‘
Եթե նախկինում վրացիները միայն լսել էին Վրաստանի բանտային համակարգի վատ պայմանների մասին, ապա հիմա հեռուստատեսությամբ տեսան՝ ինչ է կատարվում, և դա իսկապես սարսափելի էր, դա պարզապես մարդկային չէր: iLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Վրաստանում վերջերս ծագած բանտային սկանդալը Իլյա Մեշվիլդիշվիլին, որը նախկինում աշխատել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունում:
«Ես կարծում եմ, որ կառավարությունը փորձում է լուծել այս խնդիրը, և դրա արդյունքն այն էր, որ երկու նախարարներ հրաժարական տվեցին: Գուցե սա ժողովրդավարության դրսևորում է»,- նշեց նա:
Մեր հարցին, թե վերջին իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, Մեշվիլդիշվիլին նշեց, որ հոլովակը նկարահանվել է այս տարվա մայիսին, և դա պլանավորված էր ընդդիմադիր կուսակցության կողմից:
«Սա նշանակում է, որ նրանք պատրաստվում էին ընտրություններին: Մինչ այս հոլովակի հրապարակումը, նախընտրական հետազոտությունների արդյունքներով՝ ընդդիմադիր կուսակցությունը հավակնում էր հավաքել մաքսիմում 25-30% ձայն, բայց այժմ այդ ցուցանիշն աճում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները ցուցադրել էին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես են իրավապահները խոշտանգումների ենթարկում բանտարկյալներին: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով պատժել մեղավորներին, ինչից հետո հրաժարական ներկայացրին պատժամիջոցների իրականացման և իրավական օժանդակության և ներքին գործերի նախարարները:
‘