‘ Ապստամբները Սիրիայում քիմիական զենքի կիրառության 18 դեպք են արձանագրել’

604

Սիրիայի ընդդիմադիրները դեկտեմբերի 25-ին հայտարարել են, թե Սիրիայի կառավարությունն արդեն 18 անգամ ռազմական թունավոր նյութեր է կիրառել երկրի բնակչության դեմ, հաղորդում է lenta.ru-ն: Այդ տեղեկատվության համաձայն՝ գազը կիրառվել է Դամասկոսի արվարձաններում, ինչպես նաև Հոմս, Համա և Իդլիբ նահանգներում դիմադրությունը ճնշելու նպատակով: Ընդդիմության ներկայացուցիչ Լուայ Մուքդադի խոսքերով՝ կառավարական բանակը նոր թունավոր խառնուրդներ է կիրառում, որոնք լայն հանրությանը ծանոթ չեն:

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ նախնական տվյալներով՝ զինվորականները կիրառում են, այսպես կոչված՝ «Agent 15» գազը, որն առաջացնում է ժամանակավոր կուրություն, կաթված, սրտխառնոց, թուլություն և փսխում, սակայն սպանում է միայն չափազանց  մեծ խտության դեպքում: Սիրիացի գեներալ Ադնան Սիլլուն, որ մի քանի ամիս առաջ էր անցել ապստամբների կողմը, հայտարարել է, թե կառավարության տրամադրության տակ քիմիական զենքի «հսկայական» զինանոց կա, որը կարող է օգտագործվել ապստամբների և խաղաղ բնակչության դեմ: Նրա խոսքերով՝ ինքը մասնակցել է խորհրդակցությունների, որտեղ քննարկվել է այդ հարցը: Այնուհանդերձ, Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ անկողմնակալ հաստատումներ առայժմ չկան:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Ամանորին ճանապարհային ոստիկանը ուղևորին ապահով տեղ կհասցնի’