‘Երևանում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները շոշափել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր’

899

2013 թ. դեկտեմբերի սկզբին Երևանում հանդիպման ժամանակ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն շոշափել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Դավութօղլուն նույն դիրքորոշումն է հայտնել, որը 4 տարի առաջ ուներ: «Սակայն, Հայաստանն առաջվա պես հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում նախապայմաններ չպետք է լինեն»,-հայտարարել է նախարարը: Միաժամանակ նա ընդգծել է, որ թեև Անկարան ձևացնում է, թե նախապայմաններ առաջ չի քաշում, իրականում մի շարք հարցեր որպես նախապայմաններ է օգտագործում: 

Նալբանդյանը նաև խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվելու են, քանի որ դրանք այլընտրանք չունեն, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները`ուժի կամ դրա սպառնալիքի չգործադրման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, բանակցությունների սեղանին են գտնվում: «Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը հաստատել է այդ սկզբունքներին իր կողմնակցությունը: Ադրբեջանական կողմը շարունակում է անտեսել ինչպես սկզբունքները, այնպես էլ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը»,- նշել է նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե բանակցային գործընթացի վրա ինչպես կանդրադառնա շփման գծում վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան` Նալբանդյանը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ: Նախարարը հաղորդել է, որ երկու օր առաջ հանդիպել է Արցախի իր գործընկերոջ հետ, ինչից հետո այդ առնչությամբ հայտարարություն է տարածվել ԶԼՄ-ների համար: «Իսկ երեկ հանդիպում է տեղի ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ, ինչից հետո ևս հայտարարություն է տարածվել, որ նման սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացում լրացուցիչ խոչընդոտների ստեղծմանը»,- նշել է Նալբանդյանը:  Նրա խոսքով, միջադեպի առնչությամբ համանման գնահատականով է հանդես եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

Նախորդ հոդվածը‘Աշոտյանն առաջարկում է մոնոպոլիզացնել դրսում սովորելու համար բանակից տարկետման կարգը’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան’