‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները. Մաս 2’

1776

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ (ՄԱՍ ԱՌԱՋՒՆ)

Ինքնիշխանությունն ու դրա բառադիավարի մեկնաբանումը

Սեպտեմբերի 3-ից հետո սկսվեց պայքարը հանուն ինքնիշխանության, բայց ոչ թե ինքնիշխանության բովանդակային էության համատեքստում, այլ արտաքին քաղաքական կողմնորոշումների պրիզմայի միջով: Այս հարցի շուրջ գերիշխող տեսակետն այն է, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը Մաքսային միությանն անդամագրվելու հետևանքով, քանի որ այդ միությանն անդամագրվելով՝ Հայաստանն իր մաքսային քաղաքականությունը և որոշ այլ ինքնիշխան լիազորություններ զիջելու է  այդ կառույցին: Ճիշտ է, բայց նույնն էր նաև «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը» ստորագրելու պարագայում: Տեսականորեն՝ երկու դեպքում էլ ենթադրվում է ինքնիշխան լիազորությունների զիջում մեկ կամ մյուս վերպետական կառույցին:

Այսինքն՝ խնդիրը ոչ թե պետության ինքնիշխան լիազորությունները զիջելու մեջ է, այլ սուբյեկտի ընտրության: Շատ բարի, ինքս էլ նախընտրելի եմ համարում եվրոպական ինտեգրացիան, բայց նպատակը խնդրում եմ ճիշտ ձևակերպել, իրավիճակն ու ռեսուրսները ողջամտորեն գնահատել և կետ առ կետ հիմնավորել, թե ինչո՞ւ Եվրոպային կարելի է ինքնիշխանությունը զիջել, իսկ Ռուսաստանին՝ ոչ: Եվրամիությունն էլ, Մաքսային միությունն էլ տնտեսական և քաղաքական ինտեգրացման միավորներ են: Եվրամիության անդամ բոլոր երկրներն էլ իրենց ինքնիշխանության շատ ավելի մեծ մասը զիջել են վերպետական կառույցին՝ Եվրամիությանը, և կարծես՝ ոչ մի երկրում ազգային ազատագրական պայքար դեռ չի սկսվել: Հասկանալի է, որ Ռուսաստանը Եվրամիություն չէ, ու հենց սա էլ պետք է բացատրել՝ զուսպ, մասնագիտական հաշվարկներով ու առանց արհեստական պաթոսի. քաղաքական կամ քաղաքակրթական նախընտրությունները հայրենիքի փրկության էմոցիոնալ սոուսներով մատուցելը քաղաքացիական միտք ունեցող մարդկանց հարիր չէ: Նույն պաթոսով մեկ այլ խումբ հայրենիքը փրկում է այլասերված ամրևմուտքից, ազատ բարքերից ու կոսմոպոլիտ  գենդերապաշտներից: Դա զանազան «հայոց արծիվների» և այլ ռեակցիոն, իռացիոնալ խմբերի զենքն է, երբ բացակայում է  տրամաբանական փաստարկման բազան:

Հիմնահարցը ռացիոնալ դաշտում քննարկելու համար նախ հասկանանք, թե ի՞նչ ասել է «ինքնիշխանություն»՝ հպանցիկ անդրադառնալով պետության և իրավունքի մասին դասագրքային սահմանումներին: Այսպես, ինքնիշխանություն բառն առաջին անգամ օգտագործել է Ժան Բոդենը, և բառացիորեն նշանակում է գերագույն իշխանություն: Իսկ ո՞վ է այդ իշխանության կրողը: Դա էլ ինստիտուցիոնալ տեսքի է բերել Ժան Ժակ Ռուսոն իր «Հասարակական դաշինքում»՝ որպես որոշակի պետության մեջ բնակվող հավաքական հանրություն՝ ժողովուրդ: Ինքնիշխանը՝ սուվերենը, հենց ժողովուրդն է: Մարդն է օժտված գիտակցությամբ և կամքով: Պետության տարածքում ապրող քաղաքացին է իմաստավորում պետականությունն ու ինքնիշխանությունը՝ իր որոշումներով սեփական ճակատագիրը տնօրինելու միջոցով: Նա է ինքնիշխանության կրողը և իր անդամներից ընտրում է պատվիրակներ, որպեսզի իր անունից հանդես գան երկրի կառավարման ներքին հարցերում և արտաքին հարաբերություններում: Այստեղից էլ՝ սահմանադրական սկզբունքը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ որպես ամբողջական հավաքականություն: Հետագայում Շառլ Լուի Մոնթեսքյոն իր «Օրենքների ոգում» զարգացրեց ժողովրդի ինքնիշխանության գաղափարը՝ մշակելով իշխանությունների տարանջատման, նրանց միջև հակակշիռների ստեղծման և դատական իշխանության անկախության սկզբունքները՝ որպես երաշխիք, որ ժողովրդին պատկանող գերագույն իշխանությունը՝ սուվերենությունը, որևէ խումբ չկարողանա յուրացնել՝ չափից ավելի լծակներ ունենալով: Ժողովրդի ինքնիշխանության՝ այս սահմանումների վրա էլ հիմնված է այսօրվա առաջադեմ աշխարհի քաղաքական և իրավական համակարգը՝ առանց տերմինաբանական շփոթի և նոր հեծանիվներ հորինելու:

Ինչպես տեսնում ենք, ինքնիշխանություն և ժողովրդավարություն եզրույթներն անխզելիորեն փոխկապակցված են, և երկուսի անկյունաքարն էլ հանդիսանում է ընտրությունների ինստիտուտը: Ընդ որում՝ ինքնիշխանության ներքին բաղադրիչի առկայությամբ է պայմանավորված ինքնիշխանության արտաքին բաղադրիչը. այլ պետությունների հետ հանրության անունից հարաբերությունների մեջ կարող է մտնել միայն տվյալ հանրության կողմից ընտրված, նրա ներկայացուցիչը հանդիսացող իշխանությունը: Ներքին ինքնիշխանության կորուստը անխուսափելիորեն հանգեցնում է նաև արտաքին ինքնիշխանության կորստի, քանի որ դու, որպես հանրություն, զրկվում ես ընդհանրապես որևէ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու, ընտրություն կատարելու հնարավորությունից: Եթե իշխանությունը չի ընտրվում ժողովրդի կողմից, նա շահագրգռված չէ այնպես կառավարել, որ կրկին վերընտրվի, քանի որ նրա վերարտադրությունը կախված չէ ժողովրդի տված ձայներից: Իսկ այդ դեպքում նա կարող է իրեն թույլ տալ բացարձակապես ամեն ինչ: Հանրությունն ինքնիշխանությունից զրկվում է հենց այդ՝ ընտրելու հնարավորությունից զրկվելու պահից, իսկ արտաքին բոլոր դրսևորումներն ընդամենը ինքնիշխանության կորստի փաստի արձանագրում են: Մի հռետորական հարց՝ եթե վաղը Սերժ Սարգսյանը որոշի, որ ազատագրված տարածքները՝ Մեղրիի հետ միասին, հանձնում է Ադրբեջանին, լֆիկի «քաղաքացիական հասարակությունն» էլ ցույց անի ու գոռա՝ «մենք ուզում ենք խա-ղա-ղու-թյուն», ի՞նչ ենք անելու: Մարգանցովկա բրոնզից ու փայտյա ձողե՞ր: Թվում էր՝ սրանք տրիվիալ բաներ են, և տրամաբանական միտք ունեցող յուրաքանչյուր ոք պետք է հասկանար, բայց, ինչպես տեսնում ենք, մերօրյա՝ սոփեստության ժամանակներում անգամ պարզունակ ճշմարտությունները պետք է ֆիքսել:

 

Անցնենք մեր իրավիճակի նկարագրությանը և առկա փաստերին: Ըստ իս՝ ինքնիշխանության հիմնահարցի համատեքստում կա առնվազն երկու հիմնավորում, թե ինչու Սերժ Սարգսյանը չի կարող սկսել գործընթաց՝ Հայաստանը որևէ վերպետական կառույցի անդամագրելու ուղղությամբ. առաջին՝ բոլորս համաձայն ենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը չի ընտրվել հայ ժողովրդի կողմից, ուստի նրան չի ներկայացնում: Երկրորդ՝  նույնիսկ լեգիտիմ իշխանությունն իրավասու չէ առանց հանրային լայն քննարկումների, իսկ տվյալ դեպքում՝ նաև հանրաքվեի, որոշում կայացնել ժողովրդին պատկանող ինքնիշխանության առանձին տարրեր այս կամ այն վերպետական կառույցին զիջելու հարցում:

Սակայն այսօր «ինքնիշխանություն» բառը պատեհ-անպատեհ օգտագործողներից կարծես ոչ ոքի մտքով չանցավ, որ հայ ժողովրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանությունը կորսվել է ոչ թե այս կամ այն միությանն անդամագրվելու, այլ բոլոր առումներով ընտրություն կատարելու հնարավորությունից զրկված լինելու հետևանքով, իսկ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել ընդամենն ինքնիշխանության կորստի փաստի արձանագրում: Կարծես ոչ ոքի մտքով չանցավ նաև, որ ինքնիշխանության առանձին տարրերը զիջելու հարցում մենք որոշում չենք կայացրել ոչ միայն Մաքսային միության պարագայում, այլև Եվրաասոցացման: Երկու դեպքում էլ ոտնահարվել է մեր՝ սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանությունը: Երկուսն էլ հակասահմանադրական են: Եվ հենց այստեղ են դատողության ընթացքում թույլ տրված տրամաբանական սխալները. նախ, ինքնիշխանության կորուստն ու դրա վերականգնումը մեկնաբանվեց ոչ թե այն համատեքստում, որ Հայաստանի անունից ինչ-որ կիսաթաքուն գործընթացների մեջ է մտնում հայ ժողովրդին չներկայացնող սուբյեկտ, այլ որ վերոհիշյալ սուբյեկտն ընտրել է ոչ թե Երաասցացման ուղին, այլ մեկ ուրիշը: Տրամաբանական մտքի հաջորդ շեղումն այն է, որ պայքարի նպատակ է հռչակվել ոչ թե Եվրոպայի հետ ասոցացումը, այլ ինքնիշխանության կորստի կանխումը, մինչդեռ Եվրաասոցացումը նույնպես ենթադրում էր ինքնիշխանության նույն տարրերի՝ մաքսային իրավասությունների զիջում: Ինքնիշխանության գաղափարի այսպիսի մանիպուլյացիան որակազրկում է քաղաքական միտքը: Նորից կրկնեմ՝ ես չեմ նույնացնում Եվրամիության և Ռուսաստանի քաղաքակրթական մակարդակները: Շատ նորմալ է, որ մարդիկ պայքարում են հանուն եվրոպական արժեքների, բայց նորմալ չէ, երբ ինքնիշխանության գաղափարի մանիպուլյատիվ օգտագործմամբ ստրուկներ ու դավաճաններ են հռչակվում բոլոր նրանք, ովքեր Պուտինի դեմ ցույցի դուրս չեն գալիս:

Հաջորդ տրամաբանական սխալն այն է, որ Սերժ Սարգսյանին համարում են Ռուսաստանի դրածո: Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր Վիկիլիքս էլ են կարդացել: Հարկ չհամարելով մեջբերումներ կատարել այդ կայքից՝ պարզապես արձանագրեմ հանրությանը հայտնի փաստերի վերլուծության վրա հիմնված տրամաբանական մտահանգում, որը երևի արդեն հազար անգամ արվել է. անկախ նրանից, թե ո՛ր իմպերիան է Սերժ Սարգսյանին «դրել» իշխանության ղեկին, մնացած բոլորը ջանքեր են գործադրել նրան այդտեղ պահելու համար, որովհետև բացի մեզանից՝ նրա գլխավորած համակարգը ձեռնտու է բոլորին: Նա պատրաստ է առանց որևէ սահմանափակման զիջել և զիջում է մեր ազգային շահերը՝ ըստ նրանցից յուրաքանչյուրի կարիքների. արևմուտքին ազատում է ցեղասպանության ճանաչման գլխացավանքից և անխնա շահագործման է հանձնում երկրի բնական պաշարները, հյուսիսին զիջում է երկաթուղին, էներգետիկ նշանակության օբյեկտները և երկրի ստրատեգիական ենթակառուցվածքները: Հայաստանը դարձել է ռազմական ավար հյուսիսի և արևմուտքի միջև, իսկ Սերժ Սարգսյանն ու իր ռազմական խունտան Հայաստանին վերաբերվում են ինչպես թշնամուց գրաված տարածքի, որից պետք է վայրենաբար քամել բոլոր ռեսուրսները, քանի դեռ իրենց տիրապետության տակ է: Այս ամենից բխող տրամաբանական հետևությունն ինձ համար միանգամայն այլ է՝ այս մարդիկ ինչ-որ մեկի դրածոն չեն, այլ մեր հաշվին բոլոր արտաքին ուժերի շահերը սպասարկող սատրապներ:

Իսկ ինչպե՞ս վերականգնել ինքնիշխանությունը: Հարգելով բոլոր կարծիքները՝ թույլ տվեք լուրջ չվերաբերվել այն մտքին, որ շուրջ 50 տոկոս աղքատություն ունեցող երկրում հնարավոր է աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական կողմնորոշման հարցի շուրջ որևէ հանրային գործընթաց սկսել: Ով այլ բան է պնդում, ինչպես ասում են՝ հրապարակն ազատ է: Այս պայմաններում հանրային մոբիլիզացիա ապահովելու պոտենցիալ ունեցող միակ ընկալելի պահանջը կարող է լինել իշխանության փոփոխությունը, քանի որ աքսեոմատիկ ճշմարտությամբ՝ հազար անգամ ապացուցվել է նույն պարզունակ թեզը՝ այս համակարգի պայմաններում ոչ մի էական հարց չի լուծվելու: Եվ ընդհակառակը՝ բոլոր հարցերի լուծումը պայմանավորված է համակարգի փոփոխությամբ:

 

Սա, ըստ էության, միակ ընկալելի պահանջն է նաև արտաքին ինքնիշխանության վերականգնման հարցում: Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը խոցելի է արտաքին հարաբերություններում և անգամ մեծագույն ցանկության դեպքում ի վիճակի չէ պաշտպանելու հայ ժողովրդի ազգային շահերը. նա ունի հանրային զրոյական աջակցություն, փոշիացվել են ճնշումներին հակադրվելու բոլոր ներքին և արտաքին ռեսուրսները: Հայաստանը գնալով կորցնում է իր դիմադրողականությունը՝ դառնալով տնտեսություն չունեցող, հանքահումքի ու արտաքին տրանսֆերների վրա նստած երկիր՝ վերարտադրություն չապահովող, ծերացող և տարերայնորեն արտագաղթող բնակչությամբ: Մարդիկ զանգվածաբար թողնում են իրենց հողն ու ընտանիքներով ընդմիշտ հեռանում դեպի հետամնաց, բռնատիրական Ռուսաստանի հեռավոր երկրամասեր, իսկ դուք ասում եք՝ Թաի~թի, Թաի~թի… Ինքնիշխանությունը հենց այսպես են կորցնում:

Անշուշտ, այս իրավիճակում էլ կարելի է պահանջել, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հեռացվեն, ազգայնացվի ռուսներին պարտքի դիմաց տրված գույքը, ձեռքի հետ էլ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա թող անեն ցպահանջ հայրենասերներն ու առաջադեմ, ազատատենչ նվիրյալները: Իսկ մենք՝ պլեբեյներս, փորձենք այլ կերպ վարվել՝ հասնել ժողովրդի վստահությունն ունեցող իշխանության ձևավորմանը, որն ի վիճակի կլինի իր լեգիտիմության ուժով դիմակայել երկկողմանի արտաքին ճնշումներին և չզիջել ստրատեգիական ազգային շահերը: Ստեղծել իրական ժողովրդավարական ինստիտուտներ և մրցունակ տնտեսություն, որ, ո՞վ գիտի, գուցե մի օր ի վիճակի լինենք սեփական որոշմամբ ընտրություն կատարել մեր ուզած քաղաքակրթական արժեհամակարգին ինտեգրվելու՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետության քաղաքացիներ:

Հա, ժողովրդավարությա՛ն մասին…

Շարունակելի

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր.Բանակցություններին զուգահեռ ռուսական կողմը պարբերաբար բարձրացրել է գազի գինը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» խաբում են երիտասարդ բնակարանատերերին’