‘«Արագ արձագանքման խմբի» բացահայտումները ‘

958

2012թ հոկտեմբերի 7-9-ը բնապահպանության նախարարությունը կազմել է թույլատրված բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ 1 մլն 168 հազար դրամ վնասի հատուցման և 500 հազար դրամի վարչական տուգանքի վարույթ, հայտնում են բնապահպանության նախարարության մամլո ծառայությունից:

Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2012թ. հոկտեմբերի 5-ի հրամանի` ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի վերին շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներ պատահական ստուգայցեր կազմակերպելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Պողոսյանի գլխավորությամբ շուրջօրյա հսկողություն է սահմանվել Երևան-Սևան M4 և Երևան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհների վրա:
Խումբն արդեն աշխատանքներ է իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում:
Հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան M4 ավտոճանապարհի վրա իրականացվող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է.
«Զիլ» 09UO660 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 7 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ:
«Ֆորդ» 29ՏU923 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 4 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ:
«Զիլ» 57ԼՏ563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 6 մ/խ հաճարենի տեսակի կիսաչոր վառելափայտ:
Վերոնշյալ 3 ավտոմեքենաների վարորդները, չհամաձայնելով արձանագրություն կազմելու փաստի հետ, թողել են մեքենաներն ու հեռացել: Ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին:
Խմբի աշխատանքները շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘Սիրիական բանակը ծանր կորուստներ է կրել ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանի քաղաքացուն ‘