‘Այսօր արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է’

4626

Նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային հերոս, արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, այս օրը նա կդառնար 55 տարեկան:

Ձեզ ենք ներկայացնում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տողաններից մեկում ճեմարանականներից մեկի ելույթը, որը հանդես էր գալիս Մոնթեի կերպարով և facebook սոցցանցի օգտատեր Առաքել Սեմիրջյանի գրառումը «Թե ինչպես Մոնթեն եկավ Հայաստան» վերնագրով:

«Անունս Մոնթե է: Ծնվել եմ 1957 թվականի նոյեմբերի 25-ին` Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում: Ընտանիքի 3-րդ երեխան էի: Մորս ծնողները Արևմտյան Հայաստանից Ֆրեզնո տեղափոխված առաջին հայերից էին: Մորական պապս Ամերիկա եկավ, քանի որ թուրքերը բացահայտեցին ազատագրական այն գաղտնի խմբակը, որի անդամն էր պապս: Դպրոցական տարիներս շատ աշխույժ անցան. բեյսբոլ էի խաղում, կլարնետ նվագում, աշակերտների խորհրդի նախագահ էի: 15 տարեկանում դպրոցական փոխանակման ծրագիրն ինձ հասցրեց Ճապոնիա: Այստեղ մի տարի ուսանեցի ճապոներեն ու ռազմարվեստ:

Հետո ճակատագիրն ինձ տարավ Վիետնամ, որտեղ նոր-նոր էր սկսվում ազատագրական շարժումը: Վերադառնալով ԱՄՆ ստացա բարձրագույն կրթություն: 78-ին մասնակցեցի Հայոց ցեղասպանության 65-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի կազմակերպմանը: Ուսումս ավարտելուց հետո որոշ ժամանակ հանգրվանեցի Իրանում, ապա տեղափոխվեցի Բեյրութ:

Այստեղ ծանոթացա ապագա կնոջս` Սեդայի հետ: Հաջորդ 2 տարիների ընթացքում մասնակցեցի Լիբանանում ընթացող քաղաքացիական կռիվներին: 80 թվականի գարնանը դարձա ԱՍԱԼԱ-ի մարտիկ: Մասնակցեցի ԱՍԱԼԱ-ի մի շարք գործողությունների, որոնցից ամենահայտնին “ՎԱՆ” գործողությունն էր, երբ մի քանի տղաներով ներխուժել էինք Փարիզում գտնվող թուրքական դեսպանատուն: Ապա սկսվեց անվերջ ձերբակալությունների մի շրջան: Ի վերջո, բազմաթիվ բանտերից ազատվելով, 91-ին եկա Հայաստան: Հայաստանն այդ ժամանակ ահավոր վիճակում էր…: Հասկանալով, որ չեմ կարող ոչինչ փոխել նյութապաշտության մեջ գտնվող Երևանում, ուժերս ուղղեցի դեպի Արցախ: Արցախից էր կախված ամբողջ Հայաստանի ապագան: Տեղափոխվեցի Արցախ: 91-ի վերջում անցա Շահումյանի շրջան ու 3 ամիս կռվեցի այնտեղ: Հետո հասկացա, որ էս արցախյան գոյամարտի ամենաճակատագրական ժամանակահատվածն էր: Հետո արդեն կռվեցի Քելբաջարում, տեղափոխվեցի Մարտունու շրջան:

93-ի հունիսի 12-ն էր: Կեսօր: Մոնթեի Տղերքը կռվում էին Ֆերզուլի գյուղի մոտ: Մարտական ընկերոջ` Կոմիտասի հետ մեքենայով շտապում էր հասնել ընկերներին: Հեռվում մի զրահամեքենա երևաց: Նրանց թվաց, թե հայերն են, բայց ըստ վարկածների թուրքերն էին…»

Կապրենք… ու երբ էլ չենք լինի մենք,

Մեր երգը կապրի սերնդէ-սերունդ.

Կապրի … ու կը յիշեն նրանք մեզ,

Եւ ժպիտը կը յորդի նրանց շուրթերից,

Իսկ թէ չլինի ժպիտն էլ նույնիսկ,

Թող արցունքը չհոսի նրանց աչքերից:

 

Facebook սոցցանցի օգտատեր Առաքել Սեմիրջյանը գրառում է կատարել «Թե ինչպես Մոնթեն եկավ Հայաստան» վերնագրով:

Շատ է գրվել Մոնթեի հերոսությունների ու սխրագործությունների մասին, սակայն քչերը գիտեն թե ինչպես Մոնթեն հայտնվեց Հայաստանում: Ռազմական գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Մոնթեն ահաբեկչության համար Լիբանանում բանտարկվելուց հետո, այդ երկրից վտարվում է Ֆրանսիա, որն էլ չցանկանալով իր երկրի տարածքում ունենալ «ահաբեկիչ» փորձում է Մոնթեին վտարել մեկ այլ երկիր, որպեսզի «գլխացավից» ազատվի ու քննարկվում է Մոնթեին որևէ երրորդ երկիր (Աֆղանստան կամ Աֆրիկա վտարելու հարցը), որտեղ Մոնթեի երկար կյանք չէր ունենա: Ֆրանսահայության շրջանակներում քչերն էին ցանկանում առնչություն ունենալ Մոնթեի հետ, սակայն Ֆրանսիայում ապրող գրող-հրապարակախոս Զուլալ Կազանջյանը ամեն ինչում փորձում է աջակցել երիտասարդ հային, ով նոր էր դուրս եկել բանտից և նրան սպասվում էր երկրից արտաքսում: Այդ նույն ժամանակահատվածում, բուժման նպատակով Ֆրանսիայում է գտնվում ՀՀ Գերագույն Խորհրդի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նոր էր ընտրվել այդ պաշտոնին: Մոնթեին Հայաստան վերադառնալու խնդրանքով Զուլալը դիմում է Տեր-Պետրոսյանին, իսկ նա էլ խոստանում է կազմակերպել այդ գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդային Միությունը դեռ փլուզված չէր ու Մոնթեն որպես ահաբեկիչ հետախուզվում էր ՍՍՀՄ ՊԱԿ-ի կողմից, որոշում են Մոնթեին գաղտնի կերպով բերել Հայաստան ու քանի որ Ֆրանսիան պահանջում էր ընդունող երկրի պաշտոնական հրավերը՝ Հայաստանում գործով Գթության Ֆոնդի կողմից հրավեր են պատրաստում և ուղարկում ֆրանսիական կողմին, որ Հայաստանը կարող է ընդունել «ահաբեկչին» ով իր պատիժը կրել է Լիբանանում…

Ես այս պատմությունը ամբողջությամբ գիտեմ, թե ինչպես է Մոնթեն հասնում Հայաստան, որտեղ է պահվում, որպեսզի ԿԳԲ-ն չկարողանա նրան հայտնաբերել ու ինչպես է հայտնվում Արցախում, սակայն դեռ ժամանակը չէ այս մասին գրելու, որովհետև Մոնթեի վերադարձը կազմակերպողները դեռ ողջ-առողջ են /բացառությամբ երջանկահիշատակ Զուլալի/ ու անհրաժեշտության դեպքում նրանք կանդրադառնան այս հարցին, իսկ ես պարզապես ուզում եմ խնդրել մեր պատմաբաններին ու վերլուծաբաններին մի փոքր ավելի լավ ուսումնասիրեն նորագույն պատմությունը ու թույլ չտան պատմության այլասերում, որովհետև ըստ իս, միայն պատմական իրական փաստերի ներկայացումը կարող է ուղեցույց լինել մեր ապագայի համար:

Լուսանկարում՝ Մոնթեն կնոջ՝ Սեդայի հետ 

Նախորդ հոդվածը‘Ճապոնացի գեղասահորդը աշխարհի ռեկորդ է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘«Միսս Մոլորակ-2012». հաղթել է գեղեցկուհին Չեխիայից. Գեղեցկուհիների ֆոտոսեսիան լողազգեստներով (ֆոտոշարք)’