‘«Առավոտ». Ինչո՞ւ է կառավարությունը լռում վարչապետի կնոջ՝ պատվիրակության կազմում լինել-չլինելու մասին’

901

«Առավոտը» իր այսօրվա համարում գրում է, որ այս տարվա հոկտեմբերի 30-ի թիվ 1054-Ա որոշմամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «ԱրմԹեք» համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն: Ցուցակում կա 21 անուն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, յուր կինը՝ Գոհար Սարգսյանը, հետո թվարկված են նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների պետեր և այլն: Նույն օրվա 1053-Ա որոշմամբ հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Տիգրան Սարգսյանը 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ 25 հոգի: Ու էլի պատվիրակության ցուցակը գլխավորում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, յուր կինը՝ Գոհար Սարգսյանը, հետո թվարկված են նախարարներ, փոխնախարարներ, վարչությունների պետեր և այլն:

Դեկտեմբերի 3-ի թիվ 1 197-Ա որոշմամբ վարչապետը չեղյալ է հայտարարել 1053-Ա և 1054-Ա որոշումները, այսինքն՝ ոչ ոքի չի գործուղել ոչ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սակայն նույն կառավարությունը դեկտեմբերի 6-ին «ավետեց», որ ս.թ. դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի աոաջին տեղակալ Կարինե Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք: 21-25 հոգու փոխարեն նշված է հինգ հոգու անուն: 1053-Ա և 1054-Ա որոշումներում հստակ արձանագրված է, թե պաշտոնատար որ անձի ծախսը որ աղբյուրը պիտի հոգա: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման մասին հաղորդագրությունում խոսք չկա ոչ վարչապետի կնոջ, ոչ նրա պատվիրակության կազմում լինել-չլինելու, ոչ էլ արվելիք կամ չարվելիք ծախսերի մասին:

Եթե վարչապետը մտադիր էր գործուղվել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապա հասկանալի չէ, թե ինչու է գործուղումից ընդամենը երեք օր առաջ չեղյալ հայտարարում գործուղման մասին մեկ ամսվա վաղեմություն ունեցող որոշումները և ինչու չկա գործուղման մասին գործող որոշում: Եթե մտադիր էր գործուղվել կնոջ ուղեկցությամբ, ապա հասկանալի չէ, թե այդ մասին որոշումներում հստակ գրած կառավարությունը ինչո՞ւ վարչապետի կնոջ մասին ոչ մի բառ չի գրում պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի վերջո, վարչապետին կարելի է մեղադրել շատ բաներում, միայն ոչ «անթափանց» աշխատելու մեջ: Կառավարության և գործադիր իշխանության տարբեր կառույցների աշխատանքը էապես թափանցիկ դարձավ հենց այս վարչապետի օրոք: Թափանցիկության կողմնակից մեր վարչապետը, սակայն, ոչ այնքան թափանցիկ ու հասկանալի որոշումներ է կայացրել և իրագործել: Ու առայժմ դեռ «հանելուկ» է՝ ինչո՞ւ է կառավարությունը առանց որոշման գործուղման ուղարկում ՀՀ վարչապետին ու պաշտոնատար այլ անձանց և լռում վարչապետի կնոջ՝ պատվիրակության կազմում լինել-չլինելու, արվելիք կամ չարվելիք ծախսերի մասին:

P. Տ. Գործուղման որոշման բացակայությունը կարծես անցողիկ է և «բարի» ավանդույթ մեր կառավարությունում: Օրինակ՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո՝ Իրաք, իսկ գործուղման 1095-Ա որոշումը վարչապետը կայացրել է նոյեմբերի 8-ին՝ գործուղումից 4 օր անց: Կամ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նոյեմբերի 26-29-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգ, իսկ գործուղման 7184-Ա որոշումը կայացվել է նոյեմբերի 29-ին՝ գործուղման ավարտից հետո:

Նախորդ հոդվածը‘Երևանի գլխավոր տոնածառը պատրաստված է 6000 ճյուղերից, 50 հազար լուսադիոդային սարքերից, որոնց երկարությունը 17 կմ’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը դատապարտել է Հս. Կորեայի հրթիռի արձակումը, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի հարցը’