‘Ավանում գտնվող կրթարանում անչափահասներին ծեծում են, դեղեր խմեցնում եւ սովամահ անում. վկայում են բնակիչները’

848

Ավանի բնակիչները դիմել են Կաթողիկոսին, Ոստիկանապետին ու կրթության եւ գիտության նախարարին։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին,

ՀՀ Կրթության և Գիտության նախարար պրն. Ա.Աշոտյանին

Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ

Մխիթարյան երախտավոր հայրերի վաստակը և ներդրումը հայ իրականության մեջ մեզ հայտնի են հայոց պատմությունից ու մշակույթից: Անկախացումից հետո նրանցից ոմանց վերափոխված ու վտանգավոր գործունեությունը նկատելի եղավ նաև Հայաստանում:

Ոչ վաղ անցյալում էր, որ մխիթարյանները կարողացան հաստատվել նաև մեր թաղամասում՝ Ավան թաղամասի Թամրուչի-36 հասցեում, հիմնելով կասկածելի գիշերօթիկ հանրակրթական դպրոց: Բնակիչներիս ուշադրությունը գրավեց այն, որ արտաքինից սովորական թվացող դպրոցում սովորում են միայն 12-17 տարեկան տղա երեխաներ: Միջնադարյան թվացող այս սահմանափակումը, զարմացրեց ու անհանգստացրեց բնակիչներիս: Սակայն այդ ամենը չէր:

Փոքրիշատե ծանոթանալով դպրոցական կենցաղին` անմիջապես երևան եկավ այնտեղ տիրող տեր-Թոդիկյան բարքեր: Պարզվեց, որ Գնել անունով աշխարհիկ պաշտոնյան, վայելելով տնօրենի հովանավորությունը, իրեն համարում է ոչ միան դպրոցի, այլև ամբողջ թաղամասի վերակացուն: Չունենալով մանկավարժական որակավորում՝ վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն»  առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին՝ պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ:

Բացի այս, նաև կամայականորեն, առավոտյան որ ժամին ուզում է արթնացնում է աշակերտներին սոված ու ցրտին վազեցնում է, առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական ու առողջական վիճակը: Սակայն սա ամենը չէ…

Տնօրենը՝ ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն ստեղծում է արհեստական դժվարություններ՝ օգտվելով նրանից, որ աշակերտներն անապահով ընտանիքի երեխաներ են, նրանց դարձնում է փորձարարական լաբորատորիայի նմուշներ. երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության և ձեռք բերման մասին: Ստիպողաբար լցնում է երեխաների բերանները, և ստուգում՝ խմել են, թե՝ ոչ: Անհասկանալիորեն դպրոցականները պարբերաբար ստանում են վնասվածքներ և կոտրվածքներ: Համապատասխան բժշկական բուժում չստանալով դրանք դառնում են երեխաների խեղման պատճառ: Տնօրենը խուսափում է իրավապահ մարմիների հետ որևէ շփումից, թաքցնելով բոլոր դեպքերը, որովհետև այս բոլորը կատարվում է իր անփութության պատճառով: Քանի որ աշակերտների մեծամասնությունը սահմանամերձ շրջանների և Ջավախքի՝ հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են, տնօրենը աստվածային պատվիրանին հակառակ, թե «Պատվիր հորդ ու մորդ» ծնողների և երեխաների միջև կապը հասցնում է նվազագույնի:

Մեզ համար անհասկանալի է, որ 21–րդ դարում կալանավորների նման աշակերտներից վերցվում է բջջային հեռախոները, սահմանափակում է տեսակցության և հանգստի ժամերը, խիստ արգելում է դպրոցից երեխաների ելումուտը և շփումը թաղամասի բնակիչների և իրենց տարեկիցների հետ: Ծնողները պատշաճորեն չեն տեղեկանում իրենց երեխաների իրական կացության մասին, որը քողարկվում է կեղծ բարեպաշտությամբ:

Ժամանակները փոխվել են, սակայն Սերովբե վարդապետը մտովի տակավին ինկվզիցիայի և ինդուգելցաների ժամանակաշրջանում է ապրում: Հագնելով կաթոլիկ հոգևորականի սքեմ՝ իր ամբողջ «բարությամբ» հաճախակի պատժում է երեխաներին՝ ստիպելով, որ աղոթեն՝ այսպիսով հակակրանք առաջացնելով աղոթքի հանդեպ, որը մարդուն պետք է տար հոգեկան խաղաղություն և ներդաշնակություն, բայց այն ծառայեցնում է հոգիները խեղաթյուրելու համար, իսկ եթե աշակերտը չի գոհացնում իրեն ստիպում է, որ մերկ և ծնկաչոք աղոթի: Այս փուլերն ավարտելուց հետո այս «բարի վարդապետը» ուզած ժամանակ հեռացնում է ցանակացած երեխայի, առանց հաշվետու լինելու որևէ մեկին (ո՛չ իր վերադասին (եթե այդպիսիք կան), ո՛չ ԿԳ նախարարությանը և ո՛չ էլ ծնողներին): Եվ եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի և իրական կացության մասին ոչինչ չիմանան:

Կաթոլիկ վարդապետն իր կամավոր աղքատության և կուսակրոնության երդմանը «հավատարիմ», Տիգրանուհի անունով լիբանանահայ սիրուհու հետ վատնում է նաև դպրոցի համար նախատեսված գումարները, մոտ՝ ամսական 20.000 եվրո: Հետաքրքրականն այն է, որ որևէ մարմնի կողմից չի ստուգվում այս հանգամանքը: Այս երկուսի ցոփ և շվայտ կյանքը մեզ հիշեցնում է Բոկաչոյի հայտնի ստեղծագործության հերոսներին:

Մեր հպանցիկ այցելության ժամանակ նկատեցինք, որ կասկածելի է իրավիճակում է նաև հաստատության սանիտարահիգենիկ իրավիճակը: Հասունության տարիքում գտնվող երեխաները սնվում են թերի, և չի ստուգվում նաև կերակրի սննդարարությունը:

Հայր Սերովբե կոչեցյալը նպատակաուղղված գործում է ընդդեմ մեր ազգի՝ քողարկվելով Մխիթարյան վանականի և բարեպաշտ քրիստոնյայի անվան տակ բարոյազրկում և ստրկության ոգի է տարածում վերոգրյալ սահմանամերձ գյուղերի երիտասարդների և նրանց ընտանիքների մեջ: Եվ սա ամենը չէ. նա նաև ակնառու զբաղվում է հոգևորսությամբ՝ ոչնչով չտարբերվելով մորմոններից կամ Եհովայի վկաններից\’ իրենց ազգադավ ու քայքայիչ գործունեությամբ: Պետության կողմից տրված բանակից ազատման տարեկետում տալու իրավունքը ևս օգտագործում է ի չարս: Ում ուզում տալիս է փաստաթուղթ, որ իբր սովորում է կրթահամալիրում կամ Վենետիկում, որով ազատվում են այդ տղաները հայրենիքի առաջ իրենց սրբազան պարտքը կատարելուց (ինչո՞վ է տարբերվում եհովայի վկաններից, և արդյո՞ք այս «ծառայությունը» գումարային փոխհատուցում չունի):

Հարկ է նշել նաև, որ այս կաթոլիկ վանականը, լինելով օտարերկրյա քաղաքացի, բացահայտ անտեսում է նաև ՀՀ օրենքի տարրը: ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով, գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն:

Մենք անհանգստանում ենք մեր թաղամասի երեխաների ու այդ դպրոցում սովորող մեր զավակների ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության համար և խնդրում ենք մեր հոգևոր և աշխարհիկ բոլոր ղեկավարներին ձեռնարկել համապատասխան միջոցներ: Մեր թաղամասում գործող այս հաստատությունը և նմանատիպ կառույցներն ու նրանց ղեկավարները քայքայում ու պառակտում են մեր ազգը, և մենք ու մեր զավկները չենք ուզում դառնալ ապագայի նրանց զոհերը և նմանատիպ կառույցների գոյության պատճառով չենք ուզում ամայացնել մեր թաղամասը ու մեր հարազատ բնակավայրը:

Ավան թաղամասի բնակիչներ»։

Նամակը հասցեագրված էր Haynews.am-ին:

Նախորդ հոդվածը‘Պ. Հայրիկյան. Անհասկանալի է, որ ինքն իրեն բարոյական իրավունք է վերապահում ինչ-որ բան կոչ անել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փրկարարները պատրաստ են Վրաստանում միանալ լեռնագնացների որոնումներին’