‘
Սիվիլիթաս հիմնադրամն այսօր, հոկտեմբերի 10-ին, տարածել է հայտարարություն, որում մեղադրում է իրավապահ համակարգը իր աշխատակիցներին հետապնդելու համար: iLur.am-ը ներկայացնում է հայտարարությունը ամբողջությամբ.
«Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ և «սրտացավությամբ» հետևում են Սիվիլիթասի աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչև տուն։
Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որևէ կերպ չի տեղավորվում կառավարական որևէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել Սիվիլիթասի աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։
Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»։
‘