ հանել սպորտային նյութերի վերնագրերից, բայց քանի՞ ոչ էլիտիստ ամերիկացի կկարողանա առանց ահռելի դժվարության կարդալ մանր տառատեսակով տպված հազար բառ անընդմեջ, որոնցից մի քանիսը կարող են և եռավանկ լինել։

Ավելին. իրադրությունը վատթարանում է։ Դպրոցներում ընթերցանության ցուցանիշներն անշեղորեն նվազում են։ Մայրուղիների ցուցանակները, որոնք իրենցից ներկայացնում էին տարրական թյուրընթերցման դասեր («Go Slo», «Xroad»), անդադար փոխարինվում են փոքրիկ նկարներով, որպեսզի միջազգայնորեն ընթեռնելի լինեն և ձեռքի հետ էլ օգնեն նրանց, ովքեր գիտեն ինչպես մեքենա վարել, բայց, քանի որ ծակ պրոֆեսորներ չեն, կարդալ չգիտեն։

Հեռուստատեսային գովազդներում հաճախ տպված ուղերձներ կան։ Դե, ուշադիր հետևեք և կտեսնեք, որ ոչ մի գովազդող երբեք չի մտածում, թե հատուկենտ էլիտիստներից բացի որևէ մեկը երբևէ կարդալու է տպվածը։ Հավաստիանալու համար, որ ուղերձը այդ երևելի փոքրամասնությունից ավելի շատ մարդու տեղ կհասնի, հաղորդավարը բարձրաձայն ընթերցում է գրության ամեն մի բառը։

Ազնիվ ջանք

Եթե այդպես է, ապա ամերիկացիները ինչպե՞ս իրավունք ունեն իմանալու։ Ենթադրենք, որ կան որոշ հրապարակումներ, որոնք ազնիվ ջանք են գործադրում հանրությանն ասելու այն, ինչ վերջինս պետք է իմանա։ Բայց ինքներդ ձեզ հարց տվեք, թե իրականում քանի մարդ է կարդալու դրանք։

200 միլիոն ամերիկացի կա, որ կյանքի որոշ հատվածում դասասենյակում է գտնվել և կարող է ընդունել, որ կարող է կարդալ (պայմանով, որ խոստանաք նրա անունը չգործածել և հարևանների առջև ամոթով չթողնել), բայց լավագույն պարբերականները համարում են, որ եթե կես միլիոն տպաքանակի շրջանառություն ունեն, ուրեմն իրենց գործերը զարմանալիորեն լավ են։ Հնարավոր է, որ ամերիկացիների մեկ տոկոսը (կամ ավելի պակասը) կիրառում է իմանալու իր իրավունքը։ Բայց եթե նրանք փորձեն դրա հիման վրա որևէ բան անել, ամենայն հավանականությամբ կմեղադրվեն էլիտիստ լինելու մեջ։

Ես պնդում եմ, որ «Ամերիկան իրավունք ունի իմանալու» կարգախոսն անիմաստ բան է, երբ ունենք տգետ բնակչություն, և որ ազատ մամուլի գործառույթը փաստորեն զրոյական է, երբ գրեթե ոչ ոք կարդալ չգիտի։

Իսկ ի՞նչ պիտի անենք դրա համար։

Կարող ենք սկսել նրանից, որ մեզ հարց տանք, թե վերջ ի վերջո տգիտությունն արդյո՞ք այդքան հրաշալի բան է, և թե իմաստ ունի՞ դատապարտել «էլիտիզմը»։

Ես կարծում եմ, որ ֆիզիկապես նորմալ ուղեղով յուրաքանչյուր մարդ արարած կարող է շատ բան սովորել և լինել զարմանալիորեն խելացի։ Վստահ եմ, որ խիստ կարիք կա, որ հանրությունը հավանություն տա ուսմանը, և հասարակական պարգևներ լինեն սովորելու համար։

Մենք բոլորս կարող ենք մտավորական վերնախավի անդամներ լինել, և այդ ժամանակ, և միմիա’յն այդ ժամանակ որևէ իմաստ կունենան այնպիսի դարձվածքներ, ինչպիսին է «Ամերիկան իրավունք ունի իմանալու» և, իրականում՝ ժողովրդավարության որևէ ճշմարիտ գաղափար։

1980 թ.

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Հարությունյանը

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ծայրեծայր կեղծիք է
Հաջորդ հոդվածըՄեկնարկում է Իտալիայի առաջնությունը