‘Առաջիկայում կուսումնասիրվեն վառելիքի, ավիացիայի և դեղորայքի շուկաները’

938

ՏՄՊՊՀ-ը համատեղ ուսումնասիրություններ կիրականացնի վառելիքի, ավիացիայի և դեղորայքի շուկաներում: Այդ մասին iLur.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ի մամլո ծառայությունից:

Այսուհետ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինները միմյանց կփոխանցեն ԱՊՀ տարածքում գործունեություն իրականացնող օրինախախտ խոշոր ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի շնորհիվ վերջինների գործունեությունն ու վարքագիծը մշտապես կգտնվի ԱՊՀ անդամ բոլոր երկրների մրցակցային մարմինների ուշադրության կենտրոնում:
Օրինախախտ տնտեսվարողների գործունեության վերահսկողության վերաբերյալ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա էր նաև խորհրդի անդամ, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ԱՊՀ անդամ մի քանի երկրներում մասնաճյուղային ցանցի միջոցով գործունեություն իրականացնող ընկերությունները բազմաթիվ են: Նման վերահսկողությունը թույլ կտա կազմել ռիսկային ընկերությունների ցուցակ, և մի երկրում օրինախախտ հանդիսացած տնտեսվարողի գործունեությունը խստորեն կվերահսկվի նաև այն պետությունների տարածքում, որտեղ վերջինը գործունեություն է իրականացնում:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նիստում հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով տարվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու հիմնական ուղղությունները: ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը նիստի ընթացքում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի ցուցանիշներն ու ձեռքբերումները բավականին տպավորիչ են և ուսանելի:
Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Վասիլի Ցուշկոն էլ հետաքրքրվել է հատկապես պետական գնումների ոլորտում Հայաստանի մրցակցային մարմնի ուսումնասիրություններով և նշել է, որ Հայաստանի հաջողված փորձը հիմք կհանդիսանա նման լայնածավալ ուսումնասիրություն սկսելու նաև իրենց երկրում:

ՌԴ մրցակցային մարմնի ղեկավարի առաջարկով որոշվել է ԱՊՀ անդամ երկրների մակարդակով համատեղ ուսումնասիրություն իրականացնել երեք կարևոր ոլորտներում, որտեղ ձևավորվող գնային քաղաքականությունն ու տնտեսվարողների վարքագիծը խնդրահարույց են համարել նիստին ներկա գրեթե բոլոր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Խոսքը վերաբերում է վառելիքի, դեղորայքի և ավիացիայի ոլորտներին:

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ուղարկել ծանրոցներ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը Իլհամ Ալիեւի «արագ հաղթանակի» մասին հայտարարությունը զավեշտալի է համարել’