‘Այսօր՝ Մեծ պահքի 7-րդ օրն է’

759

Այսօր՝ Մեծ պահքի 7-րդ օրն է:

Արտաքսման կիրակի

Ընթերցվածք` Ես. 33.2-22, Հռոմ. 12.1-13.10, Մատթ. 5.17-48

Այս կիրակիի խորհուրդն Ադամի ու Եվայի արտաքսումն է դրախտից` Տիրոջ պատվիրանի նկատմամբ դրսևորած անհնազանդության պատճառով: Ճաշակելով բարու և չարի գիտության ծառի պտղից մարդը մեղանչեց Աստծու դեմ` դատապարտվելով քրտինքով ապրուստը հոգալու և կնոջ` երկունքի ցավերով որդեծնության, սերնդեսերունդ ադամական մեղքը ժառանգելու պատիժը: Եդեմական երանությունը պատվիրանազանցությամբ դարձավ մարդ արարածի համար անդառնալի` մինչև Բարձրյալի Միածին Որդու մարդանալը և երկրային առաքելության իրագործման ավարտը:

Այս իրողությունն է, որ ցավով ու կարոտով վերհիշում ենք Մեծ պահքի առաջին շաբաթն ամփոփող այս հանգրվանին, որպեսզի գնահատենք և արժևորենք Քրիստոսով վերստին մեզ համար բացված ճանապարհով դեպի փրկություն ընթանալու հնարավորությունը և դրախտային երանությանն արժանանալու հույսը: Սակայն Միածնի քավչարար մահն ու հարությունը բավարար չեն մեր փրկության համար, այլ մենք ևս մեր հերթին պիտի կարողանանք վերափոխվել համաձայն առաքյալի պատգամի. «Եվ այս աշխարհի կերպարանքով մի´ կերպարանվեք, այլ նորոգվեցե´ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի´նչ է Աստծու կամքը` բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12.2): Առ Աստված դարձի համար պետք է ոչ թե գայթակղվելով ընդօրինակենք մեզ շրջապատող աշխարհի դյուրին, բայց և մահաբեր հնարքները և բռնենք մեղսալի ընթացքները, այլ խորշելով դրանցից` վերահաս պատժի մտաբերումով, պիտի զգեստավորվենք Քրիստոսով և Իր կամքը դարձնենք մեր «ես»-ի մղիչ ուժը, որ կառաջնորդի մեզ դեպի բարին ու օգտակարը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում «լռության օր» է. Առջևում նախագահական ընտրություններն են’
Հաջորդ հոդվածը‘Էկվադորում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են’