‘Հայաստանում «լռության օր» է. Առջևում նախագահական ընտրություններն են’

969

Հայաստանում  փետրվարի 17-ին «լռության օր է»: 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ\’ այսօր, ըստ Ընտրական օրենսգրքի, Հայաստանում լռության օր է: Օրվա ընթացքում նախագահի թեկնածուներին, նրանց կողմնակիցներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին և այլն արգելվում է քարոզչություն իրականացնել, ներքաղաքական իրավիճակին վերաբերող քարոզչական և հակաքարոզչական նյութեր հրապարակել:

Հայաստանի պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, ժամը  08:00-ից մինչեւ  20:00-ն:  Հանրապետության ողջ տարածքում կբացվի 1988 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում ընտրողների թիվը  մոտ  2,5 մլն մարդ է: Սակայն  նրանցից կես միլիոնից մինչև 800 հազար քաղաքացի գտնվում է երկրի սահմաններից դուրս ու ըստ Հայաստանի օրենսդրության` քվեարկելու իրավունք չունեն: 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածուներ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը և որպես էպոսագետ ներկայացող  Վարդան Սեդրակյանը:

Հայաստանում նախագահական ընտրություններն անցկացվում են երկրորդ փուլի հնարավորությամբ, եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում ստանալ ընտրություններին մասնակցածների քվեի 50 տոկոսը գումարած մեկ ձայն: Այդ դեպքում երկու առաջատար թեկնածուների միջև երկու շաբաթ անց երկրորդ փուլ է անցկացվում: 

Նախորդ հոդվածը‘Կլարենս Զեեդորֆ. Նեյմարին դեռ վաղ է Եվրոպա գնալ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ Մեծ պահքի 7-րդ օրն է’