‘Արա Պապյան. Տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և դա Հայաստանի համար բնավ ցանկալի չէ’

1220

Տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և դա Հայաստանի համար բնավ ցանկալի չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Թուրքիայում հակահայկական միտումները զգալիորեն ավելացել են, բացի այդ, Պապյանի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված՝ է՛լ ավելի են ուժեղանալու հակահայկական տրամադրությունները: Դիվանագետը հայ-թուրքական հարաբերություններում որևէ բարելավում չի կանխատեսում:  

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Պապյանը նշեց, որ Սիրայում երկար ժամանակ ընթացող ներքին խժդժություններն անցյալ շաբաթ առաջին անգամ միջազգային դրսևորում ունեցան, երբ Իսրայելը ռմբակոծեց Դամասկոսի մերձակա ռազմական հետազոտությունների կենտրոնը և բեռնատարների ավտոշարասյունը:

«Սա լուրջ վտանգ է, որ ներսիրիական հակամարտությունը դառնա միջպետական բախում»,- նշեց Պապյանը:

Նա կանխատեսում է, որ քաղաքացիական անհնազադության դրսևորումներ կլինեն նաև Իրանում՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, Վրաստանում ևս, ըստ Պապյանի, անկայուն վիճակ է, և դեռևս կանխատեսելի չէ՝ ինչպիսի զարգացումներ կլինեն:

«Մեզ համար ամենակարևորը Ադրբեջանի իրավիճակն է: Այնտեղ Իսմայիլի քաղաքում ժողովրդական դժգոհություն եղավ, և սա որոշակի առանձնահատկություններ ուներ. այստեղ հիմնականում լեզգիաբնակ շրջաններ են: Ադրբեջանում հարաճուն ձևով ավելի հաճախակի են դառնում նման բաները, և Ադրբեջանում լարվածությունները ավելանալու են»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ տոտալիտար վարչակարգերը ներքին խնդիրները լուծելու համար պաատերազմ են սանձահարում:

Պապյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը նման ոտնձգություն անի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա դա Ադրբեջանի համար խիստ անկանխատեսելի հետևանքներ կունենա:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում քաղցկեղի ախտորոշմամբ ապրում է գրեթե 2,8 միլիոն մարդ’
Հաջորդ հոդվածը‘Նախաձեռնություն. Նժդեհը ֆիլմում ներկայացված է որպես տարրական ղզիկ (տեսանյութ)’