‘Անդրես Ինյեստայի՝ Բարսայում անցկացրած 10 տարիների 10 լավագույն պահերը ‘

774

Կատալոնական Mundo Deportivo օրաթերթը Անդրես Ինյեստայից խնդրել է, որպեսզի նա ներկայացնի ակումբում անկացրած իր 10 տարիների ընթացքում 10 լավագույն պահերը, ըստ նրանց կարևորության:

10.  Տարօրինակ է, բայց այս տարվա սեպտեմբերի սկզբին ՈՒԵՖԱ-ի կողմից ստացած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակն այս աղյուսակում Անդրեսը տեղադրում է 10-րդ հորիզոնականում: Չնայած Ռոնալդուի և Մեսսիի առկայությանը, եվրոպացի լրագրողները հենց նրան ճանաչեցին տարվա լավագույն խաղացող՝ հաշվի առնելով հիմնականում հավաքականի կազմում անցկացրած փայլուն Եվրո 2012-ը: Սեպտեմբերի երկուսին «Վալենսիա»-ի դեմ խաղից առաջ, նա իր կնոջ` Աննայի և դստեր` Վալերիայի ուղեկցությամբ, մրցանակով կիսվեց հարազատ ակումբի երկրպագուների հետ:

9. 2009-ի մայիսի 2-ին կատալոնացիները անցկացրին իրենց պատմության լավագույն հանդիպումներից մեկը, հյուրընկալվելիս 2-6 հաշվով ջախջախելով «Ռեալ Մադրիդ»-ին: Հանդիպումից առաջ մադրիդցիները վստահ էին, որ կկարողանան հաղթել Բարսային և խանգարել ձևակերպել իրենց պատմության մեջ առաջին տիտղոսների “տրիպլետ”-ը: Ինյեստան, ինչպես և ամբողջ թիմը, հիանալի ներկայացում տվեց «Բերնաբեուում»:

8. Իր առաջին գոլը «կապտանռնագույնների» կազմում: Ինյեստան այդ գոլը հեղինակեց 2004-ի հունվարի 14-ին «Կամպ Նոու»-ում տեղի ունեցած Իսպանիայի գավաթի «Լևանտեի» դեմ խաղում: Գոլը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ Անդրեսը ուղղակի այն խլեց Խավիեր Սավիոլայի ձեռքից, բայց հետագա տարիների ընթացքում Ինյեստայի ցուցադրած խաղից պարզ է դառնում, որ նա այդպիսի ֆուտբոլիստ չէ:

7. «Ուեմբլիում» հերթական նվաճումը կատալոնացիների կողմից 2011-ի մայիսի 28-ին: Այդ գավաթը դարձավ 4-րդը կատալոնացների համար եվրոպական ամենախոշոր մրցաշարում: Այդ խաղը երևի թե բոլոր հաղթանակած եզրափակիչներից ամենախաղաղն էր կատալոնցիների համար, որով Գվարդիոլայի սաները ամրապնդեցին իրենց «տիկի-տակա»-ի գերիշխանությունն ամբողջ Եվրոպայով: Ինքը՝ Ինյեստան, փայլուն հանդիպում անցկացրեց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

6. 2006-ին «Արսենալ»-ի դեմ փարիզյան եզրափակիչը ստիպեց տառապել բոլոր «կուլեներին» և հատկապես Ինյեստային: Ֆրանկ Ռայկարդը, հակառակ բոլոր մասնագետների պնդումներին, դաշտ դուրս եկավ երկու վառ արտահայտված հենակետայինների՝ Էդմիլսոն-Վան Բոմմել զույգով, պահեստայինների նստարանին թողնելով նոր վնասվածքից ապաքինված Չավիին ու ևս մեկ «կանտերանո»՝ Ինյեստային: Դժվար դասավորվող հանդիպումը փրկեցին փոխարինման դուրս եկած երեք ֆուտբոլիստները` Բելլետտին, Հենկե Լարսոնը և Անդրես Ինյեստան, ով ամբողջովին տիրեց դաշտի կենտրոնին` ստվերում թողնելով թե Ռոնալդինյոյին, թե Դեկուին: Հենց Ինյեստան սկսեց Բարսայի առաջին պատասխան գոլի գրոհը: Միայն այս հանդիպումից հետո Ռայկարդը սկսեց 22 ամյա Անդրեսին դիտարկել որպես հիմնական կազմի լիարժեք խաղացող:  

5. Եվս մեկ ՉԼ-ի եզրափակիչ. այս անգամ Հռոմում, 2009-ի մայիսի 27-ին «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ: Բարսան այդ հանդիպմանը մոտեցավ բազմաթիվ կորուստներով, և մինչև վերջին պահը պարզ չէր՝ դուրս կգա՞ Անդրեսը հիմնական կազմում, թե ոչ: Ինյեստան «Վիլյառեալ»-ի դեմ ստացած անիմաստ վնասվածքի պատճառով հավակնում էր բաց թողնել Գվարդիոլայի թիմի առաջին մեծ եզրափակիչը: Հանդիպումը Տեվես-Ռունի-Ռոնալդու եռյակը փայլուն էր սկսել, և միայն Ինյեստայի սկսած գրոհը, որը գոլով ավարտեց Սամուել Էտո’օն, փոխեց խաղի ընթացքը և օգնեց կատալոնացիներին հաղթանակով ավարտել այն: Խաղից առաջ Անդրեսին բժիշկները խորհորդ էին տվել չնետվել պայքարի մեջ և ուժեղ չհարվածել գնդակին, բայց Ինյեստան պնդում է, որ եթե նորից կրկնվի այդ իրավիճակը, նա նորից դուրս կգա խաղադաշտ:

4. Կատալոնացիները Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ երկար հինգ տարվա ընդմիջումից հետո նվաճեցին իրենց առաջին մրցանակը, 2005-ի մայիսի 14-ին «Լևանտե»-ի դեմ արտագնա խաղում: Այս մրցանակը նաև առաջինն էր Ինյեստայի համար, ով այդ մրցաշրջանում խաղաց եզրայինից մինջև հենակետային կիսապաշտպանի դերում:

3. 2009-ի մայիսի 6-ին երբ արդեն Գվարդիոլան հասցրել էր շնորհավորել այդ ժամանակվա  «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, Ինյեստան, ով երբեք լավ հարվածի չի տիրապետել, որոշեց «փչացնել» ամեն ինչ, և աջ ոտքի հարվածով, որը առաջինն էր կատալոնացիների կողմից այդ երեկո, դուրս բերեց իր թիմին եզրափակիչ: «Բարսելոնայի» պատմության ընթացքում այս գնդակին իր կարևորությամբ կարելի է մոտ համարել միայն Բակերոյի 90-րդ րոպեին գլխով խփած գոլը «Կայզերսլաուտերնի» դեմ, որը դուրս բերեց Բարսային, «Սամպդորիայի» դեմ եզրափակիչ:

2. «Կամպ Նոուում» իր դեբյուտը 2003-ի հունվարի 6-ին «Ռեկրեատիվոյի» դեմ Ինյեստան ավելի բարձր է դասում, քան նույնիսկ «Չելսիի» դարպասն ուղարկած իր պատմական գոլը: Վան Գաալը նրան վստահեց մեկնարկային կազմում, որտեղ Ինյեստան դարձավ Ռոշեմբակի գոլի փոխանցման հեղինակը:

1. Ամենակարևոր իրադարձությունը Անդրեսը համարում է հենց իր դեբյուտը առաջին թիմի կազմում, որը տեղի ունեցավ 2002-ի հոկտեմբերի 29-ին, ՉԼ-ի խմբային փուլում «Բրյուգեի» դեմ: Այդ ժամանակ Վան Գաալի թիմը խայտառակ արդյունքներ էր գրանցում ներքին առաջնությունում, բայց ի տարբերություն դրա, ՉԼ-ում փայլուն էր հանդես գալիս և ժամանակից շուտ էր լուծել խմբից դուրս գալու հարցը: Հենց դա հաշվի առնելով՝ հոլանդացի մարզիչը դեբյուտի հնարավորություն տվեց մի շարք երիտասարրդների, որոնց թվում էր նաև Անդրես Ինյեստան: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Խուան Ռոման Ռիկելմեն, ում Անդրեսը համարում է իր լավագույն «ուսուցիչներից» մեկը:

 

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդեւ. Ստալինը պատերազմում էր սեփական ժողովրդի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Իրավապահներն արհամարհում են Սերժ Սարգսյանին ‘