‘Առաքել Սեմիրջյան. Բառերի և երևույթների սխալ ընկալում’

1955

Հայաստանում քչերն են հասկանում, որ ցանկացած բառ կամ երևույթ ոչ միայն ինքնին կարող է ճիշտ կամ սխալ լինել, այլ նաև ճիշտ կամ սխալ տեղ օգտագործվել: Իհարկե, բոլոր մարդիկ էլ գիտեն, որ բարությունը, ազնվությունը, անշահախնդրությունը, անկեղծությունը և այլն՝ դրական հատկանիշներ են, սակայն երբ փորձում ես բացատրել, որ կան դեպքեր, երբ այդ արժանիքները կարող են նաև դիտվել որպես բացասական հատկանիշներ` մարդկանց մեջ ներքին կոնֆլիկտ է սկսվում:

Վանո Սիրադեղյանը ժամանակին որոշ մարդկանց  բնութագրել էր որպես «ազնիվ քյարփինջ»՝ նկատի ունենալով, որ եթե ազնվությունը չի զուգորդվում նաև խելքով` կարող է օգտագործվել չար նպատակներով, ու այդ դեպքում ազնիվ մարդը շատ ավելի վտանգավոր է դառնում, քան անազնիվը:

Ամենակարևորը` բնութագրող բառերը ճիշտ տեղում օգտագործելն է, ու Հայաստանում հիմնական խնդիրներն էլ առաջ են գալիս հենց այսպիսի սխալից:

Պատկերացրեք`ճակատամարտի ժամանակ ՝բարի զինվոր, ով, խղճի խայթից ելնելով` հրաժարվում է կրակել թշնամուն: Այդ բարի զինվորն իր «բարության պատճառով» ոչ միայն ինքը կյանքից կզրկվի, այլ նաև իր ընկերների կյանքը վտանգի կենթարկի: Այսինքն՝ կան դեպքեր, որ բարության արդյունքը ոչ թե դրական, այլ բացասական է լինում: Կամ` պատկերացրեք ազնիվ հետախույզ: Հետախույզը կարող է ազնիվ լինել միայն իր պետության առջև, իսկ երբ նույն հետախույզը ազնիվ եղավ իր հետախուզական հանձնարարությունը կատարելիս, նա պետության գաղտնիքները կտրամադրի թշնամուն ու վտագի կենթարկի մի ամբողջ երկիր: Կամ` պատկերացրեք անկեղծ դիվանագետ: Հերիք է՝ դիվանագետը անկեղծանա բանակցող երկրի առջև, և ահա`«պրավալները» պատրաստ են:

Նույնն էլ պատկերացրեք տնտեսական հարթության մեջ. օրինակ` անշահախնդիր գործարար: Ինքնին՝ անշահախնդրությունն  արժանիք է, բայց հենց գործարարը դարձավ անշահախնդիր, իմացեք` տվյալ բիզնեսը կործանված է:

Ասածս այն է, որ երևույթներն ու մարդկանց միանշանակ պետք չէ գնահատել, իսկ քաղաքականությունն ու կյանքն էլ ուղղահայաց հարթության վրա դրված բաներ չեն, որ որոշակի անվանումներով կարողանաս գնահատել: Ամեն ինչ պետք է դիտվի կոնկրետ դեպքի համար և կոնկրետ պայմաններում:

Բացելով ընկերոջս՝ Հրանտ Տեր-Աբրահամյանի այն դիտարկումը, թե հայ հասարակության մի մասը միայն վերջերս է գիտակցել, որ երեխաներին արագիլները չեն բերում, ոչ էլ կաղամբի միջից են հայտնաբերվում, եւ որ դրան նախորդել են որոշակի գործընթացներ, կուզենայի մի փոքր բան ավելացնել: Հնարավոր է` մարդը շատ ազնիվ է, հնարավոր է` նաև շատ բարի, անկեղծ ու անշահախնդիր, սակայն երբ նա պահանջում է, որ երեք տարեկան երեխային ամենայն մանրամասնությամբ բացատրես, թե ինչպես են իրականում մարդիկ լույս աշխարհ գալիս, այլապես` նա քեզ մեղադրում է անազնվության մեջ, դու էլ ես համոզվում, որ այդ մարդը երեք տարեկան երեխայից շատ բանով չի տարբերվում: Իսկ երբ այդպիսի հարց բարձրացնողն սկսում է քեզ մեղադրել այն բանում, որ ազնիվ չես, քանի որ երեխաներին խաբում ես՝ ասելով, որ նրանց արագիլներն են բերում, հասկանում ես, որ ամեն ինչ անհույս է, և ավելի լավ է դադարել նրանց որևէ բան բացատրել:

Քիչ չեն Հայաստանում այնպիսի մարդիկ, ովքեր մինչ այժմ հայտարարում են, թե Տեր-Պետրոսյանը չգիտեր Շուշիի ազատագրման մասին, քանի որ երբ նրան հարց էին տալիս այդ մասին, նա պատասխանում էր, որ Հայաստանը չի մասնակցում Արցախյան պատերազմին, և դա Արցախի ժողովրդի խնդիրն է, որն էլ ունի Ադրբեջանից ինքնորոշվելու լիարժեք իրավունք:

Հիմա` ի՞նչ բացատրես այն մարդուն, ով պահանջում է քեզանից հայտարարել, որ կաղամբի միջից երեխաներին չեն հայտնաբերում: Կամ երբ ասում են` ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը Մարտի մեկին չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ: Արագիլի և Կաղամբի սիրահարներին ասեմ, որ երեք շրջանով շրջափակված ու տնային կալանքի մեջ գտնվող  մարդը «դժվար» կարողանար ազատվել շրջափակումից: Իհարկե, կաղամբասերները կարող են Ռեմբոյի, Ռոկիի ու Կոմանդոսի օրինակով հակափաստարկներ բերել և ինձ «ստախոս» հանել` ասելով, թե շատ մեծ ցանկության  դեպքում Տեր-Պետրոսյանը կհայտնվեր Մյասնիկյանի արձանի մոտ, սակայն այս պնդումից հետո ես անզոր եմ շարունակել խոսակցությունը:

Կամ՝ մեկ այլ պնդում. երբ Կոնգերսին մեղադրում են ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար՝ փաստարկ բերելով, թե ԲՀԿ-ն «փիսն» է, քանի որ մի քանի տարի առաջ եղել է կոալիցիայի մեջ:

Դեռևս կաղամբի և արագիլի ընտրության միջև տատանվող կամ էլ ճշմարտությունը չասելու մեջ մեղադրող ազնիվ ու բարի ընկերներիս կարող եմ միայն  խորհուրդ տալ՝ ճաշիկը ժամանակին ուտել, տակը հնարավորինս քիչ թրջել, վտանգի ժամանակ մամային կամ պապային կանչել ու մեծանալ ուրախ ու երջանիկ բալիկներ…

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու բացառիկ հատկություններով է օժտված’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում նոր սկանդալ է պայթել՝ նախկին վարչապետի հետ կապված’