‘Արգենտինան՝ նոր «Բարսելոնա», Իսպանիան՝ առանց Չավիի եւ Անգլիան՝ 23 տարի անց. Տեսանյութ’

673

ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների շարքից շարունակելով ներկայացնել առավել ուշագրավ դիմակայությունները, նշենք Անգլիա – Բրազիլիան, որտեղ անգլիացիները վերջին 23 տարվա ընթացքում, 88 հազար հանդիսականների առջեւ առաջին անգամ հաղթեցին աշխարհի 5-ակի չեմպիոններին:

Եվրո-2012-ի համեմատ, Ռոյ Հոջսոնի թիմը բավական կերպարանափոխվել է եւ ավելի հարձակողական ու ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում: Բրազիլացիների հետ խաղում հենց անգլիացիներն էին ուժի դիրքերից խաղում եւ ունեին տարածքային եւ խաղային առավելություն: Գերազանց հանդիպում անցկացրեցին Ջերարդը, Ռունին, Ուիլշերը եւ Ուոլքոթը: Իսկ դարպասապահ Ջո Հարթի հերոսությունները կարող եք տեսնել տեսանյութում: Բրազիլացիների կազմում կարելի է առաձնացնել միայն 2-րդ խաղակեսում խաղադաշտ մտած Ֆրեդին: Իսկ ահա Նեյմարը ընդհանրապես ոչնչով աչքի չընկավ: Ինչպես եւ Ռոնալդինյոն:

Ընկերական հանդիպումներ 

Անգլիա – Բրազիլիա՝ 2:1

Ուեյն Ռունի, 26, Ֆրենկ Լեմպարդ, 60 – Ֆրեդ, 49

Աշխարհի ամենա-ամենան՝ Իսպանիայի հավաքականը ընդունել էր Ուրուգվայի հավաքականին: Չնայած իսպանացիների կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Չավին, բայց առանց նրա էլ իսպանացիները շարունակում են մնալ նույն հզոր թիմը: Այս խաղում էլ աշխարհի չեմպիոնները ոչ մի խնդիր չունեցան եւ վստահ հաղթանակ տարան՝ 3:1:

Իսպանիա – Ուրուգվայ՝ 3:1

Սեսկ Ֆաբրեգաս, 16, Պեդրո Ռոդրիգես, 51, 74 – Կրիստիան Ռոդրիգես, 32

Չնայած փետրվարի 6-ին բազմաթիվ ընկերական հանդիպումներ տեղի ունեցան՝ աշխարհի ուժեղագույն բոլոր թիմերի մասնակցությամբ, սակայն ամենամեծ տպավորությունը թողեց Արգենտինայի հավաքականը, որը Շվեդիայում ուժերը չափում էր Զլաթան Իբրահիմովիչի թիմի հետ: Արգենտինացիները խաղի ողջ ընթացքում գերազանց, արագ, կոմբինացիոն բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին: Տեղ-տեղ նրանց խաղաոճը հիշեցնում էր «Բարսելոնան»: Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան մեծ աշխատանք է կատարել, որի արդյունքներն արդեն երեւում են: Սաբելյային հաջողվել է այն, ինչը չէր ստացվում նախորդ մարզիչների մոտ՝ թիմային, կոմբինացիոն խաղում ճիշտ օգտագործել Լիոնել Մեսիի հնարավորությունները: Միանշանակ, Արգենտինայի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը կլինի:

Շվեդիա – Արգենտինա՝ 2:3

Յոնաս Օլսոն, 17, Ռասմուս Էլմ, 90+4 – Միկայել Լուստիգ, 3 (ինքնագոլ), Սերխիո Ագուերո, 19, Գոնսալո Իգուաին, 23

Նախորդ հոդվածը‘Գ.Սահակյան. Սերժ Սարգսյանը ժողովրդի նեղ զանգվածի հետ երբ հանդիպում է, ժողովրդական բառերով է խոսում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԴԾ-ն կասեցրել է սինթետիկ թմրանյութերի մատակարարմամբ զբաղվող հանցախմբի գործունեությունը’