‘Անդրանիկ Մարգարյան. Ես երթուղային գիծ չունեմ, բայց տղաս ունի (տեսանյութ)’

3547

Լրագրող, Armday.am կայքի գլխավոր խմբագիր Արմեն Դուլյանը գրում է.

«Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների առջեւ հայտարարեց բառացիորեն հետեւյալը.

«Վստահեցնում եմ՝ ես գծատեր չեմ, խոսակցությունները, թե Ավանի երթուղիները իմն են, այդպես չէ՝ կարող են փաստերը ֆիքսել: Դրանք հերյուրանքներ են եւ շահարկումներ»: Այս առիթով հիշեցի, որ մի քանի տարի առաջ Տարոն Մարգարյանի հայրը՝ այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանում, եւ իմ գործընկերների հետ միասին, այլ հարցերի թվում, ես կոնկրետ հարց ուղղեցի հարգարժան վարչապետին՝ Դուք երթուղային գիծ ունե՞ք: Նախկին վարչապետը պատասխանեց՝ «Ես չունեմ, բայց տղաս ունի: Ինչ որ կա՝ գաղտնիք չի, ես չեմ ասել, որ տղաս բիզնեսով չի զբաղվում՝ զբաղվում է»: Սա ասված է 2006 թվականի դեկտեմբերի 29-ին: Այն ժամանակ վարչապետի որդին, հիշում եք, Ավանի թաղապետն էր: Նշանակո՞ւմ է, արդյոք, սա, որ Տարոն Մարգարյանը հիմա էլ երթուղային գիծ ունի եւ շարունակում է զբաղվել բիզնեսով: Ամենեւին: Դա եղել է մի քանի տարի առաջ, միգուցե հիմա ամեն ինչ փոխվել է: Պարզապես անհասկանալի է քաղաքապետի երեկվա կտրուկ պատասխանը՝ սա հերյուրանք է եւ շահարկում: Եթե իրոք հիմա ամեն ինչ փոխվել է, մի՞թե չէր կարելի հանգիստ ասել լրագրողներին՝ «Ձեր տեղեկությունները պարզապես հնացած են: Այո, ժամանակին ես երթուղային գիծ ունեի: Բայց հետո ես այդ երթուղայինը վաճառել եմ, նվիրել եմ, բարեգործություն եմ արել ու փաստաթղթերն ունեմ, վաղը ցույց կտամ»: Չէ՞ որ բոլորս շահագրգռված ենք մի բանում՝ որ պաշտոնյան հնարավորինս մեծ վստահություն ու հեղինակություն վայելի: Դրանում շահագրռված է հասարակ քաղաքացին, մեր ողջ հանրությունը, բայց առաջին հերթին՝ դրանում պետք է շահագրգռված լինի հենց ինքը՝ պաշտոնյան»:

Նույն թեմայի շուրջ, այլոց թվում, Արմեն Դուլյանը խոսում է նաեւ «Կենտրոն» ՀԸ «Անցում Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի ընթացքում: Այստեղ նա ներկայացնում է լուսահոգի վարչապետի հետ զրույցից մի հատվածի ձայնագրությունը: 

Դիտել 5:00-ից սկսած

Նախորդ հոդվածը‘Անկախ իրենից՝ դարձել է բիոզուգարանի մամուլի խոսնակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով’