‘
Բաշար Ասադի համոզիչ հաղթանակն ընտրություններում մոտեցրեց Սիրիայի հակամարտության ավարտը: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, ԵՊՀ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը` մեկնաբանելով Բաշար Ասադի հաղթանակը հունիսի 3-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում սիրիացի ընտրողների 88,7 տոկոսը (10,2 մլն) քվեարկել է ՍԱՀ գործող նախագահ Բաշար Ասադի օգտին, ով 14 տարի անընդմեջ կառավարում է երկիրը:
«Կասկած չկա, որ հերթական վստահության քվեից հետո, որը նրան տվեց Սիրիայի ժողովուրդը, Սիրիայում տևական հակամարտությունը կարգավորելու Ասադի հնարավորություններն զգալիորեն մեծացան: Մեծացավ նաև նրա լեգիտիմությունը, որի վիճարկումը` հերթական հաստատումից հետո, այսօր բավականին դժվար է թվում: Եվ այդ լեգիտիմությունը նրան լրացուցիչ ռեսուրս տվեց հակառակորդի դեմ պայքարում: Չէ որ մարդիկ կամավոր են գնացել ընտրության, քանի որ հոգնել են պատերազմից, երկպառակությունից, որը սերմանում են ընդդիմության շարքերը ներթափանցած ավազակային կազմավորումները` փորձելով այդ խառնաշփոթն օգտագործել սեփական շահերի օգտին», — նշել է նա:
Այդ լույսի ներքո, արաբագետի պատկերացմամբ, նախագահի ընտրությունները ցույց տվեցին սիրիացիների ճնժող մեծամասնության աջակցությունը Ասադի քաղաքական գծին, նրանց` խաղաղության, Սիրիայի վերականգնման գործընթացին ձեռնամուխ լինելու և պատերազմի հետևանքները վերացնելու ձգտումը: Հովհաննիսյանը համոզված է, որ ընտրությունների արդյունքները կարող են խթան դառնալ հակամարտության կարգավորումը ռացիոնալ հուն վերադարձնելու համար:
Միևնույն ժամանակ պրոֆեսորը տարակուսանք է հայտնել ընտրությունների արդյունքների առնչությամբ, նրա ասելով, իրականում, ըստ անկախ փորձագետների գնահատականների, Ասադի օգտին քվեարկել է բնակչության 65-70 տոկոսը, իսկ ԿԸՀ հրապարակած թվերը հեռու են իրականությունից: Այդուհանդերձ, Ասադի հաղթանակն արաբագետին թվում է անվիճելի: Իսկ ձայների մնացած տոկոսը պատկանում է այն մարդկանց, ովքեր կամ չեն քվեարկել, կամ գտնվում են Սիրիան բաժանող ճակատից այն կողմ:
«Ամեն դեպքում, Ասադի հաղթանակն առկա պայմաններում անայլընտրանք է: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրա հաղթանակը մոտեցրեցին նրա դեմ մարտնչող արմատականները: Արյունալի պատերազմի 4 տարվա ընթացքում մարդիկ հոգնել են դրանից և ավելի հաճախ են կարոտով հիշում այն ժամանակները, երբ ապրում էին անվտանգ և բարգավաճում էին: Ասադի ավտորիտար վարչակազմն` ինքն ապրում էր և մյուսներին էլ թույլ էր տալիս ապրել, բնականաբար, խաղի սահմանված կանոններով: Եվ այսօրվա ավերածության ֆոնին Ասադի կառավարման նախապատերազմյան տարիները սիրիացիներին գրեթե դրախտ են թվում», — ամփոփել է պրոֆեսորը:
‘