‘Աշոտյանն առաջարկում է մոնոպոլիզացնել դրսում սովորելու համար բանակից տարկետման կարգը’

1069

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշման նախագիծ է ներառել Կառավարության վաղվա նիստի օրակարգ, որով նախատեսվում է դրական եզրակացություն տալ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Ըստ օրինագծի`  պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին բանակից տարկետում կտրամադրվի անհատական կարգով` ՀՀ կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով:

Մինչ այժմ գործող կարգով ուսանելու համար տարկետում է տրվում առանց որեւէ կարգի եւ պայմանագրի: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ, ըստ վիճակագրության, ուսումը արտասահմանյան բուհերում շարունակելու նպատակով տարկետում են ստանում գերազանցապես արական սեռի ներկայացուցիչները, «որն էլ, իր հերթին, խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»:

Նշենք, որ Արմեն Աշոտյանն արդեն իսկ վաղվա նիստում մեկ այլ նախագծով կառաջարկի շուրջ 30 երիտասարդի տարկետում տրամադրել:  

Կարելի  արձանագրել, որ, ըստ էության, առաջարկվող օրինագիծը չի լուծում իր առջեւ դրված խնդիրը` նվազեցնել ծառայությունից խուսափող «ուսման ծարավների» քանակը, քանի որ որոշակի մարդիկ, ամեն դեպքում, թեկուզ` ավելի բարդացված եւ միջնորդավորված կարգով, տարկետում կստանան: Մյուս կողմից՝ չեն նվազում նաեւ կոռուպցիոն ռիսկերը, քանի որ հայտնի չէ, թե հայրենի կառավարությունն ինչ չափանիշներ պետք է ընտրի այս կամ այն քաղաքացուն տարկետման իրավունք շնորհելիս: 

Նախորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը ոչինչ չի խանգարում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները շոշափել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր’